Մանվել Գրիգորյանը փորձել է անմեղ ներկայանալ, բայց ինչի՞ մասին են վկայում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ հրապարակած տեսանյութերը, տեղեկությունները (տեսանյութեր)


Մանվել Գրիգորյանը փորձել է անմեղ ներկայանալ, բայց ինչի՞ մասին են վկայում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ հրապարակած տեսանյութերը, տեղեկությունները (տեսանյութեր)

  • 27-06-2018 08:43:50   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Հունիսի 19-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մի քանի օր առաջ դատարանում, երբ արդեն լրացել էր իր ձերբակալման 72 ժամը և իրեն կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, փորձել է անմեղ ներկայանալ, այլ կերպ ասած, արդարանալ: Դա ներկայացնող տեսանյութը հրապարակել է Մանվել Գրիգորյանի այժմ արդեն նախկին պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում»,- ասել է Մանվել Գրիգորյանը:
Ի՞նչը և ինչպե՞ս հասկանան… Մանվել Գրիգորյանը «հավատալ» հասկացությունը հավանաբար շփոթել է «հասկանալ» հասկացության հետ ու գործածել վերջինը, քանզի այստեղ, կարծում ենք, ոչ թե չհասկանալու, այլ չհավատալու խնդիր կա, այսինքն` չեն հավատում… Ինչպես թերևս ողջ հասարակությունը, նրանք նույնպես չեն հավատում, որ ԱԱԾ տեսանյութերում պատկերված հսկայաքանակ զենք-զինամթերքը, զինվորներին հասցեագրված, բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված մեծաքանակ նվիրաբերությունները` սննդամթերք, հագուստեղեն և այլն, շատ թանկարժեք ավտոմեքենաների խոշոր հավաքածոն, մոտ կես մլն դոլարի հասնող գումարը Մանվել Գրիգորյանի հետ կապ չունեն, առանց գեներալի, պատգամավորի ցանկության կամ գիտության են հայտնվել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, հենց գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված, վերջինիս պատկանող առանձնատանը, ընդ որում, ոչ միայն Հայաստանում գտնվող նրա առանձնատանը, ամառանոցում, այլ տարածքներում, այլև Արցախում գտնվող առանձնատանը:
Ինչպես արդեն հայտնի է, հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Հնարավոր է, որ վերոնշյալ մեղադրանքը հետագայում հարստացվի և Մ. Գրիգորյանին մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածով կամ հոդվածներով:
Հայտնի է, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցության արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու միջնորդություն էր ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն էր կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշքեսան) հարակից` «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: 
Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:
Նույն օրը՝ հունիսի 20-ին, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օպերատիվ հետախուզություն է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի «Միրզաջան» կոչվող տեղանքում տեղակայված «Ջի Էս պլյուս» ՍՊ ընկերության պահեստում: Հետախուզության արդյունքում պարզվել է, որ «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար կազմը յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՀ պաշտպանության նախարարությունից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, ինչպես նաև տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ: Մասնավորապես հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 մսի պահածոների, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19 425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց և այլ պարագաներ: 
Եթե Մանվել Գրիգորյանն այս ամենի հետ կապ չունի, ապա ինչո՞ւ քրեական գործի շրջանակում  ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է ոչ թե իմ, ձեր, այլ հենց Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն: Ավելին. ինչո՞ւ է մեղադրանք առաջադրվել ոչ թե իմ, ձեր, այլ հենց Մանվել Գրիգորյանի որդուն` օրերս Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տված Կարեն Գրիգորյանին:
Հունիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 22.06.2018թ.-ին Մ.Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
23.06.2018թ.-ին Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Այսպես, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի»‰ շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ.-ի մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:
Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ‰ մակնիշի, ընդհանուր` 10.028.580 ՀՀ դրամին համարժեք 1.389.000 ՌԴ ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ»‰ ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար»:
Ճիշտ է, ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, բայց ինչի՞ մասին են վկայում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության հրապարակած այս տեղեկությունները, տեսանյութերը… Դատարանում դրանց վերաբերյալ ի՞նչ է ասելու Մանվել Գրիգորյանը, հո չի՞ ասելու, թե իրենք իրենց ոտքով են եկել-մտել իմ տուն և ամառանոց, հասել նույնիսկ Արցախ:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք