Այսօր ակտիվացումը նաև նախիջևանյան սահմանի վրա` մեկ այլ խնդիր է առաջացնում Հայաստանի համար. Արա Պապյան (տեսանյութ)


Այսօր ակտիվացումը նաև նախիջևանյան սահմանի վրա` մեկ այլ խնդիր է առաջացնում Հայաստանի համար. Արա Պապյան (տեսանյութ)

  • 28-06-2018 23:00:49   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
 
 
Ադրբեջանի ձեռք բերած նոր զինատեսակների առնչությամբ մենք գիտենք և դրա մասին Բաքուն ինքը պաշտոնապես հայտարարել է. երկու կարևոր գնում են կատարել` Բելառուսից «Պոլոնեզ» տիպի հրթիռներ և «Լորա» հրթիռներ` Իսրայելից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից ուղղաթիռների գնումը, որոնք ռազմատրանսպորտային բնույթ ունեն, բայց կարող են որոշակի ռազմական կիրառություն ունենալ:
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված, նաև Կալիֆորնիայի հեռուստադիտողներին հասանելի «Քննարկում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում անդրադառնալով ս. թ. հունիսի 26-ին Բաքվում անցկացված ռազմական շքերթին, այս կարծիքը հայտնեց (դիտել` 1:15-ից) «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր ղեկավար, դիվանագետ, պատմաբան Արա Պապյանը:
Ի դեպ, «Պոլոնեզը» ոչ թե հրթիռ է, այլ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինչպես «Սմերչը», «Թայֆունը» և այլ համակարգեր, «Պոլոնեզ»-ն էլ ոչ թե այդ համակարգի կամ նրա կայանքից արձակվող ռեակտիվ արկի տիպն է, այլ համակարգի մակնիշը կամ անվանումը, ինչը, հասկանալի է, տվյալ պարագայում էական չէ: Էականն այստեղ հայկական կողմի նկատմամբ սպառնալիքի լուրջ աճն է:
Պարոն Պապյանը չլինելով ռազմական ոլորտի մասնագետ կամ փորձագետ, հավանաբար տեղյակ չէ ու չի նշել ռազմական ոլորտում Ադրբեջանի վերջին շրջանի ևս մեկ կարևոր ու մեզ համար առավել վտանգավոր ձեռքբերման` թուրքական արտադրության, ինքնաթիռից արձակվող, ավելի քան 200 կմ, իսկ, որոշ տեղեկությունների համաձայն, մինչև 250 կմ հեռահարության SOM թևավոր հրթիռների մասին:
«Սրանք և հայտարարությունները Ալիևի` բոլորը գտնվում են այն մայրուղու մեջ, ինչ որ Ալիևը բազմաթիվ անգամներ հայտարարել է, հոխորտացել է, որ ռազմական ճանապարհով կլուծի հարցը, անընդհատ նշվում է անգամ, որ դա հնարավոր է անել մի քանի օրվա մեջ,- ասաց Արա Պապյանը:- Իհարկե, այս ամբողջը կեղծիք է: Մտահոգիչ է, բնականաբար, երբ որ թշնամին նոր զինատեսակներ է գնում, մտահոգիչ է, որ հռետորաբանությունը չի փոխվում, թեև, ըստ միջազգային իրավունքի, Բաքուն չպետք է այդպիսի դիրքորոշում գրավեր: Հիշեմ, որ Բաքուն ինքն է և 94 թվականին Բիշքեկի զինադադարի ժամանակ եղել զինադադարի նախաձեռնողը, և ստորագրել է համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է միջազգային իրավական պարտավորություն, ինչպես նաև 16 թվականի ապրիլյան պատերազմի սաստկացումից հետո նորից Բաքուն խնդրեց, որպեսզի զինադադար կնքվի, հետո, մենք գիտենք, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումները եղան… Բայց սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ միակ զսպիչ ուժը Բաքվի նկրտումների դեմ, առաջին հերթին, հայկական զինուժն է: Եվ այստեղ պետք է ասել, որ, իհարկե, մենք ևս մեր ուժերի և հնարավորությունների ներածին չափով համապատասխան գնումներ ենք անում, բայց ամենակարևորը, որ փոխվում է նաև մեր հիմնական, ասենք, ռազմական գիծը: Հիմա քննարկումներ են գնում, այսպես կոչված, ակտիվ պաշտպանության մասին: «Ակտիվ պաշտպանություն»` նշանակում է (իհարկե, մանրամասները դեռևս բացահայտված չեն, չեն էլ բացահայտվի) ոչ միայն նստել և սպասել, այլ նաև որոշակի ակտիվ գործողություններ անել, հատկապես, եթե իսկապես վտանգը դառնա անխուսափելի»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարն ասաց.
«Օրինակ, կանխարգելիչ գործողություններ, այսինքն` որոշակի կուտակումների պարագայում չսպասել, որ առաջինը նրանք կհարվածեն և այլն: Թեև Հայաստանը, իսկ Արցախը, բնականաբար, Հայաստանի հետ միասին է, մշտապես հայտարարել են խաղաղ ճանապարհով խնդրի լուծման, բայց նաև հայտարարում են (և վերջերս էլ արտգործնախարար Մնացականյանի այցը Բրյուսել, նաև հանդիպումները համանախագահների հետ…), մշտապես նշում են, որ Ադրբեջանի այդ խախտումները չեն կարող անպատիժ մնալ, այսինքն` դրանք հարկադրում են Հայաստանին որոշակի գործողություններ անել, որովհետև այսօր (թերևս մենք էլի կանդրադառնանք դրան, առիթ կլինի այսինքն) ակտիվացումը նաև նախիջևանյան սահմանի վրա` մեկ այլ խնդիր է առաջացնում Հայաստանի համար: Ես չէի ասի, որ շատ մեծ, վտանգավոր խնդիր է, բայց, այնուհանդերձ, այդ խնդիրը կա, և խնդիրը նոր չէ, այսինքն` տարիներ ի վեր, գոնե այն ժամանակներից ի վեր, երբ որ Ադրբեջանն առանձին բանակ սկսեց ձևավորել Նախիջևանում, և Թուրքիան էլ սկսեց ավելի ու ավելի միջամուխ լինել այդ բանակի ձևավորման գործին»:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play