«Այդ ինչպե՞ս եղավ, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը` քյասիբ, եկավ Հայաստան ծակ շլվարով, և միլիարդներ դիզելով գնաց». Սարգիս Սեդրակյան (տեսագրություն)


«Այդ ինչպե՞ս եղավ, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը` քյասիբ, եկավ Հայաստան ծակ շլվարով, և միլիարդներ դիզելով գնաց». Սարգիս Սեդրակյան (տեսագրություն)

  • 04-07-2018 19:42:47   | Հայաստան  |  Տնտեսություն



 
 
 
 
Տարիներ շարունակ երկրում իրականացվել է սխալ ագրարային քաղաքականություն: Այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Ես իմ ելույթներում, հարցազրույցներում հրապարակային այդ մասին ասել եմ,- հավաստեց Սարգիս Սեդրակյանը:- Եղել եմ գյուղնախարարության կոլեգիայի անդամ, նաև այդ հարցերը բարձրաձայնել եմ կոլեգիայում: Մի կուռ համակարգ է եղել նախկինում, որը գյուղացիներին միշտ պահել է ճորտատիրական, ֆեոդալական կարգավիճակում, գյուղացին իրավունք չուներ ձայն բարձրացնել, ինչ-որ մի հարց որոշեր, ամեն ինչ գալիս էր վերևից: Այսինքն` գյուղապետին մի տրակտոր էին տալիս ու ասում էին այսքան ձայն կբերես ընտրություններին, վերջացավ գնաց: Գյուղացին ո՞վ էր, գյուղացին շատ-շատ սպասում էր, որ երբ պետք է գան ընտրությունները, 5000 դրամ փող բաժանեն, որովհետև, մեկ է, բաժանեին թե չբաժանեին, իրենք իրենց ձայները սարքելու էին, անցնելու էր: Այս ձևի կեղտոտ համակարգ էր ձևավորվել, գյուղացու ձայնը հաշվի չէր առնվում, մասնագետի ձայնը հաշվի չէր առնվում:
Մեր կազմակերպությունը 96 թվականից գոյություն ունի, ես աշխատել եմ տարբեր գյուղնախարարների հետ, եղել եմ միշտ ընդդիմադիր դաշտում, միշտ իմ հայացքներն իրենք չեն ընդունել, որովհետև իրենք իրենց էշն են առաջ բրդել միշտ: Այսինքն` նրանք երկրում կոշտ լիբերալ քաղաքականություն էին տանում, որի հետևանքով այսօր գյուղատնտեսությունում զբաղվում է երկու խավ. մեկը գյուղացիությունն է, դա պարզ է, մյուսն օլիգարխիան է: Մանավանդ վերջին տարիներին ավելի ահավոր գնաց օլիգարխիայի ձևավորումը, ամենալավ հողերն ինչ-որ կոպեկներով, գրոշներով սեփականաշնորհեցին, գյուղացիների ջուրը կտրեցին, օլիգարխների ջրերը բացեցին, նրանց այգիները, ջերմոցները, ֆերմաները և այլն, և այլն…
Դրսից տարբեր ծրագրեր էին գալիս, այ մեր սփյուռքի հայրենակիցները շատ սիրալիր ուզում էին օգնած լինել գյուղատնտեսության զարգացման և գյուղական աղքատության նվազեցման նպատակով, տարբեր ծրագրերով գումարներ էին ուղարկում Հայաստան, իսկ իրենք ինչ էին անում` գումարները` այդ բոլոր ծրագրերի, նպատակաուղղում էին օլիգարխիային, մարդկանց անունները կարելի է տալ, թե ովքեր ինչ այգիներ ունեն, ինչ ֆերմաներ ունեն, այդ որտեղի՞ց, իրենց պապե՞րն են ժառանգություն թողել դրանք, չեմ հասկանում: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը` քյասիբ, եկավ Հայաստան ծակ շլվարով, և միլիարդներ դիզելով գնաց: Ախր չի կարելի, եկել է ժամանակը, մարդիկ պետք է ասեն ճշմարտությունը»:
Իրավացի է Սարգիս Սեդրակյանը, որ «Հեղափոխությունը գյուղոլորտ դեռ չի հասել»: Եվ չէր էլ կարող հասնել, որովհետև տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն է, արժեքների, արժեքային համակարգերի փոփոխություն, այլ ընդամենը իշխանափոխություն: Ահավասիկ ապացույցը, թե իշխանափոխությունից հետո ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարն ինչպես է վարվել մեր սփյուռքի հայրենակիցներից մեկի կողմից դարձյալ շատ սիրալիր առաջարկված ծրագրին:
Համամիտ չենք պարոն Սեդրակյանի հետ այն հարցում, թե, մեկ է, ընտրակաշառք բաժանեին թե չբաժանեին, գյուղացիները ձայները սարքելու էին, անցնելու էր: Պետք չէ, ուղղակիորեն թե անուղղակիորեն, արդարացնել գյուղացիների և, ընդհանրապես, որևէ մեկի կողմից ընտրակաշառք վերցնելը: Դրա հետևանքները թերևս բոլորիս են հայտնի: Եթե «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահի ասածի պես լիներ, ապա պարզ տրամաբանությունն ասում է, որ այդ 5000-ական դրամները չէին բաժանի, եթե կարող էին առանց դրա էլ, ընտրություններում հաղթել: Անօրինականորեն հարստացածներն իրենց գումարների վրա ավելի են դողում և հենց այնպես 5000-ական դրամներ չէին բաժանի սրան ու նրան, իրենց գումարներն աջ ու ձախ չէին շռայլի: Ուրեմն ընտրողի քվեն նրանց համար իմաստ, դեր ու նաև արժեք ուներ` իրենց իսկ կողմից գնահատված ընդամենը 5000 դրամ:
Հաղորդումը հեռարձակվեց  ԱՄՆ-ի հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաև առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play