Այս ամենն ուղղված է փաստաբանական համայնքի դեմ` նրան որոշակի սահմանափակումների մեջ կամ, կոպիտ ասած, մահակի տակ պահելու համար


Այս ամենն ուղղված է փաստաբանական համայնքի դեմ` նրան որոշակի սահմանափակումների մեջ կամ, կոպիտ ասած, մահակի տակ պահելու համար

  • 12-02-2018 13:12:41   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
ՀՀ Ազգային ժողովը 2018թ. փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց  Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը: Դրանում, ի հակառակ ողջախոհության և Հայաստանում իրավապաշտպանության, այնուամենայնիվ, տեղ գտավ փաստաբանների շրջանում (և ոչ միայն…) մեծ դժգոհության և ընդվզման տեղիք տված այն դրույթը, որը դատավորին թույլ է տալիս մինչև 100 000 դրամ տուգանքի չափով ուղղակի սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ, եթե համարում է, որ վերջինս օրենսդրության կամ կանոնադրության ինչ-ինչ խախտում է թույլ տվել:
Ընդ որում, դատավորը վերոնշյալ սանկցիան նույն նիստի ընթացքում կարող է կիրառել նույնիսկ մի քանի անգամ` եթե նպատակ ունի փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրելու, նրան ընկճելու նույնիսկ այն աստիճան, որ վերջինս այլևս չխոսի, չտա անցանկալի հարցեր, չներկայացնի թեկուզ օրենսդրությունից բխող, բայց անցանկալի, իր մտադրություններին հակասող պահանջներ: 
Ընդգծենք, որ դատավորն այդպես կարող է վարվել նաև անհիմն կերպով, օրինակ, այն դեպքում, երբ փաստաբանն իրականում որևէ խախտում թույլ չի տվել, բայց, օրենսդրության շրջանակներում, չի ուզում հանդուրժել դատավորի կամ դատավարության այս կամ այն մասնակցի կողմից իր պաշտպանյալի, վստահորդի իրավունքների, օրինական շահերի ոտնահարումը, այսինքն` փաստաբանի իր իրավունքներից օգտվելով, պաշտպանում է դրանք, կատարում իր մասնագիտական պարտականությունները:
Փաստաբանները, ՀՀ փաստաբանների պալատը տևական ժամանակ օրենսդրական վերոնշյալ նորամուծության ընդունման դեմ պայքարում էին, բացատրում էին նոր օրենսգրքի նախագծի հեղինակներին, նախաձեռնողներին, որ դատավորների կողմից փաստաբաններին ուղղակի սանկցիայի ձևով տուգանելն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Մասնավորապես` թույլ չի տալու, որ փաստաբանները լիարժեք կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները, օգտվեն իրենց իրավունքներից, դատավորներին լայն հնարավորություններ է ընձեռում փաստաբանների նկատմամբ նաև ապօրինություններ, կամայականություններ թույլ տալու: Ցավոք, այս ամենն անտեսվեց, ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքն, ինչպես արդեն նշեցինք, օրերս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեյրան Գրիգորյանի հետ: 
 
- Ի՞նչ հետևանքներ է ունենալու Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը` դրանից չհանելով այն դրույթը, որը դատավորներին թույլ է տալիս մինչև 100 000 դրամ տուգանքի ձևով ուղղակի սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ:
- Ինչպես գիտեք, Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքում առանձին դրույթ կա` դատախազի և փաստաբանի նկատմամբ մինչև 100 000 դրամի չափով սանկցիա կիրառելու վերաբերյալ: Իհարկե, չեմ պատկերացնում, որ դատախազների նկատմամբ այդ դրույթը կիրառվի, թիրախը փաստաբաններն են: Նախ ասեմ, որ այս դրույթի կիրառումը շատ մեծ վնաս է պատճառելու արդարադատության իրականացմանը և անձանց իրավունքների, օրինական շահերի պաշտպանությանը, այս առումով բավական բացասական հետևանքներ ենք ունենալու: Խնդիր է առաջանալու նաև հենց դատարանների կողմից հնարավոր ապօրինի ակտերի ընդունման առումով: Մեկ-երկու տարվա մեջ քրեական, քաղաքացիական, վարչական իրավահարաբերությունների ոլորտում մի քանի հարյուր դատական ակտ վերաքննիչ դատարանների կողմից բեկանվել է, ինչը վկայում է այն մասին, որ օրենսդրության պահանջներին հակասող բավական մեծ թվով վճիռներ ու դատավճիռներ են կայացվել առաջին ատյանի դատարանների կողմից, բավական մեծ թվով դատական ակտեր, մեղմ ասած, խոտան են, ինչը մեզ չի կարող չմտահոգել:
Իր հերթին, Վճռաբեկ դատարանը բավական մեծ թվով նախադեպային և ոչ նախադեպային որոշումներ ունի, որոնցով բեկանվել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների ընդունած դատական ակտերը: Սակայն, սա էլ դեռ ամբողջական պատկերը չի արտահայտում. Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից ընդունված դատական ակտերի դեմ բերված բողոքներով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ընդունվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ, ինչը պետք է երկրի ղեկավարության համար խիստ մտահոգիչ լինի, համենայն դեպս, մենք Հայաստանում գործ ունենք այնպիսի դատական համակարգի հետ, որն անվերապահորեն մտահոգում է մեր հասարակությանը:
Ավելին ասեմ. հենց իշխանություններն իրենց մտահոգությունները հաճախ արտահայտում են նրանով, որ փորձում են դատական համակարգը փոփոխելու ինչ-որ լուծումներ գտնել, որովհետև իրենց էլ չի բավարարում դատական համակարգի նման վիճակը: Թե որքանո՞վ են արդյունավետ կամ ոչ արդյունավետ նրանց գտած լուծումները, այլ խնդիր է, այլ քննարկման, խոսակցության նյութ: Մեր կարծիքով, արդյունավետ չեն, իշխանություններն իրենք էլ անընդհատ փնտրտուքի մեջ են, որպեսզի համապատասխան լուծումներ գտնեն:
- Իսկ ինչո՞ւ այս օրինակները բերեցիք:
- Նկատի ունենալով, որ մենք իսկապես կարող ենք հայտնվել զանազան փակուղիների առաջ, որոնք հաղթահարելը կամ անհնարին է լինելու, կամ դրա համար անհրաժեշտ է լինելու ահավոր մեծ ջանքերի գործադրում: Դրա արդյունքը լինելու է այն, որ որոշակի սահմանափակումների մեջ գտնվող փաստաբանական համայնքն, անշուշտ, սկսելու է ետ քայլ կատարել, ցանկանանք դա թե չցանկանանք, դա լինելու է: Եվ այնպես չէ, որ օրենսգրքի նախագծի հեղինակները չէին կարող դա գիտակցել կամ կանխատեսել, դա հնարավոր չէ, ինչը ենթադրում է, որ այս ամենը, համենայն դեպս, ուղղված է փաստաբանական համայնքի դեմ` նրան որոշակի սահմանափակումների մեջ կամ, կոպիտ ասած, մահակի տակ պահելու համար, ինչն, անշուշտ, ունենալու է իր խիստ բացասական հետևանքները, բայց տուժողները, վերջին հաշվով, լինելու են նաև մեր վստահորդները, ողջ հասարակությունը:
- Փաստաբանական համայնքը կամ Փաստաբանների պալատն ի՞նչ է նախաձեռնելու, ինչպե՞ս…
- Դա թերևս պարզ կլինի այսօր, փաստաբանների հավաքի արդյունքում, ես չեմ ուզում շտապողականություն ցուցաբերել և ասել, թե ինչ որոշում կընդունվի, սակայն այդ հակամարտությունը գնալով խորանում է, ինչը պետք է նաև ավելի շատ մտահոգի մեր իշխանություններին, որովհետև օրենսգիրքը նախաձեռնողների կողմից դրսևորվող այդ անզիջում դիրքորոշումը հանգեցնելու է որոշակի առճակատման, ինչը բոլորի համար էլ հասկանալի է: Վնասը միանշանակ լինելու է, այն գործելու է քաղաքացիական հասարակության հիմքերի դեմ, ինչքան էլ ոմանք փորձեն արհեստածին դատողություններ ներկայացնել այս ամենի շուրջ:
Վերջին հաշվով, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվեց, բայց որևէ պարզաբանում, որևէ հիմնավորում խնդրո առարկա դրույթը քաղաքացիական դատավարության մեջ ներմուծելու վերաբերյալ` այդպես էլ չհնչեց ու չկա, ինչը վկայում է այն մասին, որ նախաձեռնողները չէին կարող որևէ լուրջ կամ, ընդհանրապես, հիմնավոր դիրքորոշում հայտնել, թե հատկապես ինչու են ցանկացել, որ այդ դրույթը մտնի քաղաքացիական դատավարության մեջ:
Ավելի քան վստահ եմ, որ հաջորդ քայլը լինելու է նմանաբնույթ սանկցիայի ներմուծումը քրեական և վարչական դատավարության օրենսգրքեր, այնպես որ, սահմանադրական օրենք Դատական օրենսգրքից այդ դրույթը հանելն ընդամենը սովորական մանիպուլյացիա էր, որի նպատակն առկա իրավիճակը մի պահ լիցքաթափելն էր և այն երևութականությունը ստեղծելը, թե ցանկանում են խնդիրը և ինչ-որ մոտեցումներ քննարկել, փոխզիջման հասնել: Իրականում, սակայն, այդպիսի բան չկա:
 
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք