Թրամփն առաջարկել է դիտարկել իրանական և ռուսական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը (տեսանյութ)


Թրամփն առաջարկել է դիտարկել իրանական և ռուսական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը (տեսանյութ)

  • 16-04-2018 22:47:59   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
 
 
Սիրիայի վրա հարձակումից առաջ ԱՄՆ նախագահը, «The Wall Street Journal»-ի տեղեկացմամբ, դիտարկել է Սիրիայի տարածքին հարվածելու երեք տարբերակ, որոնցից մեկով նախատեսվում էր նաև ռուսական և իրանական օբյեկտների խոցում: Գործողության այդ արմատական տարբերակով առաջարկվում էր հարձակում ռուսական ՀՕՊ-ի վրա, որով պետք է խաթարվեր սիրիական վարչակարգի ռազմական ներուժը: Վերոնշյալ պարբերականի տվյալներով, Թրամփն ինքը խորհրդականներին առաջարկել է դիտարկել իրանական և ռուսական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, եթե դա անհրաժեշտ է սիրիական ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հանդես է եկել այդպիսի սցենարի դեմ և զգուշացրել պատասխան գործողությունների վտանգի մասին:
ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ իր զորքերը Սիրիայից չի հանի, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին: «ՌԻԱ Նովաստի»-ի տեղեկացմամբ, այս մասին «Fox News Sunday»-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Մենք չենք գնա, քանի դեռ վստահ չենք եղել, որ կատարել ենք բոլոր առաջադրանքները»,- պարզաբանել է դիվանագետը:
Իսկ Սիրիայում ԱՄՆ-ի իրական նպատակները գաղտնիք չեն` Ասադին և, ընդհանրապես, Սիրիայի իշխանություններին տապալել, Սիրիան մասնատել, տիրել նրա հարուստ նավթային պաշարներին, այդ երկրի տարածքը վերածել Իրանին հարվածելու հենակետի…
Չնայած նրան, որ ԱՄՆ-ն այս անգամ Սիրիայում ռուսական և իրանական օբյեկտների դեմ հրթիռներ չուղղեց, դրանց հարվածելու սցենարը, կարծում եմ, դեռ մնում է Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգում: Ամենից շատ հենց տողերիս հեղինակն է ցանկանում այս հարցում սխալված լինել:
Թեև սիրիական բանակն ապրիլի 14-ին հայտարարել է Արևելյան Ղութայի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման մասին, Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքում, որը մայրաքաղաք Դամասկոսի խոշորագույն արվարձանն է, դեռ զինված դիմադրության օջախներ կան: Սիրիական Ազգային գվարդիայի մարտիկների և զինված գրոհայինների միջև այնտեղ այսօր զինված բախումներ են ընթացել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղից հայտնել են «РИА Новости»-ի и ТАСС-ի թղթակիցները:
Հաղորդվում է նաև, որ բախումը սկսվել է Էր-Ռահմանի թաղամասում, որտեղ, տեղի բնակիչների խոսքերով, գտնվում է գրոհայիններին պատկանող մեծաքանակ զենք-զինամթերք: Բացառված չէ, որ դրանց թվում լինեն նաև քիմիական թունավոր նյութեր, որոնք առաջիկայում կարող են կիրառվել, որպեսզի պատրվակ ստեղծվի Սիրիայի վրա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նոր և ավելի ուժեղ հարվածի համար:
Այսօր Սիրիային հասցված հրթիռային հարվածը քննարկել են Մոսկվան ու Պեկինը: Կողմերը Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումը համարել են միջազգային իրավունքի խախտում: Չինաստանը արևմտյան կոալիցիայի «միակողմանի միջամտությունը» գնահատել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին հակասող:
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը կողմերին կոչ է անում հարցերը լուծել դիվանագիտության օգնությամբ ու դուրս չգալ իրավական շրջանակներից:
«Շաբաթ և կիրակի օրերին մենք բոլորս ականատես եղանք միջազգային իրավունքի հերթական խախտմանը, մի շարք երկրների կողմից ինքնիշխան Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ հերթական ագրեսիային»,- հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունխինը ճեպազրույցում ասել է. «Սիրիային ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմական հարվածը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունում շարադրված ուժի կիրառման արգելքի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը»:
«ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ սահմանել է, թե ինչպիսի իրավիճակներում կարելի է ռազմական ուժ կիրառել,- մեջբերելով Չունխինի խոսքերը, գրել է Նորությունների դաշնային գործակալությունը:- ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիային հարված հասցնելով, խախտել են ռազմական ուժի կիրառման արգելման միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները»: 
«Газеты.ru»-ի տեղեկացմամբ, նա ասել է նաև. «Ինչպես միշտ, մենք հանդես ենք գալիս միջազգային հարաբերություններում ուժի կիրառման դեմ և կոչ ենք անում այլ երկրի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի»:
Ուշագրավ է, որ Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հարվածի վերաբերյալ տարբեր են Ռուսաստանի և Թուրքիայի գնահատականները: Սիրիային ԱՄՆ-ի հարվածի հարցով տարբեր գնահատականները չեն բաժանել Թուրքիային ու Ռուսաստանին, և չեն խախտել Մոսկվայի և Անկարայի հետագա համագործակցության պլանները: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մի շարք հարցերում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները տարբերվում են, սակայն դա չի խանգարում շարունակել կարծիքների փոխանակումը, շարունակել քննարկել մեր դիրքորոշումներում այդ հակասությունները, և ամենագլխավորը` դա որևէ կերպ չի անդրադառնում տնտեսական և այլ խոշոր նախագծերի իրականացման համար համագործակցության և փոխգործակցության զարգացման հետագա բազմապլան հեռանկարների վրա»,- հայտարարել է Պեսկովը:
Ինչպե՞ս` Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հրթիռա-ռմբային հարվածի հարցում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները տարբեր են, և այդ պայմաններում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը դեռ խոսում է Ռուսաստանի և Մոսկվայի հետագա համագործակցության մասի՞ն… Այս հարցում ՌԴ իշխանություններն իրենց սխալը միայն այն ժամանա՞կ են ուշացումով գիտակցելու, միայն այն ժամանա՞կ են սթափվելու, երբ ճակատագրական կամ վճռական պահին Թուրքիան Ռուսաստանին դաշույնով կհարվածի թիկունքից…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական