Բրազիլացիներին չի զարմացնում, որ իրենց երբեմնի նախագահը ՉԹԱ է տեսել


Բրազիլացիներին չի զարմացնում, որ իրենց երբեմնի նախագահը ՉԹԱ է տեսել

  • 15-05-2018 21:46:49   | Բրազիլիա  |  Առեղծվածներ

 
 
 
 
Անցած շաբաթ Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Էնրիկե Կարդոզուն զարմանալի հայտարությունն է արել ուղիղ եթերում: Նա հաստատել է, որ 39 տարի առաջ «թռչող ափսե» է տեսել: Ինքը՝ Կարդոզուն, որ պետության գլխավորն է եղել 1995-2003թթ., Բրազիլիայում առաջինն է, ով վերընտրվել է նախագահության երկրորդ ժամկետով: Քաղաքական գործիչ լինելուց բացի՝ նա նաև իր երկրի գիտությունների ակադեմիայի անդամ է:
 
Ազգային հեռուստատեսության «Զրույց Բիալի» հետ զրուցահանդեսում 86-ամյա քաղաքական գործչին համարյա մեկ ժամ հարցեր են ուղղվել Բրազիլիայի արդի վիճակի և Հարավային Ամերիկայում տեղ գտած զանազան տնտեսական ու քաղաքական աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ: Հաղորդման վերջում  վարող Պեդրո Բիալն իր հյուրին խնդրել է պատմել, թե ինչպես է 1979թ. Ֆորտալեզա քաղաքում ՉԹԱ-ի հանդիպել, այն էլ ոչ թե մենակ, այլ կնոջ՝ Ռութի և դեսպան Սելսո Ֆուրտադոյի հետ: 
Հաղորդման պատասխանատուն ցուցադրել է 1982թ. մի տեսահոլովակ, որտեղ Կարդոզուն պատմում է, թե ինչպես է տաքսիով Ֆորտալեզա ուղևորվելիս իրենց եռյակը «թռչող ափսե» տեսել: Երկրի ապագա նախագահն այդ տեսանյութում ասել է, որ սկավառակակերպ չճանաչված առարկան գոլորշի էր արձակում ծովի մակերևույթին և փայլատակում ոչ այնքան ուժեղ կրակներով: Որոշակի պահի առեղծվածային օդանավը, իբր, կտրուկ վեր է հրվել, ապա ուղղորդված շրջադարձ արել և աչքից անհետացել: 
Նման անսովոր իրադարձությունից 39 տարի անց Կարդոզուն առանց տատանվելու հաստատել է այդ ամենը: Ասել է, որ այդ ժամանակ կնոջ և դեսպանի հետ վերադառնալիս է եղել գիտական համաժողովից: Այնուհետև պատմել է, որ խորհրդավոր ՉԹԱ-ն շատ անսովոր կերպով է շարժվել ու միանգամայն անաղմուկ: Այն, ըստ Կարդոզուի, հնարավոր չէր շփոթել ինքնաթիռի, ուղղաթիռի կամ օդապարիկի հետ: Ցավալիորեն՝ իրադարձության մյուս երկու ականատեսներն արդեն կենդանի չեն, ուստի եղածին նոր մանրանասներ ավելացնելու կամ Ֆերնանդուի խոսքերը հաստատելու հնարավորություն արդեն չկա: 
- Ես, Ռութն ու Սելսոն տեսանք այլմոլորակայինների թռչող ափսեն,- միանգամայն լուրջ հայտարարել է նախկին նախագահը: 
Այս ամենը նկարագրելով՝ esoreiter.ru պարբերականը զարմանալի է համարում, որ այդ հայտարարությունը նույնքան լուրջ են ընդունել նաև հաղորդման վարողն ու ստուդիայում գտնվող հանդիսատեսը: Նրանց վերաբերմունքը հեգնանքից կամ թերահավատությունից լիովին զերծ է եղել: Առավել զարմանալի է համարվում, որ Բրազիլիայի երբեմնի նախագահ Կարդոզուն ՉԹԱ-ի հետ իր այդ հանդիպումը երբեք չի էլ թաքցրել, անգամ այն ժամանակ, երբ իր քաղաքական գործունեության գագաթնակետին է եղել:
Այն հանգամանքը, որ քաղաքական գործիչը նաև գիտությունների ակադեմիայի անդամ է, հայացքների պատճառով նրա վրա հարձակումների երկու ճակատ է մատնանշում: Սակայն փաստն այն է, որ նման հարձակումներ երբեք չեն եղել:
Պարբերականը եզրակացնում է, թե դրա պատճառը կարող է լինել այն, որ բրազիլացիները «թռչող ափսեների» գոյության և Երկրի վրա այլմոլորակայինների ներկայության հարցերին շատ ավելի անկեղծորեն են վերաբերվում, քան բազմաթիվ այլ երկրների բնակիչներ: Նշանակո՞ւմ է սա արդյոք, թե Բրազիլիայում ՉԹԱ-ները սովորական բաներ են: Կամ էլ կարելի է եզրակացնել, որ բրազիլացիների երևակայությունը չափազանց վառ է, և այնտեղ կարող է տեղավորվել ցանկացած հրաշք:
 
Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
 
Աղբյուրը՝ avangard.am
 
 
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play