Սիրիայում Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս պատերազմի կայծից կարող է բռնկվել Երրորդ համաշխարհայինի ամենակուլ բոցը


Սիրիայում Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս պատերազմի կայծից կարող է բռնկվել Երրորդ համաշխարհայինի ամենակուլ բոցը

  • 20-03-2018 18:43:01   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում քիմիական զենքի օգտագործմամբ սադրանքի երեք փորձ է կանխվել, ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում ահաբեկիչներին զենքով հազարավոր բեռնարկղեր է առաքել:
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգում ուղղաթիռներով տարհանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության չորս պարագլուխների: Իր աղբյուրների վրա հղում կատարելով, այս մասին երեկ հայտնել է SANA լրատվական գործակալությունը:
Վերջինիս ունեցած վկայությունների համաձայն, առավոտյան Ղամիշլի բնակավայրի մոտ վայրէջք են կատարել կոալիցիայի երեք ուղղաթիռներ: Զինծառայողներն ուղեկցել են չորս մարդու, որոնք գտնվել են, այսպես ասած, ԻՊ պարագլուխների կենտրոնում: Գրոհայինները, որոնք SANA-ի տվյալներով ունեն իրաքյան ծագում, նստեցրել են ուղղաթիռներ ու տարել անհայտ ուղղությամբ:
Իսկ այսօր ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է Սիրիայում իրադրության կայունացման ուղղությամբ աշխատանքները: Եթե Շոյգուն անկեղծ լիներ, պետք է ասեր, որ Ռուսաստանի ՊՆ-ն շարունակում է Սիրիայում իրեն կամ ՌԴ-ին պարտադրված պատերազմը, որովհետև Ռուսաստանն այնտեղ կռվում է «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան զենքով և այլ կերպ օգնում է այդ կազմակերպություններին, նույնիսկ ուղղաթիռներով տարհանում նրանց նեղն ընկած պարագլուխներին: Մի խոսքով, հնարավոր ամեն ինչ անում, որպեսզի թույլ չտա Սիրիայում իրադրության կայունացում, այդ երկրում ավելի և ավելի շատ արյուն թափվի, ի վերջո, հաջողվի տապալել Բաշար ալ Ասադի վարչակազմը և Սիրիան մասնատել: Ավելին. Սիրիայի և Ռուսաստանի թշնամիները փորձում են Սիրիայում քիմիական զենք կիրառել, որպեսզի ԱՄՆ-ը դրա օգտագործման մեղքը գցելով Սիրիայի բանակի, կառավարության, Բաշար ալ Ասադի վրա, տվյալ դեպքը պատրվակ ծառայեցնի Սիրիային հրթիռա-ռմբային հարված հսսցնելու համար:
Ահա թե հենց նույն խորհրդակցության ընթացքում ինչ է ասել Սերգեյ Շոյգուն.
«Մենք շարունակում ենք հետևել ԱՄՆ-ի և կոալիցիայի երկրների գործողություններին: Հավաստանշում ենք նրանց զինված ուժերի ակտիվությունը Սիրիայի շուրջ: Պահպանվում է մարտական թունավոր նյութեր կիրառելու հնարավորությունը` նրա համար, որպեսզի հետագայում սիրիական բանակը մեղադրվի քիմիական զենքի օգտագործման մեջ: Վերջին մեկ շաբաթում երեք այդպիսի փորձ է կանխվել»:
ՌԴ պաշտպանության նախարարն ասել է նաև.
«Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակում մեր արևմտյան գործընկերները որոշումներ ընդունելիս կառաջնորդվեն առողջ բանականությամբ, ահաբեկիչների հետ սիլի-բիլի անելուն վերջ կտան և կմիանան Սիրիայում ռուսական խաղաղ նախաձեռնությանը»:
Գործընկերնե՞րը, թե թշնամիները… Անշուշտ, վերջինը, ինչը, ի թիվս բազմաթիվ այլ փաստերի, ևս մեկ անգամ հաստատվում է Անկարայում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` այսօր հրապարակված այն հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում ահաբեկիչներին զենքով հազարավոր բեռնարկղեր է առաքել: 
Ինչպես հասկանալի է, Ռուսաստանի պաշտպանության նախարարը համապատասխան բառը` «թշնամիները», պարզապես չի օգտագործել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետագա վատացումից խուսափելու համար:
«Հետագայում ևս ամեն ինչ կանենք տվյալ տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, բոլոր հետաքրքրված կողմերին կոչ ենք անում կառուցողական երկխոսության և համատեղ գործողությունների` ուղղված բռնության դադարեցմանը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
Իր հերթին, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին, ըստ  Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ասել է, որ Արևմուտքը միջամտում է Սիրիային վերաբերող ցանկացած հարցում, և իր երկիրն ապացույցներ է տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը, որոնք վկայում են Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Արևմուտքի հայտարարության կեղծ լինելու մասին:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի հավաստմամբ, Արևմուտքը գիտակցելով Սիրիայում իր քաղաքականության ձախողումը, ասպարեզ է բերել մեղադրանքներ` Դամասկոսի կողմից ահաբեկիչների նկատմամբ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ:
ԱՄՆ-ի գլխավորած Արևմտյան ճակատի հրավերով երեկ կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` նպատակ ունենալով Սիրիայում մարդու իրավունքների հարցի քննարկումը: Սակայն, քանի որ Արևմուտքը մարդու իրավունքների անվան տակ փորձում է պաշտպանել ահաբեկիչներին և Սիրիայի զինյալ ընդդիմությանը, նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովել, դադարեցնել նրանց նկատմամբ Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների համապատասխան գործողությունները, Ռուսաստանի ու Չինաստանի ընդդիմության արդյունքում վերոնշյալ հարցը դուրս է հանվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play