Առայժմ հոգեբանական ու քարոզչական խիստ պատերազմ ու նախապատրաստում ժամանակակից սպառազինության կիրառմամբ պատերազմին (տեսանյութ)


Առայժմ հոգեբանական ու քարոզչական խիստ պատերազմ ու նախապատրաստում ժամանակակից սպառազինության կիրառմամբ պատերազմին (տեսանյութ)

  • 12-04-2018 23:25:41   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
 
 
Ամբողջ աշխարհն այս օրերին ուշադրությամբ հետևում է, թե ինչ է կատարվում Սիրիայում, և փորձում վերլուծել ու կանխատեսել, թե ինչ կարող է կատարվել… Պարզվում է, ԱՄՆ-ը Սիրիայի դեմ ագրեսիային պատրաստվել է շատ ավելի վաղ, քան Դումայում քիմիական զենքի կիրառման ապրիլի 7-ի սադրանքը և, իբրև քիմիական զենք կիրառողներին պատիժ, Սիրիայի բանակին և իշխանություններին շինծու մեղադրանքով հրթիռային հարվածի սպառնալիքը: Համենայն դեպս, այդ մասին է վկայում «Youtube»-ում դեռ անցյալ ամիս 2018թ. մարտի 22-ին հրապարակված ու վերը ներկայացված տեսանյութը:
Մինչ Սիրիան ամեն պահի ենթակա էր և այժմ էլ ենթակա է ԱՄՆ-ի ու նրա գլխավորած ռազմական կոալիցիայի հուժկու հարվածներին, որոնք, ամերիկյան պլանավորմամբ, պետք է լինեն վճռորոշ` Ասադին և նրա իշխանությունը տապալելու առումով, Սիրիայի բանակն արդեն ամբողջությամբ ազատագրել է մայրաքաղաք Դամասկոսի հարևանությամբ, Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքը:
Սիրիայում զինադադարի և հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ Յուրի Յուտոշենկոն «Սպուտնիկ» լրատվական կայքին տված ճեպազրույցում հայտարարել է, որ սիրիական զորքերն արդեն ազատագրել են Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքը, և որ ահաբեկիչները փախել են քաղաքից, ուՍիրիայի դրոշն է ծածանվում Դումայի շենքերի վրա:
Յու. Յուտոշենկոյի տեղեկացմամբ, Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները շուտով կմեկնեն ազատագրված Դումա՝ այնտեղ կարգուկանոնը վերահսկելու նպատակով: Իր հերթին, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը հայտարարել է, որ Դումայի բնակիչներին տրամադրվել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը, ներառյալ` սննդամթերք, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ:
Ավելի վաղ (մինչ Դումայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ շինծու մեղադրանքը) մեր հրապարակումներից մեկով անդրադառնալով Արևելյան Ղութայում իր բանակի առաջխաղացումը չդադարեցնելու դեպքում Սիրիային հարվածելու ԱՄՆ սպառնալիքին, այն ենթադրությունն էինք հայտնել, որ Միացյալ Նահանգներն, ի թիվս այլ նպատակների, այդպիսով փորձում է փրկել Արևելյան Ղութայում ահաբեկիչների և Սիրիայի զինյալ ընդդիմության հետ միասին Սիրիայի բանակի դեմ կռվող իր մարդկանց: Սիրիայի բանակային ուժերն Արևելյան Ղութայում օրերս իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում, ճիշտ է, ամերիկյան զինծառայողների դեռ չեն բռնել, սակայն կարողացել են գերեվարվել մի քանի բրիտանացի զինվորների: Հասկանալի է, որ այս դեպքում տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Ղութա շրջանում ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի բանակային ուժերի կողմից գերեվարվել են մի խումբ բրիտանացի զինվորներ»: Ոմանց գոնե հիմա պարզ չէ՞ արդեն, թե Մեծ Բրիտանիան ինչու է միացել Սիրիայի դեմ քիմիական զենքի կիրառման առնչությամբ ԱՄՆ-ի շինծու մեղադրանքին և այդ երկրի դեմ նախապատրաստվող ագրեսիային: Ախր այնտեղ Ասադի դեմ նաև իր զինվորներն են կռվում, նրանցից մի քանիսն էլ հիմա գերի են ընկել:
Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ այսօր Դամասկոսում հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ դիմադրության առանցքի ցանկացած հաղթանակից և ձեռքբերումից հետո Արևմտյան երկրների բարձրացրած աղմուկը սաստկանում է: Այս դեպքում Արևմուտքի հիստերիան և ագրեսիայի սպառնալիքներն արտաքուստ պատճառաբանվելով Սիրիայի բանակի կողմից իբր իրականացված քիմիական հարձակմամբ, իրականում կապված են հատկապես Արևելյան Ղութան ահաբեկչական խմբավորումների զինյալներից և Սիրիայի զինված ընդդիմությունից ազատագրելու գործում Սիրիայի բանակի վերջին շրջանի հաջողությունների հետ, որոնք էապես ձախողում են Սիրիայում ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի պլանները:
Սիրիայի նախագահը անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման սպառնալիքին, ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Սիրիայի դեմ ուղղված ցանկացած քայլ միայն կհանգեցնի  տարածաշրջանի ապակայունացմանը և կվտանգի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Բաշար Ասադը հայտարարել է նաև, որ Արևմուտքի վերջին կասկածելի տեղաշարժերն ուղղված են իրավիճակն ահաբեկիչների օգտին փոխելուն:
Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հիշյալ հանդիպման ընթացքում ասել է. «ԱՄՆ-ի ուղիղ առաջնորդությամբ և տասնյակ երկրների մասնակցությամբ արդեն 7 տարի Սիրիայի ժողովրդի ու կառավարության դեմ պատերազմ է ընթանում, սակայն այսօր Սիրիան ավելի թույլ չէ, քան 7 տարի առաջ էր, և ոչ էլ ԱՄՆ-ն է ուժեղացել ավելի, քան յոթ տարի առաջ էր»:
«ԱՄՆ-ի վերջին քայլերը ցույց են տալիս, որ այդ երկիրը ոչ միայն չի հարգում բարոյական սկզբունքները, այլև զուրկ է տրամաբանությունից, ինչն իր հերթին սպառնալիք է համարվում համաշխարհային անվտանգության ու խաղաղության համար,- նշված է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:-Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ի կառավարությունը, որը մշտապես աջակցել է ԻԼԻՊ-ի  վահաբիական-սիոնիստական ահաբեկիչներին, Արևելյան Ղութայում ևս նույն ընթացքը շարունակի: Քիմիական զենքեր օգտագործելու վերաբերյալ կեղծ լուրեր տարածելով, ԱՄՆ-ն փորձում է այն պատրվակ դարձնել՝ Սիրիայի վրա հարձակվելու համար: ԱՄՆ կառավարությունը և նրա դաշնակից երկրներ Ֆրանսիան և Բրիտանիան համոզված են, որ իրենց քայլերով կկարողանան դադարեցնել ահաբեկչության դեմ Սիրիայի բանակի պայքարը, բայց Սիրիայի կառավարությունն առանց ուշադրություն դարձնելու այդ քայլերին, կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը»:
Երեկ հայտնի դարձավ, որ Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունն իր քննիչներին գործուղում է Սիրիա: Հիշյալ կազմակերպությունը դեռ երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով, հայտարարել է, որ Դումայում շուրջ 60 հոգու մահվան պատճառ դարձած քիմիական հարձակման վերաբերյալ հայտարարության շուրջ զեկույցները քննելու նպատակով, կազմակերպության քննիչները մեկնում են Արևելյան Ղութայում գտնվող Դումա:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ի տեղեկացմամբ, Սիրիայի արտգործնախարարությունն ապրիլի 10-ին Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությանը պաշտոնապես խնդրել է փաստահավաք խումբ գործուղելով Դումա, այնտեղ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ հետաքննություն անցկացնել: Տարրական տրամաբանություն ունեցողին հասկանալի է, որ քիմիական զենք օգտագործած պետությունն այդպիսի հրավեր չէր ուղարկի և իր տարածքում նշված հետաքննության անցկացման պատրաստակամություն չէր հայտնի:
Սիրիայի ԱԳ նախարարության պատասխանատու մի պաշտոնյա ՍԱՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ասել է. «Դամասկոսը  դատապարտում է որևէ կողմի միջոցով քիմիական զենքի կիրառումը և ընդգծում է Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության հետ իր լիարժեք համագործակցությունը` արևմտյան կողմի հայտարարությունների հետ կապված ճշմարտությունը պարզելու համար»: Անհասկանալի և չափազանց հետաքրքիր է, թե ի՞նչ են անելու ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները և անձամբ Դոնալդ Թրամփը Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունը ճշմարտությունը պարզելուց հետո հրապարակի իր զեկույցը, թե Սիրիային հարվածելուն են մինչ այդ:
Ահաբեկիչներին աջակցող ԱՄՆ-ը ու նրա որոշ դաշնակիցներ շաբաթ գիշեր ահաբեկիչների կողմից Դումայի տարածքում իրականացված կամ բեմականացված քիմիական հարձակման առնչությամբ Սիրիայի և Ռուսաստանի դեմ հոգեբանական ու քարոզչական խիստ պատերազմ են սկսել, միաժամանակ նախապատրաստվելով ժամանակակից սպառազինության կիրառմամբ պատերազմին: ԱՄՆ-ի նախագահը, այլ պաշտոնյաներ, ներառյալ` պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, հայտարարել են, որ ԱՄՆ-ը, որպես Դումայում քիմիական հարձակման պատասխան քայլ, հրթիռային հարված է հասցնելու Սիրիային»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական