«Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ


«Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ

  • 11-06-2018 19:15:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այս տարվա մայիսի 1-ին պարզվեց, որ Ամուլսարում հանք շահագործել ցանկացող օֆշորային «Լիդիան Ինթերնեշնլի» գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը հեռացել է իր պաշտոնից։ Այս տեխնոկրատը վերջին չորս տարիների ընթացքում մի քանի տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային և տեղական ԶԼՄ-ներին՝ պատմելով իրենց ծրագրի «հրաշքների» մասին։ Այդ հարցազրույցները Հայաստանում հիմնականում արվել են Լիդիանի փիարով զբաղվող և Ամուլսարում ոսկու հանքի շահագործման խնդրահարույց ծրագիրն անդադար գովերգող լրատվամիջոցների կողմից։ 
 
Այս մարդը տարիներ շարունակ բոլորին հավաստիացնում էր, թե որքան օրինակելի և անվտանգ է Ամուլսարի ծրագիրը, թե ինչ ժամանակակից և «պատասխանատու» հանքարդյունաբերություն են իրենք իրականացնելու, թե ինչ զարգացում են ապահովելու Հայաստանի համար և այդպես շարունակ։ Հիմա Սթիվենսոնը չկա, և նրան փոխարինել է Ժոան Կարելլիոն, ով  2012-2014թթ.-ին ղեկավարել է «Eco Oro Minerals Corp.» ընկերությունը, որի նպատակն էր Կոլումբիայում հանքարդյունաբերություն իրականացնել։ Ժոան Կարելլիոյի ղեկավարության ժամանակ հայտնի է դարձել, որ «Eco Oro Minerals Corp.» ընկերության ծրագիրը չի համապատասխանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի չափանիշներին, ու փաստացի, նրա օրոք տապալվել է Կոլումբիայում ոսկու հանքի շահագործումը։ 
 
Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել Սթիվենսոնի «փախուստից» Լիդիանից, սակայն Սթիվենսոնի հետ հարցազրույցներ անող բազմաթիվ ԶԼՄ-ներից ոչ մեկը փորձ չի արել փնտրել և հայտնաբերել նրան ու պարզել  պաշտոնից հեռանալու կամ ազատման իրական պատճառները։ Ավելին, որքան հասկացանք՝ այդ լրատվամիջոցներից և ոչ մեկը չի հանրայնացրել գլխավոր տնօրենի հեռացման փաստը։
 
Քանի որ Հայաստանում կան նաև իրապես ազատ, հետաքննող և անաչառ լրագրողներ, ապա կոչ ենք անում նրանց կապ հաստատել Հորվարդ Սթիվենսոնի հետ և պարզել նրա պաշտոնանկման իրական պատճառները։ Կարելի նաև նրանից հարցնել, թե ինչո՞ւ առանց լրագրողների հետ հանդիպելու փախավ Հայաստանից և Լիդիանից, և ո՞վ է հիմա տեր կանգնելու ու պատասխանատվություն կրելու տարիներ շարունակ իր  հնչեցրած տարաբնույթ հայտարարությունների համար։
 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play