Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել կարտոֆիլագործների հետ


Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել կարտոֆիլագործների հետ

  • 05-02-2018 16:46:20   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն հանդիպել է  հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
 
 «Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է,  այն եկամտաբեր է, ունենք այս գործում  հմտացած  արտադրողներ,  և  մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը», - նշել է Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպման ընթացքում:
 
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով:  Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի  տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտևեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք  հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել և արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:
 
Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրևային ոռոգման համակարգի ներդրման և  նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում` կարևորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձևավորման  մեջ:
 
Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաև այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն