Պետք է հույս ունենալ, որ հայ-թուրքական արձանագրությունները փակված էջ են


Պետք է հույս ունենալ, որ հայ-թուրքական արձանագրությունները փակված էջ են

  • 08-01-2018 15:05:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը

-Տիկին Հովհաննիսյան, հնարավոր է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը առաջադրվի 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ առաջադրումը ի՞նչ իրավիճակ է փոխում Թուրքիայում:
 
-Նախ, Աբդուլլահ Գյուլի առաջադրման վերաբերյալ երկար ժամանակ խոսակցություններ էին ընթանում, որ լավ կլինի, եթե նա համարժեք թեկնածու լինի, իսկ ինքը լռում էր։ Միայն վերջերս նա հրապարակայնորեն և շատ զգույշ իր թվիթերում դիտողություն արեց, որ երկիրը պետք է խորհրդարանի միջոցով կառավարվի, ոչ թե Էրդողանի կողմից վերահսկվող և ուղղորդվող դատական բարձրագույն խորհրդի։ Նա շատ զգույշ ձևով արեց դա, բայց իհարկե Էրդողանն անմիջապես արձագանքեց դրան՝ քար նետելով ոչ միայն Գյուլի, այլ նաև իր նախկին դաշնակից Բյուլենթ Առընչի բոստանը, որը նույնպես «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է։ Հիմա լրագրողական դաշտն այնքանով, որքանով հնարավոր է այսօրվա Թուրքիայում, ինչ-որ կարծիքներ արտահայտում է՝ նշելով, որ լավ կլիներ, եթե Գյուլը մտներ պայքարի մեջ 2019 թվականին։ Իհարկե, նրան ուզում են տեսնել որպես հնարավոր այլընտրանք Էրդողանին, բայց Գյուլն ինքը որևէ ցանկություն չի հայտնել առայժմ։
 
Իհարկե, եթե Գյուլը համարձակվեր մտնել քաղաքական դաշտ և կարողանար իր շուրջը համախմբել ոչ միայն Էրդողանի հակադիր ճամբարի մարդկանց, այլև հենց իշխող կուսակցության ներսում գտնվող դժգոհներին, դա կլիներ լուրջ այլընտրանք Էրդողանի թեկնածությանը։ Ընդ որում, Գյուլի թեկնածությունը ձեռնտու կլիներ նաև Արևմուտքին։ Արևմտյան մամուլն ու փորձագետները այդ հարցն ավելի ակտիվ են քննարկում, բայց առայժմ մենք որևէ ռեալ քայլ ցանկություն կամ քայլ Գյուլի կողմից չենք տեսնում։ Մինչև 2019 թվականի նոյեմբերը, երբ տեղի են ունենալու Թուրքիայի նախագահի ընտրությունները, դեռ ժամանակ կա, և գուցե ինչ-որ վերադասավորումներ լինեն, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը։
 
 
-Եթե Գյուլն իսկապես հաջողություն գրանցի ընտրություններում, դա որքանո՞վ կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ հենց նրա օրոք ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Հնարավո՞ր է՝ հայ-թուրքական հարաբերություններում բեկում լինի։
 
-Հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ դրանք փակված էջ են, և պետք է հույս ունենալ, որ դրանք իսկապես փակված էջ են, որովհետև արձանագրություններն այն տեսքով, որ տեսքով կան այսօր, նաև հաշվի առնելով այն գործընթացը, որն այդ արձանագրությունների հետ կապված տեղի են ունեցել, մեզ ձեռնտու չեն։ Մեզ համար շատ ավելի ձեռնտու է, իհարկե, վերականգնել այդ երկխոսությունը, բայց պետք է այդ արձանագրությունները դնել մի կողմ և սկսել նոր փուլ։ Եթե Գյուլի նման գործիչ գա իշխանության, կարող է պատահել այդ երկխոսությունը վերականգնվի, բայց դա դեռևս օդում կախված խոսակցություններ են։ Քաղաքականության մեջ պետք է նայել, թե ռեալ ինչ կա, իսկ ռեալ ոչինչ չկա։ Գյուլը չի առաջադրվել, չի հայտարարել նման ցանկության մասին, ինչո՞ւ մենք օդից եզրակացություններ անենք։ Համենայնդեպս, եթե համեմատենք Էրդողանին և Գյուլին, իհարկե, Գյուլը, որը նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացի փորձն ունի, հնարավոր է, որ Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատելու գործընթացում ավելի ձեռնտու լինի։ Որպես անձ՝ Գյուլը գուցե ավելի ճկուն է, բայց քաղաքական գործիչը, որն արտահայտում է իր երկրի շահերը, իսկ Գյուլն անկասկած իր երկրի շահերն է արտահայտելու, որը 2009-ին իրեն նման կերպ է պահել, Աստված գիտի 2019-ին իր երկրի շահերն ինչպես կներկայացնի։ Այնպես որ, չարժե հիմա սուրճի բաժակ նայելով գուշակություններ անել, պետք է ռեալ փաստերի վրա եզրակացություններ անել։
 
-Եթե 2019-ին Գյուլն առաջադրվի, ունի՞ հաջողություն գրանցելու ռեալ շանս՝ հաշվի առնելով, որ  քրդական կուսակցությունը ևս կարող է նրան աջակցել, նաև առկա մեծ դժգոհությունը Էրդողանից։
 
-Որպես անձնավորություն Գյուլն ավելի ճկուն է, ավելի հակված է երկխոսության՝ լինի հայ-թուրքական հարաբերություններում, քրդական հարցում ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Եթե հիշենք Գեզիի այգու հետ կապված իրադարձությունները, և Գյուլը, և Բյուլենթ Առընչը կոչ էին անում Էրդողանին ավելի ճկուն լինել, փորձել երկխոսել ընդդիմադիր ուժերի, ապստամբների հետ։ Գյուլն իրեն դրսևորել է որպես ավելի փոխզիջումների ու երկխոսության գնացող քաղաքական գործիչ, ի տարբերություն Էրդողանի։ Գյուլն ավելի հակված է բարդ խնդիրներում գնալ երկխոսության ու զիջումների, ավելի հեռու է կարծր դիրքորոշումներից։ Բայց նա առայժմ որևէ նշույլ անգամ ցույց չի տվել, թե ցանկություն ունի մասնակցել 2019-ի ընտրություններին։ Նա ընդամենը զգուշավոր քննադատությամբ է հանդես եկել, որին շատ խիստ արձագանքել են թե Էրդողանը, թե իշխանամետ լրատվամիջոցները։ Մինչև 2019 թվականը դեռ ժամանակ կա, և մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play