Ռուսաստանի դեմ պատերազմ է վարվում ոչ միայն արտաքին, այլև ներքին, բայց վայ Արևմուտքին, եթե հանկարծ ռուսական արջն արթնացավ


Ռուսաստանի դեմ պատերազմ է վարվում ոչ միայն արտաքին, այլև ներքին, բայց վայ Արևմուտքին, եթե հանկարծ ռուսական արջն արթնացավ

  • 18-04-2018 00:17:17   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Արևմուտքը Ռուսաստանի դեմ վարում է տնտեսական, քաղաքական, քարոզչական, հոգեբանական, ինչպես նաև զենքի գործադրմամբ իրականացվող պատերազմ:
Այս մասին են վկայում Սիրիայում տեղի ունեցած ու ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական քայլերը, Արևմուտքի թելադրմամբ, հրահրմամբ կամ խրախուսմամբ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի սադրիչ գործողությունները, Ռուսաստանին, նրա գործարարներին արդեն միլիարդավոր դոլարների վնաս պատճառած Արևմուտքի պատժամիջոցները, դիվանագետների արտաքսումը ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև այլ իրողություններ:
Այո, նաև զենքի գործադրմամբ իրականացվող պատերազմ, որը հիմնականում մղվում է միջնորդավորված կերպով` ԻԼԻՊ-ի, ահաբեկչական այլ կազմակերպությունների և Սիրիայի զինյալ ընդդիմության միջոցով, եթե, իհարկե, չհաշվենք Սիրիայում ընթացող մարտական գործողություններին արևմտյան բազմաթիվ զինծառայողների ուղղակի մասնակցությունը: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ է, որ Սիրիայի բանակային ուժերն Արևելյան Ղութայում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում կարողացան գերեվարվել մի քանի բրիտանացի զինվորների:
Իհարկե, այնպես չէ, որ Ռուսաստանն իր նկատմամբ վարվող վերոնշյալ պատերազմի պայմաններում ձեռքերը ծալած, խեղճուկրակ վիճակում նստած է, չի պատասխանում ու չի պատրաստվում պատասխանել իր դեմ առկա տարբեր մարտահրավերներին: Սակայն դա բոլորովին այլ խնդիր է, փաստը նաև այն է, որ աշխարհի անվտանգությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ և այդ սպառնալիքը գնալով աճում է:
Դիվանագետները, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները իրենց հայտարարություններում սովորաբար շատ հաշվենկատ, զգուշավոր ու զուսպ են, սակայն եթե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն բացեիբաց հայտարարում է, որ Արևմուտքի հետ Մոսկվայի հարաբերություններն ավելի լարված են քան «Սառը պատերազմի» օրերին, ապա կարելի է պատկերացնել, որ իրական վիճակը դրանից էլ ավելի վատ է: Լավրովը BBC-ի հետ երեկվա հարցազրույցի ընթացքում հայտարարել է. «Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ներկայումս ավելի վատ են, քան «Սառը պատերազմի» ժամանակ»:
««Սառը պատերազմի» ժամանակ գոնե գոյություն ունեին հաղորդակցության կապուղիներ և չկար ռուսաֆոբիա, որը նման է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Լավրովի հավաստմամբ, Սիրիայում, Արևելյան Ղութայում քիմիական զենքերի կիրառման մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարած բոլոր փաստերի աղբյուրները եղել են սոցիալական կայքերը, արևմտյան նշված պետությունների փաստարկները հիմնված են սոցիալական ցանցերում տարածված լրատվության վրա, մինչդեռ իրականում, ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, ապրիլի 7-ին Սիրիայում քիմիական զենք չի կիրառվել:
«Սիրիայի վրա Արևմուտքի հրթիռային հարձակումը հանգեցրել է Մոսկվայի և Արևմուտքի միջև վստահության վերացմանը,- ասել է Սերգեյ Լավրովը:- Արևմուտքը պետք է սպասեր Սիրիայում միջազգային քննիչների աշխատանքի ավարտին և արդյունքների մասին հայտարարությանը, քանի որ ոչ մի փաստ չկա ապրիլի 7-ին Դումայում քիմիական զենքերի կիրառումն ապացուցելու համար»:
Ռուսաստանի դեմ վարվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին պատերազմ:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ հաջողվել է կանխել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից կազմակերպված մի ահաբեկչական գործողություն: Գործողության իրականցման նպատակով կազմված խումբը չեզոքացվել է: 
ԱԴԾ հայտարարության համաձայն, վերոնշյալ ահաբեկչական խումբը գործունեություն էր ծավալում Ռոստով նահանգում և Ռուսաստանում ահաբեկչական գործողություն իրականացնելու հրահանգը ստացել էր Սիրիայում գործող ահաբեկիչներից: Վերջերս այս ահաբեկչական խումբը ֆուտբոլի համաշխարհային առաջնության անցկացման նախօրեին ռուսական սոցցանցերում սպառնացել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել է նաև, որ «Ձերբակալման ժամանակ այդ ահաբեկիչների ղեկավարը պայթեցրել է իրեն: Մյուս երեք ահաբեկիչները ձերբակալվել են»: Անցած 2 տարվա ընթացքում Ռուսաստանում սպանվել կամ ձերբակալվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի տասնյակ անդամներ և կողմնակիցներ:
Հիշենք, որ անցյալ տարեվերջին ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրեց մերձմոսկովյան շրջաններից մեկում երկրում ահաբեկիչների հերթական բջջի չեզոքացման մասին, որի անդամները պլանավորում էին հարձակումներ գործել ամանորին և 2018-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ասել էր, որ կասկածյալները, որոնք Կենտրոնական Ասիայի երկրներից են, պլանավորել էին «անձնասպան հարձակումներ և ահաբեկչական այլ գործողություններ իրականացնել»:
 2017թ. դեկտեմբերի 11-ին իրականացված ձերբակալության ընթացքում ԱԴԾ ծառայողներն ահաբեկիչներից առգրավել էին ինքնաշեն պայթուցիկներ, հրազեն և զինամթերք, բացի այդ, ոչնչացրել է ահաբեկչական գործողությունների համար նյութեր պատրաստող լաբորատորիա:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play