Հայաստանում փորձելով ծնկի բերել փաստաբաններին, ցանկանում են թաղել իրավապաշտպանությունը, մինչդեռ հետևանքները պետության ու բոլորիս համար կլինեն շատ լուրջ


Հայաստանում փորձելով ծնկի բերել փաստաբաններին, ցանկանում են թաղել իրավապաշտպանությունը, մինչդեռ հետևանքները պետության ու բոլորիս համար կլինեն շատ լուրջ

  • 06-02-2018 18:39:44   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
Դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ տուգանքի ձևով և ուղղակի կերպով սանկցիա կիրառելու ու դրա հետևանքների վերաբերյալ է մեր հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեյրան Գրիգորյանի հետ:
 
- Ի՞նչ մտահոգություններ ունեք փաստաբանների նկատմամբ տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառման առնչությամբ, որի վերաբերյալ դրույթը Դատական օրենսգրքի նախագծից թեև հանվեց, սակայն այն ՀՀ օրենսդրություն ներմուծելու մտադրությունն ասպարեզում դեռ կա:
- Ես նույնպես մտահոգություններ ունեմ Ազգային ժողով ներկայացվող որոշ նախագծերի, ինչպես նաև այն մտադրության առնչությամբ, որը վերաբերվում է տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառմանը: Փաստաբանների պալատը և ամբողջ փաստաբանական համայնքը շարունակական աշխատանքի շնորհիվ կարողացան հիմնավոր կերպով հասնել նրան, որ ետ քայլ կատարվի` Դատական օրենսգրքից հանվի 72-րդ հոդվածը, որը վերաբերվում էր այդ դատական սանկցիայի կիրառմանը: Սակայն, ես դա համարում եմ առավելապես ոչ թե փաստաբանական համայնքի, այլ իշխանությունների հաջողությունը, որով նրանք Փաստաբանների պալատի պայքարի արդյունքում զերծ մնացին հնարավոր սխալներից, որոնք մենք ենթադրում էինք, որ կարող էին թույլ տրվել:
- Ի՞նչ էր նախատեսում տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառումը:
- Նախատեսում էր փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման դեպքում փաստաբանի նկատմամբ տուգանք` մինչև 100 000 դրամի չափով: Դա փաստաբանների համար լուրջ խոչընդոտ կլիներ` իրենց վերապահված իրավունքների իրականացման, այդ թվում` իրենց պաշտպանյալների, վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, որովհետև 100 000 դրամը բավական լուրջ գումար է: Ընդ որում, նույն փաստաբանին տարվա կամ հենց թեկուզ նույն դատական նիստի ընթացքում այլ պատճառաբանություններով կարող էին մի քանի անգամ տուգանել` նրան ֆինանսական անելանելի վիճակի առաջ կանգնեցնելով ու, հնարավոր է,  դրանով հարկադրելով դադարեցնել իր գործունեությունը: Երկրորդ` դատական սանկցիայով կիրառվող այդ տուգանքը կարող ենք նաև դիտարկել որպես պատժի ձև:
- Ի՞նչ հետևանքների կարող էր կամ կարող է հանգեցնել տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառումը, եթե, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մտադրությունը դառնա իրականություն և տվյալ դատական սանկցիայի կիրառումը նախատեսվի քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության օրենսգրքերով:
- Դատական սանկցիայի ընդունումը փաստաբանների համար մեծ կաշկանդվածություն կառաջացնի, քանի որ նրանք պետք է իրենց ամեն քայլից առաջ մտածեն, որ իրենց նկատմամբ կարող են անհիմն, անարդար կերպով սանկցիա կիրառել, այն էլ նույնիսկ` մի քանի անգամ: Այս իրավիճակում փաստաբանն ի՞նչ է անելու, ինքը կարո՞ղ է իրականացնել կամ լիարժեք իրականացնել իր իրավունքները, կատարել պարտականությունները… Իհարկե՛ չի կարող: Փաստաբանը հայտնվելու է այնպիսի իրավիճակի ճիրաններում, որ ստիպված է լինելու բանուգործը թողնել, զբաղվել իր դեմ կիրառված սանկցիայի բողոքարկումներով:  Բավականին   խնդիրներ է ունենալու: Ինքը հայտնվելով անբարենպաստ իրավիճակում, ինչպե՞ս պետք է իր վստահորդի կամ պաշտպանյալի իրավունքները, օրինական շահերը պաշտպանի: Առնվազն հոգեբանորեն կկաշկանդվի: 
- Փաստաբաններն ի՞նչ են անելու, եթե օրենսդիրն, այնուամենայնիվ, ընդունի նրանց նկատմամբ տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառումը:
- Լուրջ խնդիր է առաջանալու, կարծում եմ, նույնիսկ հակամարտության վիճակ կարող է առաջանալ իրավապաշտպան գործունեություն իրականացնողների և դատական համակարգի միջև, որը ոչ մեկիս համար ցանկալի չէ: Ցանկալի չէ, որ իրենց նկատմամբ դատարանների անհիմն սանկցիաների (դրանց նախադեպերը կան) կիրառման հետևանքով փաստաբանների բողոքները հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը, իհարկե, այդ դեպքում միանգամայն սպասելի է լինելու: Պետությունն այդ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված խնդիրներ կունենա, որը ոչ մեկիս համար ցանկալի չէ, քանի որ Հայաստանը մեր բոլորի պետությունն է, մինչդեռ նման իրավիճակը կարող է անդրադառնալ մեր պետության հեղինակություն վրա: Սպասելի է, որ այդ դեպքում բազմաթիվ բողոքներ կուղարկվեն Եվրոդատարան, եթե, իհարկե, փաստաբանները հայաստանյան դատարաններում չհասնեն արդարադատության: Փաստաբանների պալատը, համայնքը, հավատացնում եմ ձեզ, ցանկանում են զերծ մնալ նման հետևանքներից, միգուցե չնչին բացառությամբ, բոլորն էլ հասկանում են, որ սա մեր պետությունն է: Մենք ուզում ենք մեր իրավապաշտպան գործունեությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով, անկաշկանդ, լինենք մի վիճակում, որտեղ կաշկանդված չենք լինի այս կամ այն իրավադրույթի ոչ օրինական, անհիմն կամ խիստ կիրառմամբ: Ազատ պետք է լինենք, իսկ դա մեր գործունեության համար թիվ 1 խնդիրն է:
Նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Փաստաբանների պալատի խորհուրդն ինքն էլ բավական խիստ միջոցներ է կիրառում (ընդհուպ մինչև` արտոնագրից զրկում) այն փաստաբանների նկատմամբ, ովքեր իրոք տարաբնույթ խախտումներ են թույլ տվել: Փաստաբանների պալատն անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, ովքեր կոպտորեն խախտում են դատավարական օրենսգրքերով կամ մեր կանոնադրությամբ նախատեսվածը:
- Օրինակ, ինչպիսի՞ դեպքերում կարող են տուգանել փաստաբանին, եթե փաստաբանների նկատմամբ դատական սանկցիան, այնուամենայնիվ, ընդունվի:
- Դատական ընթացակարգը խախտելու, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Սանկցիայի կիրառման առումով բավական լղոզված ձևակերպումներ կային: Գրված էր նաև, որ եթե փաստաբանն ընդունի, որ խախտել է դատական ընթացակարգը, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել, խոստանա, որ այլևս այդպես չի վարվի, ներողություն խնդրի, դրանից հետո դատավորը կարող է սանկցիա չկիրառել: Սա նշանակում է, որ բազմաթիվ դեպքեր կարող են լինել, երբ փաստաբանը համոզված է, որ ինքն իրականում խախտում թույլ չի տվել, բայց դատավորը հակառակն է հայտարարում և դատական սանկցիա չկիրառելու համար իրեն դնում չկատարած խախտումն ընդունելու, դրա համար զղջալու և ներողություն խնդրելու ընտրության առաջ: Ավելին. նույնիսկ այդ դեպքում, Դատական օրենսգրքի եղած նախագծի համաձայն, փաստաբանները չունեին որևէ երաշխիք, որ իրենց նկատմամբ չի կիրառվի դատական սանկցիա, դա մնում էր դատավորի հայեցողությանը, կարող էր չկիրառել կամ կիրառել:
Փաստաբանների պալատն իր հերթին, և փաստաբանների համայնքը շատ վճռական են լինելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում փաստաբանների նկատմամբ տուգանքի ձևով դատական սանկցիայի նախատեսում թույլ չտալու հարցում, որովհետև, ամենից զատ, դրա ընդունման, կիրառման դեպքում  հավանականությունը  մեծ է, որ քաղաքական երանգ կարող է տրվել փաստաբանի նկատմամբ դատական սանկցիայի կիրառմանը: Շատ վտանգավոր է լինելու, երբ փաստաբանական կամ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի գործունեությունը սկսվի քաղաքականացվել:
- Ինչպե՞ս կարող է քաղաքականացվել:
- Այս կամ այն փաստաբանը կարող է ասել, որ ինքը հետապնդվում է, որովհետև պաշտպանում է այն անձին կամ անձանց շահերը, որոնք ցանկալի չեն այս իշխանությունների համար: Նկատի ունենանք նաև, որ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձը միշտ կանգնում է այն անձանց  թիկունքին, որոնց իրավունքները խախտում են կամ կարող են խախտել:
- Հիմա, երբ տուգանքի ձևով դատական սանկցիան դեռ ընդունված չէ, կա՞ն օրինակներ, երբ դատավորի կողմից անհիմն կամ նույնիսկ ակնհայտ անհիմն կերպով փաստաբանի նկատմամբ սանկցիա է կիրառվել այն դեպքում, երբ փաստաբանն իրականում օրենսդրության, կանոնադրության որևէ խախտում թույլ չի տվել, և Փաստաբանների պալատի խորհուրդն էլ հետագայում քննարկելով տվյալ դեպքը, որոշել է, որ փաստաբանն իսկապես որևէ խախտում թույլ չի տվել:
- Այո, կան, ընդ որում, միայն մեկ տարվա ընթացքում չէ, որ անհիմն որոշումներ են կայացվել: Այդ որոշումները գտնվում են Փաստաբանների պալատում, դրանք գաղտնիք չեն, այդ մասին Փաստաբանների պալատի նախագահը մի քանի անգամ հրապարակավ  հայտնել է, ինչպես նաև այս օրենսգրքի նախագծի հեղինակիներին ներկայացրել որոշակի  փաստեր: Հիմնավորել է, որ փաստաբանը թույլ չի տվել որևէ խախտում, բայց, այդուհանդերձ, դատավորի կողմից նրա նկատմամբ սանկցիա կիրառելու անհիմն, ոչ օբյեկտիվ որոշում է կայացվել: Օրինակ, փաստաբանն ասել է` հարգելի դատարան, այս պայմաններում ես այստեղ մնալու անհրաժեշտություն չեմ տեսնում` ելնելով այս բանից, կարո՞ղ եմ դուրս գալ, դատավորը պատասխանել է` ձեր իրավունքն է, դուրս եկեք, փաստաբանը դուրս է եկել դատարանի դահլիճից, սակայն դատավորը նրա այդ արարքը կամայականորեն համարելով խախտում, նրա նկատմամբ սանկցիա է կիրառել և սանկցիայի որոշումն ուղարկել Փաստաբանների պալատ: Փաստաբանների պալատի խորհուրդը, բնականաբար, համարել է, որ փաստաբանը որևէ խախտում թույլ չի տվել, ու փաստաբանի նկատմամբ որևէ որոշում չի կայացրել:
Մեկ այլ օրինակ. փաստաբանը հայտնել է, որ հայտարարություն ունի տալու, դատավորն ասել է` ոչ, դուք դեռ ներգրավված չեք այդ գործում, փաստաբանն այս առարկությունը լսելով, ասել է` եթե ներգրավված չեմ, կարգավիճակ չունեմ, ես դուրս գամ: Դուրս է եկել, ու դատավորը  նրա նկատմամբ սանկցիա է կիրառել: Այս դեպքում արդարացվա՞ծ է փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառումը… Իհարկե՛ ոչ:
Հիշեցի ևս մեկ օրինակ. փաստաբանն ուշացել է նիստից, որովհետև մինչև դատարան մտնելը, մուտքի մոտ նրա պայուսակը զննել են, մինչ այդ էլ ուրիշների զննության խնդիր է լինում: Ուշանալու համար նրա նկատմամբ սանկցիա են կիրառում, ասում են` դուք ուշացաք: Փաստաբանը բացատրում է, որ ուշացել է իր պայուսակի զննության պատճառով, սակայն ապարդյուն: Արդյոք արդարացի՞ է այս դեպքում սանկցիայի կիրառումը: Իհարկե՛ ոչ: Ես չեմ ասում, թե փաստաբանների նկատմամբ սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում անարդարացի կամ անհիմն են  եղել, կան դեպքեր, երբ փաստաբանն իսկապես թույլ է տվել դատավարական կամ ընթացակարգային խախտում, և ինքը կամ նրա գործընկերները համաձայնել են, որ խախտում, իրոք, թույլ է տրվել:
- Կա՞ արդյոք դատարանների կողմից փաստաբանների նկատմամբ սանկցիայի կիրառման այնպիսի վիճակագրություն, որը մտահոգության տեղիք կտար և գոնե այդ առումով գուցե անհրաժեշտություն կդարձներ փաստաբանների նկատմամբ դատարանի կողմից սանկցիայի ուղղակի կիրառումը, այն էլ` տուգանքի ձևով:
- Ոչ: Ինչպես ներկայացրեց Փաստաբանների պալատի նախագահ պարոն Զոհրաբյանը, թեև մեկ տարվա ընթացքում քաղաքացիական դատավարության ընթացակարգով դատարաններում փաստաբանների մասնակցությամբ ավելի քան 30 000 գործ է քննվել, սակայն փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառման ընդամենը 4 դեպք է եղել: Սանկցիայի կիրառման կարծեմ 2 դեպք էլ վարչական դատավարության ընթացակարգով է եղել, թեև այս ոլորտում ևս հազարավոր գործեր են քննվել փաստաբանների մասնակցությամբ: Քրեական գործերով ևս մեծ չէ այդ դեպքերի թիվը, բացառությամբ  «Սասնա  Ծռեր»-ի գործի, որն առանձին քննարկման  հարց է: Այս պայմաններում ընդհանրապես հասկանալի չէ օրենսդրությունում նման խիստ նորմ մտցնելու` դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ անմիջականորեն  տուգանքի ձևով սանկցիայի կիրառում նախատեսելու անհրաժեշտությունը:
- Ձեր նշած այդ սակավաթիվ դեպքերը նրա՞նք են, որոնց պարագայում պալատի խորհուրդը համարել է, որ փաստաբանի կողմից իսկապես խախտում է թույլ տրվել, թե ուղղակի դատարանների կողմից կայացված սանկցիայի որոշումների ընդհանուր թվերն են:
- Դատարանների կողմից կայացված սանկցիայի որոշումների ընդհանուր թվերն են, որոնց մի մասի պարագայում է պալատի խորհուրդը համարել է, որ իսկապես խախտում է եղել: Օրինակ, որքանով տեղյակ  եմ, քաղաքացիականով 4-ից 3-ը մերժվել է, մեկն է ընդունվել: Բոլոր դեպքերում, վիճակագրությունն ասում է, որ հիմնավորված չէ այդ մի քանի դեպքի համար օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալը:
 
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք