Թրամփը «կհիշի» ոչ թե Հայաստանը, այլ Սերժ Սարգսյանին ու նրա մերձավոր շրջապատը


Թրամփը «կհիշի» ոչ թե Հայաստանը, այլ Սերժ Սարգսյանին ու նրա մերձավոր շրջապատը

  • 29-12-2017 18:49:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը
 
- Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը, ՄԱԿ ասաբլեայի բանաձևը, որին կողմ քվեարկեց Հայաստանը։ Սա կբարդացնի՞ հայ-ամերիկյան հարաբերությունները։
 
- Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել էր, որ պաշտոնական Վաշինգթոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունն այնտեղ տեղափոխելու վերաբերյալ որոշումը ՄԱԿ-ում դատապարտած երկրների հանդեպ ԱՄՆ վերաբերմունքը կարող է բացասական դրսևորումներ ունենալ, այդուհանդերձ, չեմ կարծում, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակը էապես կտուժի ամերիկյան այդ որոշումը վիճարկող ՄԱԿ-ի բանաձևի օգտին քվեարկելու պատճառով: Ես անձամբ կնախընտրեի, որպեսզի Հայաստանը ձեռնպահ մնար այդ բանաձևի քվեարկությանը մասնակցելուց: Գտնում եմ, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը համարժեք չէ մեր ազգային շահերը վտանգող այսօրվա մարտահրավերներին և չի հիմնվում միջազգային գործընթացների մեզ համար բացասական զարգացումների կանխատեսման ու չեզոքացման սկզբունքի վրա, այլ բացառապես արձագանքող բնույթ ունի:
 
- Թրամփը հայտարարել էր, որ կհիշեն այն երկրներին, որոնք դեմ կքվեարկեն իրենց դիրքորոշմանը Երուսաղեմի հետ կապված։ Տեսակետ կա, որ Արցախը միակ կետն էր, որտեղ ԱՄՆ-ՌԴ առճակատում չկար, Երուսաղեմի քվեարկության պատճառով բալանսը կարող է խախտվել։ Համամի՞տ եք։
 
- ՀՀ պարագայում, հավանաբար, պարոն Թրամփը «կհիշի» ոչ թե Հայաստանը, որպես երկիր, այլ պարոն Սերժ Սարգսյանին ու վերջինիս մերձավոր շրջապատը, որպես վերոհիշյալ քվեարկության ժամանակ ամերիկյան շահերին դեմ կատարված ՀՀ ներկայացուցչի քեարկության նախաձեռնող-պատասխանատուների: Այսինքն՝ մեր պարագայում ամերիկյան «հիշաչարությունն», ամենայն հավանականությամբ, կունենա խիստ անձնավորված բնույթ: Ինչ վերաբերում է Արցախի հարցում ռուս-ամերիկյան միասնական դիրքորոշման գոյության հարցին, ապա կարող եմ ասել, որ այդ միակարծությունը վերաբերում է բացառապես «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևին, որն իր առավել մանրամասն նկարագիրն է ստացել «Մադրիդյան սկզբունքների» մեջ, մինչդեռ, որքան հասկանում եմ, նրանց միջև տարաձայնություններն անհաղթահարելի են լինելու, երբ գործը հասնի այդ ծրագրի կիրառման փուլին: Իրականում բալանս չի եղել և չի լինելու` ԱՄՆ և Ռուսաստանը, որպես ՄԽ համանախագահներ, իրենց ազգային շահերից բխող միանգամայն տարբեր մասշտաբի և ուղղվածության խնդիրներ են լուծում մեր տարածաշրջանում:
 
- Հայաստանը կարո՞ղ էր ձեռնպահ մնալ, չմասնակցել՝ այսպիսով չվտանգել հայ-իսրայելական և հայ-ամերիկյան հարաբերությունները։ Արդյոք Հայաստանի վրա ճնշո՞ւմ եղավ այս առումով։
 
- Արդեն ասացի, որ ինքս կնախընտրեի, որպեսզի Հայաստանը ձեռնպահ մնար ու չմասնակցեր քվեարկությանը, սակայն մեր երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու օղակներն ակնհայտորեն պատրաստ չեն արագորեն արձագանքել այս կարգի սրընթաց ու շրջադարձային բնույթ ունեցող միջազգային զարգացումներին: Տևական ժամանակ է, ինչ պնդում եմ, որ «Արաբական գարուն» կոչված երևույթը ժամանակին նախաձեռնվել է նաև Իսրայելի ու իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ միանգամայն նոր իրավիճակ ձևավորելու նպատակադրումով: Ընդամենը հաշված տարիների ընթացքում տապալվեցին Իսրայելի համար ռազմական լուրջ սպառնալիք ներկայացնող վարչակազմերն Իրաքում, Լիբիայում և Եգիպտոսում, իսկ Սիրիան ուղղակի հողին հավասարեցվեց: Այդ միջոցով ԱՄՆ-ի և Իսրայելի մասով ձևավորվեցին ուժի դիրքերից բանակցելու համար անհրաժեշտ միջազգային նոր միջավայրն ու պայմանները, և միանգամայն սպասելի էր պաշտոնական Վաշինգթոնի կողմից Երուսաղեմի հարցի այսօրինակ լուծումը: Պաշտոնական Երևանը հանդես չբերեց ոչ պատշաճ հեռատեսություն, և ոչ էլ օգտակար, մանևրելու հնարավորություն ապահովող դիվանագիտական ճկունություն:
 
- Արդյոք վտանգվա՞ծ է Երուսաղեմում հայկական ներկայությունը։
 
 
- Այս առումով շատ բան կախած կլինի տեղի հայկական հոգևոր իշխանությունների պահվածքից, նրանց քաղաքական հոտառությունից և առաջացող սպառնալիքներն արագ չեզոքացնելու ունակությունից: Հակված չեմ կարծելու, որ իսրայելական իշխանությունները շահագրգռված կլինեն  նեղացնելու կամ վերացնելու հայկական ներկայությունը Երուսաղեմում, եթե հայերն իրենց պահվածքով չսադրեն իրենց դեմ ուղղված հալածանքներ: Նոր իրավիճակը նաև տեղի հայությունից է նոր մոտեցումներ պահանջելու` հայ-հրեական և հայ-արաբական հարաբերություններում բարյացակամ հավասարակշռությունը և փոխվստահությունն ու հարգանքն ապահովելու համար:
 
- Հայ-իսրայելական հարաբերությունները, եթե վերջին շրջանում որոշակի դրական դինամիկա ունեին, այս քվեարկությամբ կսառեցվե՞ն։
 
- Չեն սառեցվի, բայց այժմ երկկողմ հարաբերությունների մակարդակում Իսրայելը հայկական կողմի հանդեպ որոշակի «բարոյական» առավելություն է ձեռք բերել, որը կարող է օգտագործել, օրինակ, նաև Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իր դիրքորոշումն արդարացնելու համար` շատ թիրախային կերպով կիրառելով «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» բիբլիական սկզբունքը: Ընդ որում, անգամ եթե որոշ ժամանակ անց Հայաստանն ուշացումով ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա վերջինիս համար այլևս չի լինելու Ցեղասպանությունը ճանաչելու համար որոշիչ գործոն, մինչդեռ այս հարցի շուրջ գուցե կարելի էր պայմանավորվելու փորձ կատարել նախքան ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձևի քվեարկությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play