Գերմանիայի կանցլերը զգուշացրել է աշխարհում միաբևեռ աշխարհակարգ հաստատելու ԱՄՆ-ի փորձերի վտանգավորության մասին
29-05-2018 18:52:24 | ԱՄՆ | Քաղաքական
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ անուղղակիորեն խոսելով ԱՄՆ-ի կառավարության այժմյան քաղաքականության մասին, «Ռոյթերս»-ի տեղեկացմամբ, ասել է.
«Միջազգային համաձայնություններն ու կառույցները կանգնած են թուլանալու վտանգի առաջ, և սա մտահոգիչ է, քանի որ համաշխարհային ներկա բազմակողմ համակարգը անցյալ դարի համաշխարհային պատերազմներից երկրների քաղած դասերի արդյունքն է»:
Գերմանիայի կանցլերը զգուշացնելով աշխարհում միահեծանության, ըստ էության, միաբևեռ աշխարհակարգի վտանգի ավելացման կապակցությամբ, հայտարարել է, որ դա մեծացնում է 21-րդ դարում ռազմական ու առևտրական առճակատումների ու աղետների վտանգը:
«Հետզհետե վերանում է Երկրորդ համաշխարհային պատերազմը ճաշակած սերունդը,- ասել է Մերկելը:- Նրանք այդ սարսափելի փորձից դասեր քաղեցին, որի համաձայն, պետք է ձգտեն հաստատել բարեկամություն ու հրաժարվեն թշնամությունից»:
Գերմանիայի կանցլերն անդրադառնալով ԱՄՆ-ի հետ Եվրոպայի առևտրական տարաձայնություններին, ասել է. «Ամեն դեպքում, Եվրոպան ոչ թե սպառնալիքի ու բռնության, այլ Վաշինգտոնի հետ առևտրական բանակցության է ձգտում»:
Այլ խնդիր է, սակայն, թե ինչի է ձգտում Միացյալ Նահանգները: Արդյոք բանակցությա՞ն` իր և Եվրոպայի միջև առևտրական և այլ ոլորտներում առկա տարաձայնությունները հարթելու նպատակով, թե փորձում է իրանական ընկերությունների հետ համագործակցող եվրոպական ընկերությունների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանման սպառնալիքի, շանտաժի միջոցով ամեն դեպքում իր կամքը թելադրել Եվրոպային, որի պետությունների մի մասն, ըստ էության, իր վասալներն են, մյուս մասը` գաղութները, համենայն դեպս, ԱՄՆ-ը գործնականում այդպիսին է համարում նրանց, եվրոպական պետությունների հետ հարաբերվում թելադրողի ու գաղութատիրոջ դիրքերից:
Ընդգծենք, որ ԱՄՆ-ը և Եվրոպան այժմ տարաձայնություններ ունեն ոչ միայն միմյանց միջև առևտրային խնդիրների, այլև բնակլիմայական համաձայնագրի, ՆԱՏՕ-ում այդ դաշինքի անդամ եվրոպական երկրների ներգրավվածության եղանակի, եվրոպացիների պաշտպանական բյուջեի, Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ կնքված միջազգային շրջանակային համաձայնագրի (ՀԳՀԾ) պահպանման, Իրանի նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած միակողմանի պատժամիջոցների առնչությամբ: Ավելի վաղ Գերմանիայի արդյունաբերության և առևտրի պալատների միության նախագահ Էրիկ Շվայցերը Եվրամիությունից պահանջել է վճռական լինել ԱՄՆ-ի հետ առևտրային վեճերում:
Ավելի վաղ Գերմանիայի արդյունաբերության և առևտրի պալատների միության նախագահ Էրիկ Շվայցերը Եվրամիությունից պահանջել է վճռական լինել ԱՄՆ-ի հետ առևտրային վեճերում:
Գերմանիան Միացյալ Նահանգներ արտահանում իրականացնող ամենախոշոր երկիրն է Եվրոպայում, և ԱՄՆ-ն ամենաբարձր հարկերը սահմանել է հենց գերմանական արտադրանքների համար:
«Անտրամաբանական պահանջների դիմաց զիջումների գնալու դեպքում, սխալ թույլ տված կլինենք»,- ասել է Էրիկ Շվայցերը:
Միաժամանակ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, գերմանական բանկերը հայտարարել են Իրանի հետ բանկային գործարքները շարունակելու իրենց պատրաստակամության մասին:
Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգին, գերմանական «Deutsche Welle» օրաթերթի տեղեկացմամբ, գերմանական վեց բանկեր ցանկություն են հայտնել Իրան ապրանք արտահանող ընկերությունների հետ գործարքների շրջանակում ֆինանսավորել Իրանում առևտրական ներդրումները: