Նիկոլ Փաշինյան. «Եվ սա համարում ենք ազգային անվտանգության խնդիր» (տեսանյութեր)
23-05-2018 21:43:48 | Հայաստան | Քաղաքական
«Այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի շարք բնապահպանական հարցերի,- իր երեկվա տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Նախ, ես ուզում եմ ասել, որ համապատասխան տեսչական մարմնին հանձնարարելու եմ առաջիկա օրերին` ստուգումներ սկսել Հայաստանի Հանրապետությունում շահագործվող բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված` դրանց գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այդպիսով նաև բնապահպանական կանոններին համապատասխանության վերաբերյալ: Իհարկե, մենք այդ հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական, և այդ ստուգումները չափազանց կարևոր եմ համարում:
Ընդհանրապես, ես ձեզ ասեմ, աշխարհում և Հայաստանում բնապահպանական խնդիրները ակտիվորեն քննարկվում են, և դա նորմալ եմ համարում: Ես կարծում եմ, որ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում էլ պետք է լինի հստակ բալանսավորված մոտեցում. մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտը փակելու ենք, բայց մյուս կողմից` մենք չենք կարող թույլ տալ, որ այդ հանքարդյունաբերության ոլորտում շահագործումը տեղի ունենա այն պայմաններում, ինչ պայմաններում այսօր է տեղի ունենում: Ինչ նկատի ունեմ. բնապահպանական կանոնները, որոնք կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի առողջության և շրջակա միջավայրի պահպանման համար, մեր տեղեկություններով, պատշաճ ձևով և պատշաճ մակարդակով չեն պահպանվում, և մենք պետք է օգտագործենք բոլոր լծակները` բոլոր շահագործվող հանքերի գործունեությունը խստիվ համապատասխանեցնելու բոլոր բնապահպանական կանոններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Սա առաջինը»:
Այստեղ նկատենք կամ արձանագրենք, որ ՀՀ վարչապետը բավարար չափով տեղյակ չէ իրականությանը, կամ էլ շատ մեղմ է արտահայտվում, իսկ իրականությունն այն է, որ մի շարք հանքարդյունահանողների կողմից բնապահպանական կանոնները, որոնք իսկապես կարևոր են ՀՀ քաղաքացիների, ժողովրդի առողջության և շրջակա միջավայրի պահպանման համար, ոչ թե պատշաճ ձևով և պատշաճ մակարդակով չեն պահպանվում, այլ ընդհանրապես չեն պահպանվում: Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին ամենաբարձր աղտոտվածությունն ունի, դրանց ջրերը ոչ միայն պիտանի չեն ոռոգման և այլ նպատակների համար, այլև վտանգավոր են:
«Այո, կա մտահոգվելու առիթ և այդ առիթը հետևյալն է,- երկու ամիս առաջ պատասխանելով տողերիս հեղինակի հարցին, ասացքիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը:- Դեռ 5-6 տարի առաջ մեր գետերում ջրերի որակի առումով բավական լավ պատկեր ունեինք և աղտոտվածության ռիսկային գոտիները կազմում էին մինչև 20 տոկոս: 2017 թվականին աղտոտված էր արդեն մեր գետային ավազանի արդեն 35 տոկոսը: Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին արդեն 5-րդ (ամենաբարձր, ամենավատ) կարգի աղտոտվածության ջուր ունի, ինչը նշանակում է, որ այդ գետերի ջրերն այլևս պիտանի չեն ոչ ձկան աճեցման, ոչ ոռոգման համար, որևէ նպատակով օգտագործելը գործնականում նույնիսկ վտանգավոր է: Գետերի մոտ 15 տոկոսը 4-րդ կարգի ռիսկային աղտոտվածություն ունի, այսինքն` մեր ջրերի որակի վատացումն անշեղորեն շարունակվում է: Եթե համեմատում ենք 2010-2011 թվականների վիճակի հետ, ապա 2017 թվականի դրությամբ արդեն մոտ 1,5 անգամ ավելի շատ աղտոտված գետեր, ջրային գոտիներ ունեինք: Սա է պատկերը»:
Եվս մեկ մեջբերում պարոն Մինասյանի հետ մեր հարցազրույցից.
«Շնողը լեռնային հրաշալի գետ էր, որը մաքուր, շատ բարձր որակի ջուր ուներ, մինչդեռ մենք հիմա այնտեղ ունենք արդեն 5-րդ կարգի աղտոտվածության ջուր: Ախթալայի գետաբերանում ջուրն աղտոտված է ցինկով, կադմիումով, կապարով, պղնձով, կախված մասնիկներով, սուլֆադով: Ըստ էության, նույն պատկերն է Ողջիում, Ագարակի մոտ Կարճևան գետի մասին էլ չեմ խոսում, այդ գետը, որպես այդպիսին, ամբողջությամբ ոչնչացված է, վերածված է պոչատարի, ինչպես Ախթալան: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի փնթի և անպատասխանատու աշխատանքի հետևանքով աղտոտվում է նաև Արաքսը, և այդ առնչությամբ անընդհատ խնդիր է առաջանում Իրանի հետ: Ակնհայտ է, որ կեղտաջրերը լցվում են Կարճևան, Արաքս, այնտեղ իրենք կեղտաջրերն ուղղակի Արաքս լցնելու խողովակներ էլ ունեն: Հիմա չգիտեմ ինչ վիճակ է, վերջին անգամ այնտեղ եղել եմ անցած տարի, պատկերը նույնն էր, ինչ որ 5 տարի առաջ, ոչինչ չէր փոխվել: Առանց մաքրելու, կեղտաջրերը լցնում են գետեր ու դրանով սահմանափակվում: Ջրերի կառավարումը պետության գործառույթն է, բայց պետությունն իր այդ գործառույթը շատ վատ է իրականացնում»:
«Երկրորդը` ես ուզում եմ ասել, որ հիմա մենք ուսումնասիրում ենք օրենսդրական հնարավորությունը, որպեսզի նոր թույլտվություններ չտանք` հետազոտական աշխատանքների և նոր հանքերի շահագործման,- շարունակելով իր խոսքը, ասաց Նիկոլ Փաշինյանը,- Սա չափազանց կարևոր մոտեցում է` մինչև մենք որոշակի երաշխիքներ չունենանք, որ, ահա, կարողանալու ենք երաշխավորել այդ պրոցեսների կազմակերպումը բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և, ընդհանրապես, միջազգային կանոններին համապատասխան»:
Վարչապետի կամ կառավարության այս դիրքորոշումն, իրոք, շատ անհրաժեշտ ու կարևոր է, միայն թե հետազոտական աշխատանքների և նոր հանքերի շահագործման թույլտվությունների մերժումը չտևի ընդամենը մի քանի ամիս կամ 1-2 տարի: Հիշյալ ոլորտում անհրաժեշտ է առնվազն 10 տարի դադար տալ, որովհետև հանրապետության մարզերի մի մասում, հատկապես Սյունիքում ու Լոռիում շրջակա միջավայրն արդեն իսկ էապես աղտոտված և ապականված է ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով: Բացի այդ, չի կարելի շարունակել ոչ միայն մեզ, այլ նաև մեր սերունդներին պատկանող հանքային հարստությունների ագահությամբ աչքի ընկնող գիշատչային շահագործման քաղաքականությունը, որը մինչ այժմ իրականացվել է ոչ թե տանտիրոջ, այլ քոչվորի առուփախի հոգեբանությամբ: Ի դեպ, այս մասին նոր չէ, որ գրում եմ (ընդ որում, ոչ միայն ես, այլև ուրիշներ), սակայն նախորդ իշխանությունների օրոք այդ քննադատությունները մնացել են ձայն բարբառո անապատի: Հուսանք, որ հիմա նույնը չի շարունակվի, և ստիպված չենք լինի հարցնելու` ապա, այդ դեպքում, ո՞րն է տարբերությունը նախորդ ու ներկա իշխանությունների միջև…
«Հաջորդ խնդիրը` մենք տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ, և բազմաթիվ վճարներ կան` ռեկուլտիվացիայի հետ կապված, բազմաթիվ այլ օրենսդրական նրբությունների հետ կապված, և այդ չվճարումները հասնում են, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի հարյուր միլիոն դրամի,- ասաց Նիկոլ Փաշինյանը:- Առաջիկայում մենք պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձևով իրականացվեն:
Ընդհանուր առմամբ, մենք չափազանց կարևոր ենք համարում, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում պահանջները և պրակտիկան բարձրացվի ու համապատասխանեցվի միջազգային լավագույն չափանիշներին: Եվ սա համարում ենք ազգային անվտանգության խնդիր, շրջակա միջավայրի և ընդերքի խելամիտ օգտագործման խնդիր: Այս բոլոր խնդիրներն են առաջիկայում լինելու մեր օրակարգում` բնապահպանական ոլորտում, և ես սա շատ կարևոր արձանագրում եմ համարում:
Կարծում եմ, նաև շատ կարևոր է, որ այդ խնդիրներին մենք ունենանք պրոֆեսիոնալ մոտեցում, և մեր մոտեցումը պետք է լինի օրենսդրությանը խստիվ համապատասխան, որպեսզի մեր գործողությունները Հայաստանի Հանրապետության համար նեգատիվ որևէ հետևանք չառաջացնեն, այդ թվում նաև` միջազգային ատյաններում: Հետևաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռական է` ստուգումներ սկսել բոլոր մետաղական հանքերում` ստուգելու դրանց գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, այդ թվում` բնապահպանական կանոններին և շրջակա միջավայրի պահպանման կանոններին, և, բնականաբար, մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի այդ հանքերը շահագործվեն այդ կանոններին խստիվ համապատասխան: Եթե հանկարծ կպարզվի, որ որևէ ընկերություն կամ որևէ հանքի շահագործողներ ի վիճակի չեն, չեն կարողանում իրենց գործունեությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան, դրանից արդեն կբխեն իրավական համապատասխան հետևանքներ: Եվ ես հույս ունեմ, որ այդ գործում մեզ կհաջողվի նաև ներգրավել մամուլին և քաղաքացիական հասարակությանը, ընդ որում, մենք ունենք որոշում, այսօր կառավարությունում խորհրդակցություն ենք արել և որոշում է կայացվել, որ մենք պետք է հրավիրենք բնապահպանական կազմակերպություններին և բնապահպանական թեմայով գրող լրագրողներին ու լրատվամիջոցներին` դառնալ այդ ստուգումների լիարժեք մասնակից, որպեսզի այդ ստուգումների արդյունքները և եզրակացությունները լինեն բացարձակապես վստահելի, որպեսզի մենք բացառենք որևէ կոռուպցիոն ներգործության հնարավորություն»:
Միանշանակ ողջունելի է ՀՀ վարչապետի վերոնշյալ դիրքորոշումը, մնում է խոսքը վերածել գործի, ինչպես նաև բնապահպանական կազմակերպություններին և բնապահպանական թեմայով գրող լրագրողներին ու լրատվամիջոցների ճիշտ ընտրություն կատարել: Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանն այս առումով բավականաչափ իրազեկված է կամ կիրազեկվի…
«Սա էր այն ուղերձը, որը ես ուզում էի այսօր ձեզ հղել, և էլի ուզում եմ ընդգծել, որ մենք մտադիր ենք լիարժեք օգտագործել ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը, և այդ մանդատով բոլոր ուղղություններով հետևողականորեն քայլեր իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ընդհանրապես, հայ ժողովրդի շահերի պաշտպանության ուղղությամբ,- ասաց ՀՀ վարչապետը:- Բայց էլի եմ ասում` մեր բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, պետք է լինեն օրենքներին խստիվ համապատասխան, որպեսզի այդ գործողությունների արդյունքում հանկարծ Հայաստանի համար նեգատիվ հետևանքներ չլինեն միջազգային ատյաններում, այդ թվում` ներդրումային միջավայրի այս պոզիտիվ ֆոնի հետ կապված որևէ բացասական հետևանք տեղի չունենա»:
Բնապահպան, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ, «Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանն արձագանքելով ՀՀ վարչապետի վերոնշյալ տեսաուղերձին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Վարչապետը խոսեց մետաղական հանքերից․
Այն որ բոլոր նոր հանքերը կագնեցնելու ենք՝ համոզված եմ։
Ասվեց, որ ստուգումներ են իրականացվելու հին հանքերում, որոնք շահագործվում են արդեն։ Այստեղ հարց առաջացավ, քանի որ ստուգող մարմնի ղեկավարը՝ մեղմ ասած վստահություն չի ներշնչում։ Նայեք մի հատ ո՞վ է և ինչերով է զբաղվել ժամանակին։
Շատ կարևոր է, որ հանք շահագործողների նկատմամբ վերաբերմունքն իրականում պայմանավորվի ոչ թե նրանց քաղաքական կողմնորուշումներով, այլ բացառապես ՀՀ օրենսդրությամբ... Օրենսդրության տառի և ոգու պահպանումը պետք է գերակա լինի, այդ կերպ առաջնորդվելու պարագայում հետևանքներից, այդ թվում նաև` արտաքին հնարավոր ճնշումներից, սպառնալիքներից, սարսափել պետք չէ: Շատ կարևոր է, որ թույլ չտրվեն նախորդների սխալները, չմոռացվի, որ հանցավոր անգործությունը նույնպես հանցանք է, ինչպես հանցավոր գործունեությունը, ՀՀ վարչապետի խոսքը վերածվի գործի: Տա Աստված, որ հենց այդպես լինի: