Դժոխքը Դրախտում (տեսանյութ)


Դժոխքը Դրախտում (տեսանյութ)

  • 04-06-2018 20:46:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
 
 
 
«Ստեփանակերտում հատուկ շտաբ էինք ստեղծել, որի կազմում ընդգրկել էինք Ռոբերտ Քոչարյանին, Արկադի Կարապետյանին, Մուրադիկին, Ժաննա Գալստյանին, Ռոլես Աղաջանյանին: Ես շտաբին հաշվետվություն էին երկայացնում բոլոր հարցերում: Ճիշտ է, գտնվեցին մարդիկ, որոնք այդ ընթացքում օգտվելով առիթից, «ձեռքերն էին տաքացնում», ես նրանց անունները չեմ ուզում տալ, բայց շարժումը հիմնականում մաքուր էր: Ժողովրդի մեջ մտավ ջոկատների ստեղծման, անվտանգության ապահովման գաղափարը, որն, ըստ իս, շատ կարևոր էր: Գյուղացին վախենում էր զենք ստանալ և պաշտպանել իր տունը, գյուղը: Դժվար էր նրան համոզել, որ իր անվտանգությունն իր ձեռքում է: Մեզ աստիճանաբար հաջողվեց կոտրել այդ վախը:
Բոլորը շատ լավ գիտակցում էին, որ պատերազմը անխուսափելի է: Ամեն ինչ տանում էր Խորհրդային Միության փլուզման, և մեզ անհրաժեշտ էր նախապատրաստել Ղարաբաղը ինքնապաշտպանության` Ադրբեջանի և խորհրդային զորքերի կողմից հնարավոր գրոհները հետ մղելու նպատակով: Այս ամենի համար անհրաժեշտ աշխատանքը տարվում էր իմ կողմից նաև Հայաստանում: Ես գիտակցում էի, որ միայն հզոր Հայաստանը կարող է օգնել Ղարաբաղին, և մենք՝ այն ժամանակ Հայաստանում ստեղծված Հայոց համազգային շարժման վարչության անդամներ Դավիթ Շահնազարյանի և Վազգեն Սարգսյանի հետ միասին, զբաղվեցինք Հայաստանի մեկուսի և անվերահսկելի մարտական ջոկատների միավորմամբ, որոնք Ղարաբաղին օգնելու պատրվակով հաճախ զբաղվում էին շորթումով և կողոպուտով:
Սկզբում մեզ հաջողվեց ստեղծել «Մուշ» միավորված զինված ջոկատների շտաբը (սպայակույտը), ուր ես զբաղվում էի Ղարաբաղին վերաբերվող հարցերով: Հետագայում այն վերակազմավորվեց «Երկրապահ» կամավորական միության, որում ինձ վստահվեց միության նախագահ Վազգեն Սարգսյանի տեղակալի պաշտոնը:
1991 թվականին Ամարասի եկեղեցու բացումն էր: Հյուրեր ունեինք Հայաստանից:  Ղարաբաղի ԿԳԲ-ն արդեն գիտեր, ինձ կալանավորեցին, որպեսզի եկեղեցու բացումը չանենք: Տարան ադրբեջանաբնակ Շուշի քաղաքի բանտ: Այնտեղ կեսը քրեական հանցագործներ էին, կեսը քաղաքական գործիչներ: Ինձ ԿԳԲ-ի խուցն էին մտցրել: Երեք թուրք էին նստած: Բանտի պետը Հասանն էր, հիշում եմ, նա ինձ ասաց` «Որ ասում էինք խելոք կաց, չէիր լսում…» (մինչ այդ մի քանի անգամ բանտ էի եկել` ընկերոջս այցելության, այդ ժամանակ էր ասել): Ապա թե` «Գլխիդ տես ինչ խաղ ենք խաղալու»: Ասացի` կտեսնենք: Ռուսներն էին բերել, վստահ էի, որ ադրբեջանցու ձեռքը չեն տա ինձ: Ասաց՝ «Շորերդ հանիր»: Հանեցի, միայն տրուսիկով կանգնած էի, մեկ էլ պարանոցիցս խաչ ունեի կախած. վեհափառ Վազգեն Առաջինի նվերն էր:
 «Խաչդ պիտի՛ հանես»,- կարգադրեց Հասանը:
«Հասան, խաչը չեմ հանի, հավատացյալ եմ»,- ասացի նրան ու դիմեցի ռուս գնդապետին` «Ես խաչը չե՛մ հանելու»:
Գնդապետը հարվածեց ինձ: Հայհոյեցի: Հասանը հարձակվեց ինձ վրա… Ես հասցրեցի խաչը պոկելու դրեցի բերանս: Սկսեցին ծեծել: Հիշում եմ, որ աչքերս մի կերպ բացեցի, հազացի, ջարդված ատամներս լցվեցին բուռս, մեկ էլ խաչը, որ կոկորդիս էր դեմ առել, ընկավ ափիս մեջ: Խաչը որ տեսա, ուշքս գլուխս եկավ, մտածեցի, որ փրկություն է եկել ինձ: Աշխարհն իմն էր, գիտեյի խաչի զորությունը: Շորերս արնոտ էին: Ինձ կարգի բերեցի: Խցում մարտակերտցի Նապոլեոնն էր, որին զենք պահելու համար էին բռնել: Օգնեց կարգավորվել, ապա սկսեց լացել. «Բա որ քեզ էլ են բռնել, ո՞վ է մեզ տիրություն անելու»:
Վեց ամիս մնացի այդտեղ: Ես ինձ որպես հավատացյալ քրիստոնյա էի պահում, որը բարեգործությամբ է զբաղվում, և ուրիշ`ոչինչ: Մի քանի անգամ հիմար հարցեր էին տալիս՝ «Ո՞վ է ձեր լիդերը, ո՞վ է քեզ հանձնարարություն, զենքեր տվողը»: Այդպես ինձ երկու-երեք ամիս տանջեցին: Հատուկ ինձ համար եկել էին հարցաքննության. Մեկը դատախազության գեներալ էր Մոսկվայից` ոմն Իշունց, մեկը ԿԳԲ-ից էր: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ Զորի Բալայանը, Վաչագան Գրիգորյանը, Սոս Սարգսյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, մյուսներն այդ ընթացքում հացադուլի նստեցին Մոսկվայում: Ինձ էլ այդ պահին քսիֆներ (բանտային գաղտնի նամակներ) էին գալիս, իմացել էի, որ մերոնք հացադուլ են անում: Նույնիսկ վեհափառն էր գնացել ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի մոտ: Բոլորի պահանջներում նաև ինձ ազատելու հարցն էր: Ամբողջ տեղեկատվությունն իմ գլխի մեջ էր` ով, ինչքան, որտեղ, ինչպես… Օգուտ չտվեց ինձ բռնելը: Գաղտնի թուղթ էր եկել` «Շտաբի տղերքը մի բան են նախաձեռնել, դու մենակ դիմացիր, լավ  կլինի»: Մի գեղեցիկ օր քսիֆ եմ ստանում, թե ռուս գեներալների են ձերբակալել, որ ինձ հետ փոխանակեն: Ասացին, որ շուտով ինձ պետք է նրանց հետ փոխանակեն և ազատեն:
Շուշիի բանտում սնունդը շատ վատ էր, ճաշը լրիվ ջուր, մեջը մի հատ կարտոֆիլ: Ես էլ հացադուլ էի հայտարարում: Պոլ Բրեկի գիրքն էր ձեռքս ընկել, դա ինձ փրկեց: Գիրքը բանտապահը՝ ԿԳԲ-ի ռուս աշխատողն էր տվել, անունը կարծեմ Ֆեդյա էր, լավ, բարի տղա էր: Թուրքերն իմ պատուհանի տակ ամբողջ գիշեր շուն էին հաչեցնում, որ չքնեմ: Մեկ էլ բանտախցի մեջ թունավոր ծուխ էր, անիվ էին վառում: Խեղդոց էր, մեռնում էի այդ ձայներից, հոտից, ծխից, աչքերս դուրս էին գալիս, այդ ամենն իսկական կտտանք էր:
Օրը եկավ, բարին` հետը: Ինձ փոխանակեցին ու դրեցին ինքնաթիռի մեջ, կարելի է ասել` արտաքսեցին Ղարաբաղից: Իրենց ավագը եկավ` բանտի պետը, ԿԳԲ-ի աշխատող էր: Ասաց` «Դու այսօրվանից ազատ ես, հավաքվիր, տանում ենք»: Ասացի` «Չեմ գալիս, երկու պահանջ ունեմ: Առաջինը` պետք է ազատեք բոլոր քաղբանտարկյալներին: Երկրորդը` պիտի գնամ Շուշիի եկեղեցի, աղոթեմ: Հետո ինձ տարեք»: Բանտի պետն ու նրա գործընկերները գժվեցին, թե` «Ի՞նչ քաղբանտարկյալ, ի՞նչ եկեղեցի, քեզ ազատել ենք, շուտ վեր կաց, գնա»: Ասացի` չե՛մ գնում, ու հացադուլ   հայտարարեցի: Մի շաբաթ գնացին, եկան: Ասացին, որ տղերքին չեն կարող ազատել, բայց խոստացան ինձ եկեղեցի տանել: Արդեն հինգերորդ օրն էր, ես հացադուլի մեջ էի… Հիշում եմ, որ բանտից դուրս գալուց հետո, երբ ինձ զրահամեքենայով հասցրեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ՝ իմ պահանջը կատարելու համար, այնտեղ այդ մասին նախապես իմացած ադրբեջանցիների 200-300 հոգիանոց բազմություն էր հավաքված, հայհոյում էին ինձ ու քարկոծում: Ադրբեջանցիներն իմացել էին, որ, հերիք չէ, ինձ ազատել են, դեռ տանում են եկեղեցի, ու որ դրա համար իբրև փող է տրվել ռուսներին: Լավ է, զինվորներն ինձ պահել էին, վահաններով կամուրջ էին սարքել, որ ես տակով անցնեմ, ինձ քար չկպնի, մտնեմ եկեղեցի:
Եկեղեցու խորանը լրիվ կեղտոտ էր: Պիջակս հանել, խորանը լրիվ մաքրել եմ, ծնկաչոք աղոթել ու փառավորել Աստծուն՝ իմ խնդրանքը կատարելու համար: Եկեղեցուց դուրս գալուց հետո ինձ ինքնաթիռով տեղափոխեցին Երևան, որ այնուհետև Ռուսաստան, Սիբիր տանեն: Վազգեն Սարգսյանն իմացել էր, տղերքը եկել էին Երևանի «Էրեբունի» օդանավակայան: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, երկրապահների ջոկատն ինքնաթիռը շրջապատեց, ինձ հանեցին, ուղեկցող ԿԳԲ-ի անդամներին ձերբակալեցին: Սերգեյ Վանցյանի գլխավորությամբ ինձ տարան, Չարենցավանի անտառներում թաքցրեցին: Վեց ամիս այնտեղ մնացի, մինչև հանդարտվեց: Աշխատանքներն այնտեղից էի կազմակերպում:
Իշխանափոխությունը մոտ էր, ես թաքստոցից դուրս եկա: 1991թ. մայիսին նշանակվեցի ՀՀ պաշտպանության կոմիտեի Գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ռազմատնտեսական և մատակարարման հարցերով:
Կարճ ժամանակահատվածում ձևավորեցի ռազմատնտեսական և մատակարարման բաժին` կազմված պրոֆեսիոնալ հայ սպաներից, որոնք մեզ մոտ էին եկել Խորհրդային բանակից: Նաև ողջ Հայաստանով մեկ ստեղծեցի Պաշտպանության կոմիտեի թիկունքային ապահովման համակարգ (կառուցվածք):
Առաջին անգամն էր, որ մենք սկսեցինք ինքնապաշտպանության ջոկատներին կենտրոնացված ձևով և ժամանակին ապահովել նյութատեխնիկական և ռազմական միջոցներով, որոնք գրանցված և հաշվառման մեջ էին Հայաստանի պաշտպանության կոմիտեի գլխավոր շտաբում:
Վերը նշված գործողությունների շնորհիվ վերջ դրվեց զինված կազմավորումների և ջոկատների անկարգությանը, անարխիային ու սանձարձակությանը:
Պաշտպանության կոմիտեում որոշ ժամանակ աշխատելուց հետո, թողնելով պաշտոնս, կամավոր մեկնեցի Ղարաբաղ: Իմ իսկ խնդրանքով Յուրա Հովհաննիսյանի մոտ նշանակվեցի ԼՂՀ մազկենտրոն Ստեփանակերտի պաշտպանության «Բնագիծ 26»-ի գումարտակի հրամանատարի տեղակալ: Կարճ ժամանակում ինձ հաջողվեց կազմակերպել թիկունքային տնտեսություն, կառուցել պաշտպանական շինություններ` Քյոսալարից մինչև Արմենավան, ինչպես նաև դաշտային հիվանդանոց, ճաշարան և, ամենագլխավորը՝ ճանապարհային հաղորդակցման ուղիներ»:
Արթուր Ալեքսանյանի գրքից այս հատվածը ներկայացնելով, տեղեկացնենք, որ Արցախյան ազատամարտի անձնուրաց նվիրյալի՝ «Ամարասի» Արթուրի կյանքի փրկության համար այժմ անհրաժեշտ է ձեր շտապ օգնությունը:
Ծանր վիրահատություններից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Ալեքսանյանը («Ամարասի» Արթուր) ունի արտերկրում հետվիրահատական բուժման լուրջ կարիք, որից կարող է կախված լինել մեր կրկնակի հերոսի կյանքը:
Տարիներ շարունակ իր քաղաքական հայացքների պատճառով դուրս մղվելով պետական գնումների համար անցկացվող մրցույթներից, նրա ղեկավարած շինարարական ընկերությունն, ի վերջո, հայտնվել է սննկացման եզրին։ Այդ պատճառով նա նույնիսկ ամուսնալուծվել է և այժմ կանգնած է ճակատագրի մի նոր փորձության առաջ՝ առողջական ու կենսական առումներով։ Այս իրավիճակից դուրս գալու համար մեր հերոսին կարող եք օգնել դուք՝ մարդիկ, ում համար թանկ են Ամարասի Արթուրի կյանքն ու առողջությունը։
Համապատասխան միջոցների հանգանակության նպատակով «Կոնվերս բանկում» Արթուր Ալեքսանյանի օգնականի (Հասմիկ Անտոնյանի) անվամբ բացված են հետևյալ հաշվեհամարները.
 
19300 68355500100 (ՀՀ դրամ)
19300 68355500101 (դոլար)
19300 68355500104 (եվրո)
19300 68355500158 (ռուբլի)
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 426745 հեռախոսահամարով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play