Հայաստանի ազգային անվտանգության դեմ է ուղղված, նաև` մեր Եկեղեցու, մեր հասարակության դեմ. խփում եմ տագնապի զանգերը…


Հայաստանի ազգային անվտանգության դեմ է ուղղված, նաև` մեր Եկեղեցու, մեր հասարակության դեմ. խփում եմ տագնապի զանգերը…

  • 20-02-2018 22:44:44   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
 
Իբր թե եղածները քիչ են, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնյաները փորձում են Հայաստանում օրենսդրական մակարդակով գրեթե իդեալական պայմաններ ստեղծել նոր աղանդների ի հայտ գալու համար: Սակայն, սա դեռ ամենը չէ…
«Ազդակ» լրագրողական ակումբում այսօր «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-ասուլիս էր կազմակերպվել: Հրավիրվել էին Երևանի պետական համալսարանի դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Հրավիրվել էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և վերոնշյալ օրենքի նախագիծը հեղինակած ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, որոնք, սակայն, հրաժարվել էին գալ` պատճառաբանելով, թե զբաղված են: Դե ինչ, ուշագրավ համընկնում է…
Ինչպես Վարդան Խաչատրյանն ասաց, իր ակնկալությունը նախագծի հրապարակային քննարկումն է, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի և լավ պատկերացնի ինչպիսի արմատական փոփոխությունների դաշտ ենք մուտք գործում, տվյալ շարադրանքով օրենքի ընդունումն ինչպիսի արձագանքներ է ունենալու տեսանելի ապագայում:
«Եթե չեմ սխալվում, մենք արդեն 9-րդ անգամն է, որ օրենքի նախագծի քննարկմանը մասնակից ենք լինում վերջին փուլում»,- ասաց Վարդան Խաչատրյանը և հավելեց, որ նույնիսկ ինքը պետական պատկան մարմնից չի կարողացել ստանալ օրենքի նախագիծը, քանի որ նրանք էլ այն չեն ունեցել:
Կրոնագետի հավաստմամբ, օրենքի նախագծում անտեսված է հայկական իրականությունը:
«Ցանկալի կլիներ, որ քննարկմանը ներկա լինեին նրանք, ովքեր գրել են օրենքի նախագիծը, որովհետև այնտեղ տարբեր հարցեր կան, որոնք նրանք պետք է կարողանան մեկնաբանել,- ասաց Վարդան Խաչատրյանը- Ինձ չի հետաքրքրում Եվրոպայից ով է եկել, ինչ է եկել, որևէ տեղից ով է եկել, ինձ հետաքրքրում են կոնկրետ առանցքային հարցերը, օրինակ, ինչո՞ւ է խղճի ազատություն գրված, խիղճը, որպես այդպիսին, կարող է լինել նաև անազա՞տ, երբ որ դա ներքին գնահատական է և ներքին կողմնորոշում է մարդու համար»:
Ըստ բանախոսի, հարյուր անգամ այս հարցը բարձրացրել են, միևնույն է, քանի որ չկա փոխադարձ թափանցման դաշտ, որտեղ այդ նախագիծը գրողները նաև կծանոթանան նրան, որ խղճի ազատության պետք չէ գրել, պետք է գրել կրոնական կազմակերպությունների մասին, նրանց իրավունքների շրջանակը պետք է լուսաբանել, հարցը բարձրացնելն եղել է անարդյունք:
«Ի՞նչ խղճի ազատության մասին կարող է խոսք լինել, խիղճ, որպես այդպիսին, անազատ գոյություն չունի, իսկ եթե խոսում ենք խղճի մասին և պնդում ենք, որ այն` անհատի խիղճը, պետք է լինի ազատ, դա նշանակում է, որ հանցագործի խիղճն էլ պետք է լինի ազատ, դա նշանակում է, որ խորը անբարոյականության կրողների խիղճն էլ պետք է լինի ազատ, որովհետև խիղճը, որպես այդպիսին, այնպիսի հարաբերական ներքին գնահատական է, որ բոլորս էլ լավ գիտենք` բոլոր դեպքերում խիղճը նաև հանցակից է և գործընկեր,- ասաց Վարդան Խաչատրյանը:-  Եվ այդ հարաբերական եզրույթը նախ բերեք սահմանենք, պատկերացնենք, թե այդ մարդիկ պատկերացնո՞ւմ են… Պատկերացնենք` հիմնական հասկացությունների կազմը, որ կիրառվել է նախագծում, հասկանո՞ւմ են….»:
Ինչպես կրոնագետը նշեց, այս օրենքի հարցում մենք պետք է ունենանք Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը, փոփոխությունները վերաբերվում են նաև Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցի-պետություն հարաբերություններին:
 «Ի՞նչն այդտեղ պետք է վերանայվի,- ասաց բանախոսը:- Եկեղեցական կյանքի և կառույցի ներկայիս ընթացքի առումով ինչպիսի՞ փոփոխությունների է դա բերում»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հիշյալ օրենքի նախագծի առնչությամբ հրապարակային ասպարեզում, ցավոք, դեռ լռում է:
Ինչպես Վարդան Խաչատրյանը նշեց, օրենքի նախագիծը հակասահմանադրական է, դրանից էլ զատ, հիմնական հասկացությունների չսահմանման, անորոշության պատճառով գլխացավանք է առաջանալու: Ըստ կրոնագետի, մենք օդում պարբերաբար ասում ենք, որ Էջմիածինը պատմական դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում:
«Հավատացնում եմ ձեզ,- շարունակեց Վարդան Խաչատրյանը,- որ մեր ինքնությունը գտնվում է այդտեղ, որովհետև դա սոսկ քրիստոնեություն չէ, այն ամենը, ինչ գոյություն է ունեցել Հայաստանում, այս հոսքով, այս պրիզմայով է եկել մեզ հասել, և այստեղ կամայական մոտեցումը` այն էլ այսօրվա պայմաններում, երբ արտագաղթ է Հայաստանից և որևէ կերպ չի կասեցվում այդ արտագաղթը, ինչպիսի՞ լուրջ, արմատական փոփոխությունների կարող է հանգեցնել, և արդյոք այն մարդիկ, ովքեր գրել են նախագիծը, այդ ամենը խորությամբ ընկալե՞լ են, հասկացե՞լ են, ո՞րն է նրանց շարադրանքի փիլիսոփայությունը»:
Օրենքի նախագիծը գրողները` ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնյաները, անձամբ ՀՀ արդարադատության նախարար, վունդերկինդ Դավիթ Հարությունյանը, կարծում եմ, հիմար կամ անգետ չեն, շատ լավ էլ հասկացել են, թե ինչ և ինչու են գրում: Կատարելով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հանձնարարած տնային աշխատանքը, նրանք մշակել (կամ օտարից ստացել) և ասպարեզ են բերել հայ ժողովրդի, մեր ինքնության, ազգային միասնության, մեր ընտանիքների, երկրի պաշտպանունակության, Հայաստանի ազգային անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեության դեմ ուղղված օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում աղետալի հետևանքների հարցում թող որևէ մեկը կասկածներ չունենա:
Վերոնշյալ օրենքի խայտառակ նախագծով մի կողմից անտեսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` ՀՀ Սահմանադրությունում ամրագրված առանց այն էլ թույլ, մեր հավատացյալ ժողովրդին չգոհացնող, բայց, այնուամենայնիվ, առանձնահատուկ կարգավիճակը, այն իջեցվում, հավասարեցվում է հասարակական կազմակերպության կարգավիճակին, իսկ մյուս կողմից` աղանդներին, նրանց թվում նաև քայքայիչ և ամբողջատիրական աղանդներին ավելի լայն իրավունքներ են տրվում, ինչի շնորհիվ նրանք, անշուշտ, ավելի են լկտիանալու և ավելի մեծ թափով են շարունակելու մեր հասարակության ու պետության մեջ իրենց քայքայիչ, կործանիչ (որոշների պարագայում նաև` լրտեսական) գործունեությունը: Օրինակ, խնդրո առարկա օրենքի ընդունման դեպքում, ի տարբերության ներկայիս օրենքի իրավակարգավորման, որևէ մեկն ընդամենը 150 համախոհ, այսպես ասած, հավատակից հավաքելուց հետո, կարողանալու է հիմնել նոր կրոնական կազմակերպություն, հասնել դրա գրանցման: Իբր եղած, հասարակությունը բաժան-բաժան անող, ծվատող, իրենց սուր սլաքով նաև մեր ազգային միասնության դեմ ուղղված բազմաթիվ աղանդավորական կազմակերպությունները քիչ են, հիշյալ օրենքի նախագծի հեղինակները հիմա փորձում են աղանդավորական նոր կազմակերպությունների ի հայտ գալու համար շատ դյուրին, գրեթե իդեալական պայմաններ ստեղծել:
«Թող այդ մարդիկ` օրենքի նախագծի հեղինակները, գան, չափորոշիչները դնեն, դա հայ ժողովրդին համապատասխանող ինչ-որ մի երևո՞ւյթ է, թե նրա հազարամյա շահերին դեմ է գնալու, բոլորս պարզ հասկանանք»,- ասաց Վարդան Խաչատրյանը և հավելեց, որ քննարկման ընթացքում իրենց բարձրացրած հարցերը մնում են օդում առկախված, որովհետև պատասխանող կողմը ներկա չէ:
Ըստ Ալեքսանդր Ամարյանի, Հայաստանում այժմ 67 կրոնական կառույց կա գրանցված, դրանց գերակշիռ մասն աղանդավորական է, կա նաև մոտ 300 չգրանցված աղանդավորական կազմակերպություն, մինչդեռ հիշյալ օրենքի ընդունումից հետո կգրանցվի արդեն մոտ 2000 կազմակերպություն, դա բոլորովին չի բացառվում: Նրա ասելով, շատերը կկարողանան 150 հոգի հավաքել, հասնել կրոնական կազմակերպության գրանցման, և խղճի ազատության անվան տակ ինչ ուզում են, կանեն:
«Բոլորս էլ գիտենք, որ կրոնական կառույցները Հայաստանում պետություն են պետության մեջ, ոչ մի հսկողության չեն ենթարկվում, ոչ միայն հսկողության, պատժամիջոցների, պատասխանատվության նույն կերպ չեն կարող ենթարկվել»,- ասաց հիշյալ ՀԿ-ի նախագահը:
Կրոնագետի ասածներին, արտահայտած մտահոգություններին ամբողջովին համամիտ լինելով, Ալեքսանդր Ամարյանն ասաց, թե ինքը չգիտե, թե իշխանություններն ինչպե՞ս են անտեսելու զուգահեռաբար ասպարեզում գտնվող, Ազգային ժողովի կողմից դեռ 2009 թվականին առաջին ընթերցմամբ ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ներկայացված ԱԺ պատգամավորներ Աշոտ Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից.- Ա. Հ.), որն Ազգային ժողովը Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստանալուց հետո թեև երկրորդ ընթերցմամբ քվեարկության չի դրել, սակայն, այնուամենայնիվ, ետ չի վերադարձրել օրենսդրական նախաձեռնության հեղինակներին:
«Գործող օրենքի մեջ առկա է «հոգեորսություն» հասկացությունը, այս օրենքի նախագծի մեջ ընդհանրապես խոսք չկա հոգեորսության մասին»,- ասաց վերոնշյալ կազմակերպության ղեկավարը և հավելեց, որ նախագծում այնպիսի սվաղված բաներ են գրված, որ դրանցից բխող հիմնախնդիրների լուծումը լինելու է շատ դժվարին:
Պատասխանելով տողերիս հեղինակի հարցին` «Ձեր կարծիքով, այս օրենքի նախագիծն ուղղվա՞ծ է մեր ազգային անվտանգության դեմ, մեր Եկեղեցու դեմ, մեր հասարակության դեմ», Ալեքսանդր Ամարյանն ասաց` այո, իսկ Վարդան Խաչատրյանը տվեց հետևյալ պատասխանը. «Հեղինակների հետ ուղղակի հարցերը պարզելուց հետո միայն կարելի է վերջնական ասել»:
Ըստ կրոնագետի, «Ոչ մի մարդ բանականությունից դուրս բաներ ի վիճակի չէ փաթաթել մեր ժողովրդի վզին»: Մարդը` գուցե, իսկ եթե խոսքը Հայաստանում գործող ինչ-որ ուժի մասին է, որի ետևում ուրվագծվում են Եվրամիության, Արևմուտքի կոտոշները, ապա նույնիսկ դա է հնարավոր, եթե, իհարկե, չհասկանանք, որ եկել է հոգևոր սարդարապատի պահը, եթե ազգովի այդ չարիքին չընդդիմանանք ու դրա հեղինակներին ցույց չտանք իրենց արժանի տեղը: Ի վերջո, ի՞նչ է` չե՞ն կարող կոսմետիկ, հիմնականում ձևական ինչ-ինչ փոփոխություններից հետո բանականության շրջանակում դրվել ու ժողովրդի վզին փաթաթվել ինչ-ինչ օրենքներ, որոնք հենց նույն ժողովրդի դեմ գործելու բանականության շրջանակում են:
Մեր առաջիկա հրապարակումներով առավել հանգամանորեն կանդրադառնանք «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» խիստ վտանգավոր և անընդունելի նոր օրենքի նախագծին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play