Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք...


Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք...

  • 13-04-2018 11:31:15   | Իրան  |  Վերլուծություն

Օրւայ հետ ամէն քայլափոխի եւ ամենուր թեմատիկ զրոյցը դոլարի թանկացման ու դրանից բխող հետեւանքներն են… ոչ միայն օրէնսդիրի (խորհրդարան) նիստում լսել չուզեցին Կենտրոնական բանկի նախագահ Սէյֆի «արդարացումները», այլեւ նագախահի առաջին օգնական Ջհանգիրիի վերջնագիրը՝ տարադրամի 4200 թումանով գործարկման մասին, բանի տեղ չդրեցին նոյնինքն տարադրամային փոխանակման կենտրոնները…: Տնտեսական տագնապն իր բոլոր երեսներով, անշուշտ, բխում է ներքին թէ՛ արտաքին համարժէք ազդակներից‎, որոնք դեռեւս ուղեկցւել են Ռոհանիի նախագահութեան առաջին շրջանի տնտեսական բարեփոխումներին միտող քաղաքականութեանը, որի հիմքում էլ ընկած էր՝ «բարջամի» (միջուկային համաձայնագիր) ներդրումային դրական միտումները:
 
Ռոհանիի «Յոյս»-ի կառավարութեանը ընդդիմադիր հոսանքները, սակայն, ի սկզբանէ միեւնոյն «բարջամի» քաղաքական գնահատականներում մշտապէս թերահաւատ կեցւածք որդեգրելով՝ ուղղակի թէ՛ անուղղակի պատւար են հանդիսացել տնտեսական բարեփոխումների այսպէս ասած՝ արեւմտամէտ լիբերալ կուրսին, որի արդիւնքն էլ, ահա, այսօրեայ տնտեսական համընդհանուր տագնապն է՝ ազգային դրամի արժեզրկման հաշւին ու դոլարային ներկայիս տեսքով…:
 
Տւեալ դէպքում պարադոքսալ է հնչում այն, որ ստացւում է այնպէս, որ «բարջամին ընդդիմանում են թէ՛ Սպիտակ տան ղեկավարը եւ թէ՛ ներքին ընդդիմախօսներ…
 
Սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական դրսեւորւող խմորումներին զուգընթաց, Իրանի Իսլ. Հանրապետութեան համընդհանուր շահերին որպէս մարտահրաւէր օրակարգում են նաեւ ու մանաւանդ արտաքին թէ՛ նոր տնտեսական սանկցիաները, եւ թէ՛ բարձրաձայնւող զինւորական սպառնալիքները, կապւած իրանական տարածաշրջանային քաղաքականութեան հետ, որն չի հանդուրժւում ինչպէս մեծապետական, այնպէս էլ այս վերջնի շրջանային արբանեակների կողմից:
 
Այսպէս թէ՛ այնպէս՝ առանցքում Իրանի ազգային ու պետական շահերի, հողային ամբողջականութեան ու առհասարակ այս բոլորի անվտանգութեան առաջնահերթութիւնն է, որն էլ թւում է, թէ պէտք է գերակայ նպատակ սեպւի քաղաքական, կառավարական, թէ՛ իշխանական էլիտայի համար, որպէսզի օր առաջ ձեւաւորւի ու ամրապնդւի ազգային համերաշխութեան այն մթնոլորտը, որի առկայութեամբ էլ հաստատապէս յաղթահարւելու են թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ներուժ ու ներգործօն սպառնալիք-մարտահրաւէրները…:
 
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր 
Դերենիկ Մելիքեան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն