Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)


Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)

  • 28-03-2018 21:52:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
 
 
 
Սա է իրականությունը` ոչնչացվող Հայաստան` բնական միջավայրի աղտոտմամբ, թունավորմամբ, հիվանդացության ու մահացության աճով, ինքնասպանություններով, արտագաղթով…
Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին ամենաբարձր աղտոտվածությունն ունի, դրանց ջրերը ոչ միայն պիտանի չեն ոռոգման և այլ նպատակների համար, այլև վտանգավոր են: Եթե այդ գետերի ջրերում դեռ ձկներ մնացել են, ապա դրանք թունավորված են: Սակայն, տեղացիներն այդ ջրերով ոռոգում են իրենց հողատարածքները, սնվում թունավորված պտուղ-բանջարեղենով և այն նաև վաճառում ուրիշներին, գուցե ձուկ էլ են որսում և օգտագործում կամ վաճառում:
Վերոնշյալ իրավիճակը հետևանք է Հայաստանում արմատացած համակարգային ու քաղաքական կոռուպցիայի, պետական  մակարդակով հովանավորված հանցագործության, որի ծանր հետևանքները կարելի է տեսնել հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում (որտեղ հիվանդների հերթերը գրեթե մշտական բնույթ ունեն), ինչպես նաև գերեզմանատներում: Փաստորեն հայերը հիվանդանում, խրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ են դառնում, սպանվում հայերի կամ հայի ազգանուն ունեցողների ձեռքով, և արդեն առանձնապես էական չէ, թե գետերի և, ընդհանրապես, բնական միջավայրի թունավորման զոհերը սպիտակ եղեռնի զոհե՞ր կանվանվեն, թե մեկ այլ հանցագործության:
Այս ամենը կարծես դեռ քիչ է, ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ մեկնարկել և հիմա ընթացքում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եթե չասենք հանցավոր, ապա առնվազն խիստ վտանգավոր ծրագիրը (հանքավայրի շահագործումը նախատեսված է 2018թ. աշնանից, ըստ մի շարք մասնագետների, փորձագետների, թթվային անկառավարելի դրենաժի հետևանքով այն վերածվելու է շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցություն գործող թթվային ահռելի գեներատորի): Այս ծրագրին առաջիկայում կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Հայաստանի գետերի աղետալի աստիճանի հասած աղտոտվածության վերաբերյալ է մեր հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանի հետ:
 
- Դուք երկար ժամանակ ուսումնասիրում եք Հայաստանի գետերի ջրերի բաղադրությունը, ջրի որակը, մեր գետերի այսօրվա վիճակի մասին ի՞նչ կարող եք ասել, կա՞ մտահոգվելու առիթ:
- Այո, կա մտահոգվելու առիթ և այդ առիթը հետևյալն է: Դեռ 5-6 տարի առաջ մեր գետերում ջրերի որակի առումով բավական լավ պատկեր ունեինք և աղտոտվածության ռիսկային գոտիները կազմում էին մինչև 20 տոկոս: 2017 թվականին աղտոտված էր արդեն մեր գետային ավազանի արդեն 35 տոկոսը: Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին արդեն 5-րդ (ամենաբարձր, ամենավատ) կարգի աղտոտվածության ջուր ունի, ինչը նշանակում է, որ այդ գետերի ջրերն այլևս պիտանի չեն ոչ ձկան աճեցման, ոչ ոռոգման համար, որևէ նպատակով օգտագործելը գործնականում նույնիսկ վտանգավոր է: Գետերի մոտ 15 տոկոսը 4-րդ կարգի ռիսկային աղտոտվածություն ունի, այսինքն` մեր ջրերի որակի վատացումն անշեղորեն շարունակվում է: Եթե համեմատում ենք 2010-2011 թվականների վիճակի հետ, ապա 2017 թվականի դրությամբ արդեն մոտ 1,5 անգամ ավելի շատ աղտոտված գետեր, ջրային գոտիներ ունեինք: Սա է պատկերը:
- Որո՞նք են աղտոտման հիմնական գործոնները:
- Հանքարդյունաբերությունը, կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը, որոնք անարգել հոսում են դեպի գետեր, և պարզապես գետերի աղբոտումը: Ամենավատն այն է, որ հանքարդյունաբերության ազդեցությամբ աղտոտվածի մասնաբաժինն է ավելանում, աղտոտվածության նշածս աճը հիմնականում հանքարդյունաբերության հետևանքով է, վատ կառավարվող, անպատասխանատու հանքարդյունաբերության: Գետերի աղտոտման հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, այն նաև ամենավտանգավորն է, որովհետև հանքարդյունաբերության աղտոտումը չեզոքացնելը, վերականգնելը, դարձելի դարձնելը, կառավարելն ավելի դժվար է: Եթե բնությունն իր ինքնամաքրման կարողության շնորհիվ կարողանում է կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտումը համեմատաբար կարճ ժամանակաընթացքում մաքրել, ապա հանքարդյունաբերության հետևանքով աղտոտումը կարող է և անդարձելի լինել, այսինքն` հնարավոր չլինի վերականգնել գետի ջրի նախնական, մինչև հանքարդյունահանումը եղած վիճակը:
- Ինչո՞ւ, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Դա ծանր, թունավոր մետաղների հետ է կապված: Կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտվում են հիմնականում ազոտի, ֆոսֆորի միացություններով, օրգանական միացություններով, որոնք բնության մեջ, այսպես ասեմ, օքսիդանում են, և ջուրն ինքնամաքրվում է: Օրինակ, Երևանի կոյուղաջրերը Դարբնիկ գյուղի մոտ լցվում են Հրազդան գետը, այնտեղ մենք ունենք աղտոտվածության 5-րդ կարգի ջուր, սակայն մինչև սահման հասնելը (ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր) ջուրն արդեն բավական մաքրվում է իր ինքնամաքրման կարողության հաշվին: Սակայն, անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքով (խոսքս մետաղական հանքավայրերի շահագործման մասին է) գետերը աղտոտվում են հիմնականում ծանր մետաղներով, իսկ ծանր մետաղները ոչ օքսիդանում են, ոչ ցնդում, գոլորշիանում այդ գետի էկոհամակարգից: Նրանք շատ երկար ժամանակ մնում են գետի էկոհամակարգում, հատակային նստվածքներում: Այդ իմաստով հանքարդյունաբերության ազղեցությունը շատ ավելի վտանգավոր է, բայց մենք փաստորեն վատ, անպատասխանատու հանքարդյունաբերության և ջրերի վատ կառավարման պատճառով այսօր ունենք լուրջ խնդիր:
- Ձեր կարծիքով, պետական պատկան մարմիններն այս ամենին տեղյա՞կ են, թե ոչ:
- Եթե տեղյակ են ու համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում, շատ վատ է, եթե տեղյակ չեն, ավելի վատ է: Ես խոսում եմ պաշտոնական տվյալներով, «Հայէկոմոնիտորինգի» տարեկան տեղեկագրերը բացեք, նայեք 2011 թվականին քանի տոկոսն է եղել աղտոտված, 2012-ին քանի տոկոսը, 2013-ին քանի տոկոսը և 2017-ին քանիսը:
- Անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստանում հատկապես որտե՞ղ են արտահայտվում:
-  Դեբեդի ավազանում (Ախթալայի կոմբինատ, Ալավերդու կոմբինատ, Թեղուտի կոմբինատ), Սյունիքում Քաջարանի, Կապանի, Ագարակի կոմբինատների հետևանքներն են, միայն այսքանն արդեն իսկ բավարար է…
- Դեբեդի ուսումնասիրությամբ ի՞նչ եք պարզել:
- Ալավերդուց սկսած, Դեբեդի ջուրը հանքարդյունաբերական թափոններով, կեղտաջրերով աղտոտվում է, Ախթալայի գոտում աղտոտումն ավելի է մեծանում, Շնողի գոտում էլ ավելի է մեծանում, և գործնականում մինչև հայ-վրացական սահման հասնելն այդ հատվածում Դեբեդի ջուրը 5-րդ կարգի աղտոտվածություն ունի:
- Բայց իրականում օգտագործվո՞ւմ է, չէ՞…
- Այո, ոռոգման նպատակով օգտագործվում է: Հանքարդյունաբերության կեղտաջրերով 5-րդ կարգի աղտոտվածության նույն վիճակում է Ողջի գետը` Քաջարանից սկսած: Մենք էլի տեղեր ունենք, որտեղ ջրի աղտոտվածությունը 5-րդ կարգի է, օրինակ, Վանաձորից ներքև, Հրազդան գետը` Երևանից ներքև, բայց այստեղ աղտոտված է կոմունալ-կենցաղային կեղտաջրերով, սակայն այն հատվածների մասին, որ նշեցի, հանքարդյունաբերական կեղտաջրերով են աղտոտված:
- Ծանր մետաղներից հատկապես որո՞նք են գերակշռում Դեբեդում, Ողջիում…
- Ցինկը, կադմիումը, կապարը, պղինձը, Շնողի գետաբերանում` մոլիբդենը: Օրինակ, Շնողի առնչությամբ, Թեղուտի հանքավայրի ազդեցության հետ կապված, խոսում էինք, երբ դեռ նոր էին սկսում այդ ծրագիրը: 2009 թվականից մենք այնտեղ հետազոտություններ ենք կատարել: Շնողի գետաբերանում մինչև 2012 թվականը մաքուր, 2-րդ կարգի, լավ որակի ջուր է եղել: Կամաց-կամաց սկսեց վատանալ, 2015 թվականին աղտոտվածությունը հասավ արդեն 4-րդ կարգի` հիմնականում մոլիբդենի պատճառով, նաև` կախված մասնիկների, 2016, 2017 թվականներին արդեն մոլիբդենով ու կախված մասնիկներով 5-րդ կարգի աղտոտվածության ջուր է եղել:
Շնողը լեռնային հրաշալի գետ էր, որը մաքուր, շատ բարձր որակի ջուր ուներ, մինչդեռ մենք հիմա այնտեղ ունենք արդեն 5-րդ կարգի աղտոտվածության ջուր: Ախթալայի գետաբերանում ջուրն աղտոտված է ցինկով, կադմիումով, կապարով, պղնձով, կախված մասնիկներով, սուլֆադով: Ըստ էության, նույն պատկերն է Ողջիում, Ագարակի մոտ Կարճևան գետի մասին էլ չեմ խոսում, այդ գետը, որպես այդպիսին, ամբողջությամբ ոչնչացված է, վերածված է պոչատարի, ինչպես Ախթալան: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի փնթի և անպատասխանատու աշխատանքի հետևանքով աղտոտվում է նաև Արաքսը, և այդ առնչությամբ անընդհատ խնդիր է առաջանում Իրանի հետ: Ակնհայտ է, որ կեղտաջրերը լցվում են Կարճևան, Արաքս, այնտեղ իրենք կեղտաջրերն ուղղակի Արաքս լցնելու խողովակներ էլ ունեն: Հիմա չգիտեմ ինչ վիճակ է, վերջին անգամ այնտեղ եղել եմ անցած տարի, պատկերը նույնն էր, ինչ որ 5 տարի առաջ, ոչինչ չէր փոխվել: Առանց մաքրելու, կեղտաջրերը լցնում են գետեր ու դրանով սահմանափակվում: Ջրերի կառավարումը պետության գործառույթն է, բայց պետությունն իր այդ գործառույթը շատ վատ է իրականացնում:
- Ի՞նչ է նախատեսվում խախտումների դեպքում, հանքարդյունաբերողների համար երևի չնչին չափերի տուգանքնե՞ր…
- Սիմվոլիկ տուգանքներ, բայց խնդիրը միայն տուգանքով լուծելի չէ: Այդ ամբողջ շղթան երբ որ նայում ենք, թե ինչ է կատարվել, պատկերը պարզ է դառնում: Թեղուտի համար այդքան պայքար գնաց, այդքան ասացինք, զգուշացրեցինք հետևանքների մասին, բայց վերջը թույլատրեցին շահագործումը ու սկսեցին շահագործել: Ինչպես արդեն ասացի, 2012 թվականին Շնողի գետաբերանում մաքուր, լավ որակի ջուր էր, 2014 թվականին, երբ նոր սկսեցին բացել հանքը, ջրի որակը սկսեց վատանալ, շահագործումից հետո ջրի աղտոտվածությունը հասավ արդեն 5-րդ կարգի: Ես խոսում եմ պետական տեղեկատվությունից ելնելով: Պետական կառավարման մի օղակ այս տեղեկատվությունը պարզել, ներկայացրել է, իր աշխատանքը, լավ թե վատ, արել է, սակայն համակարգի մյուս օղակը, որը պարտավոր էր հետևել դրան, համապատասխան եզրակացություններ անել, միջոցառումներ ձեռնարկել, ոչ մի բան չի արել: Այսինքն` ստացվում է, որ համապատասխան պաշտոնյաները, պատասխանատու անձինք չեն ուզում տեսնել, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ