ԱՄՆ Կոնգրեսում չեն բացառել Սիրիային նոր ավիահարվածը
18-04-2018 23:33:58 | ԱՄՆ | Քաղաքական
Ռուսական զինվորականները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարևանությամբ, Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքում երեկ հայտնաբերել են գրոհայինների քիմիական լաբորատորիան և քիմիական նյութերի պահեստ: ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետ Ալեքսանդր Ռոդիոնովը: Վերջինիս տեղեկացմամբ, այնտեղ հայտնաբերվել են այնպիսի քիմիական նյութեր, որոնք վերահսկվում են քիմիական զենքի արգելման կոնվենցիայով: Ռոդիոնովի խոսքերով, զինվորականներն այնտեղ գտել են նյութեր, որոնք անհրաժեշտ են իպրիտի պատրաստման համար, ինչպես նաև քլորով բալոններ:
Վերոնշյալ լաբորատորիայի և պահեստի հայտնաբերումից առաջ, «Sputnik» գործակալությունը, հղում կատարելով Սիրիական ԶԼՄ-ների վրա, հաղորդել էր, որ ապրիլի 14-ին Արևելյան Ղութայից հեռացել են «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի անդամները և նրանց ընտանիքները, որից հետո շրջանում հայտնաբերվել են ահաբեկիչների կողմից այդ տարածքում քիմիական զենքերի արտադրության փաստեր:
Սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին նաև, որ ահաբեկիչները հեռանալուց առաջ փորձել են ոչնչացնել բոլոր կարևոր փաստերը, սակայն ոչ բոլոր փաստերն են ոչնչացվել: «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի պարագլխի բնակարանում հայտնաբերված փաստաթղթերում գրված է. «Ուսանողները քիմիական ու էլեկտրոնային հետազոտությունների կենտրոնում տեխնոլոգիական դասընթացներ են անցկացրել, որից հետո նշանակվել են որպես օպերացիոն պատասխանատուներ»:
Վերը շարադրվածը հուշում է, որ ահաբեկիչները Սիրիայում առաջիկայում կարող են քիմիական զենք կիրառել, որպեսզի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տան Սիրիային հարվածելու նոր առիթ: Պատահական չէ, որ ԱՄՆ Կոնգրեսը չի բացառել Սիրիային նոր ավիահարվածը… քիմիական զենքի միջադեպի կրկնության դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը՝ ելույթ ունենալով նշված կոմիտեում կազմակերպված լսումների ժամանակ:
Մեկ բան է ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կամ թունավոր նյութերի արտադրությունը, մեկ այլ բան՝ Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման երևութականության ստեղծումը, որի ետևում կանգնած են եղել սադրիչները: Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 7-ին Դումայում իբր թե Սիրիայի բանակի կողմից իրականացված քիմիական հարձակման պատրվակով, ԱՄՆ-ը, Բրիտանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության, հրթիռառմբային հարված հասցրեց Սիրիային: Ուշագրավ է, որ հենց ամերիկյան լրագրողներն օրերս այցելելով Դումա, այնտեղ քիմիական հարձակման որևէ հետք չեն հայտնաբերել:
«Hartak.am»-ի տեղեկացմամբ, «One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք և այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին ասված է այն նյութում, որը զետեղված է հեռուստաալիքի կայքում և YouTube-ում:
Թղթակից Փիրսոն Շարփը պատմել է, որ զրուցել է տեղացի բնակիչների հետ, ինչպես նաև այցելել է տեղի հիվանդանոց և քիմիական գրոհի, էպիկենտրոն, որի մասին ավելի վաղ պատմել են տեղացի ակտիվիստները: «Նրանցից ոչ մեկը, ում հետ մենք շփվեցինք քաղաքում, չի լսել այդ միջադեպի մասին և ոչինչ չի տեսել»:
Նա նաև հայտնել է այդ օրը հերթապահած բժշկի խոսքն այն մասին, որ ապրիլի 7-ին մի խումբ անծանոթներ ներխուժել են ընդունարան՝ գոռալով քիմիական գրոհի մասին: «Նրանք բերել էին մարդկանց և սկսեցին նրանց վրա ջուր լցնել՝ միաժամանակ ամեն ինչ նկարահանելով տեսախցիկներով: Երբ արարողությունն ավարտվեց, նրանք հավաքեցին իրեց իրերն ու հեռացան»,- պատմել է նա»:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կից փաստահավք կոմիտեի քննիչները ապրիլի 17-ի առավոտյան մեկնել են Դումա: Քննիչների խումբը, «Ալ-Ալամ» հեռուստաընկերության տեղեկացմամբ, կիրակի առավոտյան Դամասկոս է այցելել՝ Դումայում քիմիական նյութերի հայտարարության շուրջ հետաքննություն անցկացնելու նպատակով: Նկատենք, որ նշված կազմակերպության ներկայացուցիչները դեռ ապրիլի 14-ին պետք է ժամանեին Դամասկոս, և նույն օրը, ինչպես ավելի վաղ հույս էր հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պետք է այցելեին Դումա: Սակայն, հավանաբար Սիրիային ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապրիլի 14-ի հարվածի պատճառով հիշյալ կազմակերպության քննիչները մեկ օր ուշացումով են ժամանել Դամասկոս ու դրանից էլ միայն 2 օր հետո մեկնել Դումա: Կարելի է ենթադրել, որ սրա պատճառն էլ այն է եղել, որ Դումայի առանձին վայրերում ապրիլի 16-ին զինված բախումները դեռ շարունակվել են:
Ընդգծենք, որ Սիրիայի իշխանությունները դեռ ապրիլի 9-ին, այսինքն` Դումայում իրենց վերագրվող քիմիական հարձակումից գրեթե անմիջապես հետո էին խնդրել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը` իր ներկայացուցիչներին գործուղել Դումա, սակայն կազմակերպության ներկայացուցիչներն այնտեղ են այցելել դրանից միայն 8 օր հետո, ինչն ԱՄՆ-ի համար գուցե հիմք հանդիսանա կասկածի տակ դնելու նրանց եզրակացությունը, եթե դրանով հաստատվի, որ Դումայում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման որևէ փաստ չկա կամ այդ օրը և օրերին այնտեղ քիմիական զենք ընդհանրապես չի կիրառվել: Այնուհանդերձ, Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ «Դամասկոսը պատրաստ է համագործակցել քննիչների խմբի հետ»:
Ապրիլի 16-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը խոստացել է կազմակերպության նիստ բերել քիմիական գրոհից «տուժածներին», այսինքն` այն անձանց, ովքեր մասնակից են դարձվել սադրիչների կազմակերպած բեմականացմանը, պատկերվել սոցիալական ցանցերում ու մի շարք ԶԼՄ-ներում լայնորեն տարածված և իբր Դամասկոսի քիմիական հարձակման մասին վկայող այն տեսանյութում, որը ԱՄՆ-ը, իր դաշնակիցների հետ, պատրվակ դարձրեց Սիրիայի նկատմամբ ագրեսիայի համար:
Հիմք ընդունելով ամերիկյան հիշյալ հեռուստաընկերության հրապարակային հարցումները, որոնք կատարվել են տարածքի բնակիչների ու բժիշկների շրջանում, Բազելի (Շվեյցարիա) առևտրա-տնտեսական ինստիտուտը հայտարարել է, որ Դումայում քիմիական զեքերի օգտագործման փաստեր չկան:
«Day press» ավստրիական օրաթերթի տեղեկացմամբ, «Բազելի առևտրա-տնտեսական ինստիտուտը հայտարարել է նաև, որ Սիրիայում խաղաղության հասնելու համար, պետք է դադարեցնել ՄԱԿ-ի շրջանակից դուրս իրականացվող բոլոր ռազմական քայլերը: