Քանի դեռ չի հնչել մեծ պատերազմի շեփորը (տեսանյութ)


Քանի դեռ չի հնչել մեծ պատերազմի շեփորը (տեսանյութ)

  • 09-04-2018 21:54:52   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն



 
 
 
 
Շաբաթ երեկոյան Սիրիայում իրականացվել է ԱՄՆ-ի նախապես ծրագրած սադրանքը, իսկ այսօր Սիրիայի ավիաբազաներից մեկի վրա հրթիռային հարձակումը, ինչի համար էլ նախատեսված էր այդ սադրանքը:
Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում ապրիլի 7-ին ահաբեկիչների քիմիական հարձակման հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել ու տուժել: Ըստ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, նախնական տվյալների համաձայն, 75 հոգի զոհվել, ևս հարյուր հոգի տուժել է: Համաձայն իրանական մեկ այլ ԶԼՄ-ի հրապարակման, զոհերի թիվը հասնում է մոտ 100-ի, իսկ «Reuters»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, 35 մարդ է զոհվել: Նախնական տեղեկատվության համաձայն, քլոր պարունակող ռումբը գցվել է Դումայում գտնվող հիվանդանոցին մոտակա մի շենքի վրա:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան Սիրիայի արտգործնախարարությունը հանդես գալով հաղորդագրությամբ, հայտարարել է, որ այսօր երբ Սիրիայի բանակն առաջացել է ահաբեկիչների դեմ պայքարում, ահաբեկիչների ներկայությունը երկարաձգելու նպատակով, Արևելյան Ղութայի Դումա քաղաքում քիմիական զենքի օգտագործման կեղծ հայտարարություններ են կատարվել:
«Քիմիական զենքի օգտագործման մասին պնդումները ձանձրալի և անհավատալի պատմություն են դարձել՝ բացառությամբ այն երկրների, որոնք զբաղվում են քաղաքացիական բնակչության արյան առքուվաճառքով և աջակցում ահաբեկչությանը Սիրիայում», - նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նույն հայտարարության համաձայն, «Ամեն անգամ, երբ Սիրիայի արաբական բանակն հաջողություններ է ունենում  ահաբեկչության դեմ պայքարում, քիմիական նյութերի օգտագործման մասին պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Դումայում ահաբեկիչների կյանքը երկարաձգելու համար»:
Բացի վերոնշյալից, Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Գուտայում ահաբեկիչների կողմից քիմիական նյութի կիրառումը նախապես ծրագրված էր, և կա փաստաթղթերով հաստատված տեղեկատվություն, Սիրիական պետությունն այդ մասին ավելի վաղ զգուշացրել էր»:
Նախապես արդեն տեղյակ լինելով դեռ ահաբեկիչների և Սիրիայի զինյալ ընդդիմության հսկողության տակ գտնվող Դումայում նախապատրաստվող սադրանքին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ ուրբաթ օրը զգուշացրել էր, որ «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խումբը և, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակը մտադիր են քիմիական գազի կիրառել Դումայում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարարել էր նաև, որ ահաբեկիչներն այդպիսով նպատակ ունեն Սիրիայի կառավարությանը մեղադրել իր քաղաքացիների դեմ հարձակում կազմակերպելու մեջ: Տեղի ունեցածից հետո ՌԴ արտգործնախարարությունը Դումայի վրա Սիրիայի պետական ուժերի քիմիական հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է համարել և հայտարարել է, որ նման անհիմն հայտարարությունների նպատակը Սիրիայի վրա ռազմական հարձակման առիթ գտնելն է: ՌԴ արտգործնախարարության հավաստմամբ, նման անհիմն լուրեր տարածելու նպատակը նաև հովանավորելն է ահաբեկիչներին ու ծայրահեղական խմբավորումներին, որոնք խոչընդոտում են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը:
Իրանի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը նույնպես քննադատել է Սիրիայի բանակի դեմ արևմտյան ԶԼՄ-ների քարոզչական արշավը և հայտարարել, որ Դումայում Սիրիայի կառավարական բանակի կողմից քիմիական զենքերի կիրառման մասին հայտարարությունն անհիմն է: Հիշյալ գործակալությունը հավաստել է, որ նման մեղադրանք առաջ քաշելով, ահաբեկիչները փորձում են բացահայտորեն կանխել սիրիական ուժերի առաջխաղացումը: 
Չնայած այս ամենին, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դարձյալ փորձել է Դումայում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական հարձակում իրականացնելու մասին մտահոգություն հայտնելով, այն կապել Սիրիայի կառավարության հետ և այսպիսով աջակցել ահաբեկիչներին:
«Reuters»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Դումայի տարածքում քիմիական հարձակման մասին զեկույցներ են նախապատրաստվում, և որ Սիրիայի կառավարության կողմից երկրի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումն անվիճելի է:
Ավելին. չբավարարվելով Սիրիայի իշխանություններին մեղադրելով, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես պատասխանատու է քիմիական զենքի միջոցով Սիրիայի ժողովրդին հարձակման ենթարկելու համար, քանի որ հովանավորում է Սիրիայի իշխանություններին: Դե ինչ, Միացյալ Նահանգներն իր լկտիությամբ վաղուց չի զարմացնում աշխարհին: Իր հերթին, Սիրիայի կառավարության հասցեին ապրիլի 8-ին սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նրան մեղադրելով Դումայի վրա հարձակման ընթացքում քիմիական զինամթերքի կիրառման մեջ: Այստեղ ընդգծենք, որ Դուման Արևելյան Ղութայում, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ահաբեկիչների, բանդիտական կազմավորումների վերջին ամրակետն է: ԱՄՆ-ի նախագահը կատարվածի պատասխանատվությունը դրել է նաև Ռուսաստանի և Իրանի վրա` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:
ԱՄՆ առաջնորդը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են անասուն Ասադին աջակցելու համար: Ստիպված կլինեն մեծ գին վճարել»: Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ուղղված դավադրություն է անվանել: Բացի այդ, արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայի բանակն արդյունավետորեն պայքարում է ահաբեկիչների դեմ և առավելություն ունի մարտադաշտում, հետևաբար քիմիական զենքի օգտագործման մասին մեղադրանքն անտրամաբանական է: Քասեմիի համոզմամբ, Սիրիայի դեմ քայլերը երկրում կբարդացնեն իրավիճակը ու պատճառ կդառնան, որպեսզի ահաբեկչական խմբավորումները շարունակեն իրենց գործունեությունը:
«ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների կողմից նման մեղադրանքները վկայում են սիրիական կառավարության, սիրիացիների և տարածաշրջանի բնակիչների դեմ նոր դավադրության մասին և պատրվակ են Սիրիայի դեմ քայլերի համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքերը մեջբերված են Իրանի արտգործնախարարության կայքում:
Սիրիայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին հայտարարությամբ հանդես գալով, Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ռուսները Սիրիայում են գտնվում երկրի օրինական իշխանության խնդրանքով: Արտաքին միջամտությունը, ինչպես նշել են ԱԳՆ-ում, բացարձակապես անընդունելի է և «կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել»:
Այնուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահի վերոնշյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց, ապրիլի 9-ին զանգվածային հրթիռային հարված է հասցվել Սիրիայի Հոմս նահանգում գտնվող Т-4 («Ալ- Թիֆուր», ըստ այլ աղբյուրների՝ «Թայֆոր) ռազմական օդանավակայանին: Նշենք, որ Հոմս նահանգի նույնանուն կենտրոնը Դամասկոսից ընդամենը 162 կմ է հեռու` դեպի հյուսիս, Հալեպից՝ 192 կմ դեպի հարավ, իսկ Արևմուտքում ընդամենը 90 կմ է հեռու Սիրիայի «Տարտուս» նավահանգստից, որտեղ ՌԴ ռազմածովային ուժերի բազան է: 
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի, հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն իր ռազմական աղբյուրների վրա հղում կատարելով, ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ հարձակման հետևանքով զինծառայողների շրջանում զոհեր ու վիրավորներ կան: ՍԱՆԱ –ի տեղեկությունների համաձայն, հակաօդային պաշտպանության սիրիական համակարգը արձակված հրթիռներից 8-ը ոչնչացրել է, սակայն թե դրանցից քանիսն են թիրախին հասել, ապրիլի 9-ի առավոտյան դեռ չէր հաղորդվում: 
«Associated Press»-ը վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, հայտնել է, որ ավիաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվել 14 հոգի, ընդ որում, ոչ միայն սիրիացիներ, այլև իրանցիներ: Թե որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը, այս պահին դժվար է ասել:
«Ալ Մայադեն» հեռուստաընկերության վկայությամբ, օդանավակայանի շրջանում որոտացել են մի քանի ուժեղ պայթյուններ, Միջերկրական ծովի կողմից հրթիռները Սիրիայի կողմ են թռել Լիբանանի տարածքով: Հարձակումից կարճ ժամանակ անց ՍԱՆԱ-ի սկզբնական շրջանի հաղորդագրության մեջ նշված է, որ օդանավակայանին հարվածը ենթադրաբար հասցվել է ԱՄՆ-ի օդային ուժերի կողմից, սակայն Սպիտակ տունը, հետևելով Պենտագոնին, չի հաստատել վերոնշյալ հաձակմանն ԱՄՆ-ի մասնակցությունը: Իր հերթին, Ֆրանսիան հայտնել է, որ հարվածը Ֆրանսիայի զինուժի կողմից չի հասցվել:
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ հրթիռային հարվածը հասցվել է Իսրայելի կողմից, որը նախկինում էլ քանիցս հարձակվել է Սիրիայի ռազմական օբյեկտների վրա: Մոսկվայի ժամանակով 03.25-03.53-ը ժամանակահատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 ինքնաթիռներ անօրինաբար, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ մտնելով Լիբանանի օդային տարածք, այնտեղից, առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու, բազմաթիվ կառավարվող հրթիռներ են արձակել հիշյալ օդանավակայանի ուղղությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Լիբանանի օդային տարածքից Իսրայելի երկու F-15 կործանիչից արձակված կառավարվող հրթիռներն են ութն եղել, որոնցից 5-ը խոցվել են Սիրիայի ՀՕՊ-ի կողմից, իսկ մնացած 3-ը հասել են օդանավակայանի արևմտյան մասին: ՌԴ ՊՆ-ի հավաստմամբ, զոհերի և տուժածների թվում Սիրիայում գտնվող ռուսաստանյան խորհրդականներ չկան:
Այսօր լրագրողներին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեղադրանքը սադրիչ քայլ է»: Նշելով, որ ավելի վաղ հայտնել էր Սիրիայում քիմիական հարձակման անհիմն հայտարարության ասպարեզ գալու հավանականության մասին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Ռուս զինվորականները բազմիցս զգուշացրել են, որ ուրիշները հրահրող քայլեր են ձեռնարկում, որպեսզի հերթական անգամ Սիրիային մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ»: Չնայած Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու մտադրության վերաբերյալ վերջերս Թրամփի հայտարարությանը, Լավրովն ընդգծել է, որ «ԱՄՆ-ը մտադիր է երկարատև ներկայություն ունենալ Սիրիայում»: ՌԴ արտգործնախարարը հայտարարել է նաև, որ «Ռուսաստանի դեմ տեղեկատվական մեծ պատերազմ է սանձազերծվել: Ռուսաստանը մեղադրվում է Սիրիայի իշխանության քիմիական հարձակումներին աջակցելու մեջ»:
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի կարծիքով, Ռուսաստանն իր պաշտպանական և դիվանագիտական գերատեչությունների միջոցով արդեն հարցում է ուղարկել Իսրայելին` սիրիական ավիաբազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածների պատճառները ճշտելու նպատակով։
«Պետք է հասկանալ, թե ի՞նչն է Իսրայելին դրդել այդպիսի քայլի, ո՞վ է նրա վրա ճնշում գործադրել,- ասել է Ջաբարովը:- Կամ` այդ որոշումը ինքնուրույն է կայացվել: Եթե Իսրայելին այդ քայլին դրդել է ԱՄՆ-ը, ապա դա վատ է, և Թել Ավիվի այսպիսի քայլը շատ բան է ոչնչացնում Իսրայելի հետ մեր հարաբերություններում»:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսն անդրադառնալով մել այլ` ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը, ասել է, որ չի մեկնաբանի այն:
Թեև ՌԴ ՊՆ-ն հիշյալ հրթիռային հարձակման համար մեղադրել է Իսրայելին, սակայն սա չի նշանակում, թե ԱՄՆ-ը տվյալ հարձակման հետ որևէ առնչություն չունի, քանի որ տվյալ հարձակումը, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի ու նրա գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի հետ: Այս կարծիքն է հայտնել պրոֆեսոր, ռազմական բախումնաբանության և աշխարհառազմավարական կանխատեսման փորձագետ Եվգենի Նիկիտենկոն: Վերջինիս կարծիքով, սիրիական ռազմաբազային Իսրայելի հարվածը հետապնդում է երկու նպատակ. իհարկե, խնդիր է դրված եղել վնաս պատճառել սիրիական ռազմական ինֆրակառուցվածքին, սակայն եղել է նաև երկրորդ խնդիրը` գնահատել սիրիական ՀՕՊ-ի արձագանքման որակը, ինչպես նաև կապի և թիրախների հայտնաբերման ռուսական համակարգերը: Ըստ փորձագետի, անգլոսաքսերը և իսրայելցիները վերլուծում են այդ ավիահարվածին եղած արձագանքը և իրենց հետևությունները կատարում: Այդպիսի հարված հասցնելը շատ լավ միջոց է ստուգելու, առաջին հերթին, ռուսական համակարգերը:
Վերոնշյալով հանդերձ, Սիրիայի ռազմական օդանավակայանի վրա Իսրայելի հիշյալ հարձակումը նախորդներից առանձնանում է նրանով, որ անմիջապես հաջորդել է Դումայում իրականացված քիմիական հարձակման սադրանքին: Որևէ կասկած չկա, որ Սիրիային հարվածելու հարցում ԱՄՆ-ը և Իսրայելը հանդես են գալիս միասնաբար, ինչպես ֆուտբոլային խաղի ժամանակ են ֆուտբոլիստները խաղում գնդակը մեկը մյուսին փոխանցելով: Դատելով ամենից, Իսրայելի վերոնշյալ հրթիռային հարվածը դեռ նախերգանքն է` Սիրիային ԱՄՆ-ի էլ ավելի հզոր հարվածից առաջ, քանի որ Սիրիային հիշյալ հարձակմամբ պատճառված վնասը ԱՄՆ-ը և անձամբ Դոնալդ Թրամփը դժվար թե համարեն վերջինիս կողմից նշված այն մեծ գինը, որը պետք է վճարի Սիրիան Դումայում քիմիական հարձակման պատրվակով: Դումայում շաբաթ օրվա սադրանքը հենց այնպես չի կատարվել, դրա հետ կապված խաղադրույքները շատ բարձր են, խաղն էլ շատ հեռուն գնացող նպատակներ ունի: Այս մասին է հուշում նաև այն, որ քիմիական զինամթերքի կիրառման հիշյալ սադրանքից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել Դումայում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցները: Ավելին. ինը պետություն` ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն և Կոտ դ'Իվուարը, պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Սիրիայում քիմիական հարձակման մասին հաղորդումները քննարկելու համար: Ռուսաստանի դեմ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հետ կապված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների զրպարտությունն էլ Սիրիայում ԱՄՆ-ի նախատեսած հարձակման համատեքստում է, իսկ նպատակն այն է, որ քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվող ու միջազգային ճնշումների տակ գտնվող Ռուսաստանի լեզուն ու ձեռքերը կարճվեն, և տվյալ իրավիճակում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվող և առաջիկայում էլ հարձակման ենթարկվելիք Սիրիային քաղաքական ասպարեզում Ռուսաստանի պաշտպանությունը հնարավորինս անարդյունավետ լինի: Բայց այդ դեպքում Արևմուտքը լրջորեն հաշվի նստե՞լ է Ռուսաստանի ռազմական պաշտպանության հետ…
ԱՄՆ-ը, ինչպես նաև նրա եղբայր ու գլխավոր հանցակից Իսրայելը վաղուց են թքել միջազգային իրավունքի, օրենքների, բարոյական նորմերի վրա և ինչպես անցյալ դարում, այնպես էլ մեր ժամանակներում առաջնորդվում են ջունգլիների օրենքով, հետևաբար, կարծում եմ, նրանք կարող են միայն այդ լեզուն հասկանալ ու նրանց հետ պետք է հարաբերվել միայն այդ օրենքով: Այսօր առավոտյան տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Ռուսաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ առկա սպառնալիքի հարցով: Քանի դեռ չի հնչել մեծ պատերազմի շեփորը…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն