Բանը հասավ Կաթողիկոսի նկատմամբ ֆիզիկական բռնության
20-07-2018 22:40:29 | Հայաստան | Իրավունք
Ասում են, թե իբր հավատացյալ, այս պարագայում` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ, ազնիվ, հայրենասեր մարդիկ են Կաթողիկոսի դեմ պայքարի դուրս ելել: Կեղծի՛ք. լկտի՛ սուտ: Նայեք նրանցից շատերի չարությամբ լեցուն աչքերին ու դեմքերին, նրանց պայքարի կարգազանց և օրինազանց, անթույլատրելի մեթոդներին ու գործողություններին, և ամեն ինչ պարզ կդառնա:
Կարդացեք նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կամ նախաձեռնության անդամների կամ սատարողների մեծամասնության ֆեյսբուքյան մեկնաբանությունները «Ֆեյսբուք»-ի այլ օգտատերերի այն գրառումների և «Ֆեյսբուքում» զետեղված ԶԼՄ-ների այն հրապարակումների տակ, որոնք անթույլատրելի են համարում Կաթողիկոսի նկատմամբ բամբասանքը, զրպարտությունն ու վիրավորանքը: Այն հրապարակումների տակ, որոնք թեկուզ շատ մեղմորեն քննադատում ՀՀ ոստիկանությանը և մարդու իրավունքների պաշտպանին` կարգազանցների և օրինազանցների նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, ինչն արդեն իսկ պարտավոր էին անել: Նույն խաժամուժի նույն վայրահաչությունն է, զրպարտության, վիրավորանքի, հայհոյանքի, սպառնալիքի ճիշտ նույն բառապաշարը, որը Նիկոլի վկաների կողմից իբր թե սիրո և հանդուրժողականության դրսևորում հանդիսացող «թավշյա հեղափոխության» օրերին գործածվում էր նրանց նկատմամբ, ովքեր թեկուզ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին չպաշտպանելով, իրենց ֆեյսբուքյան էջերում փոքր-ինչ «ծուռ» և ոհմակին դուր չեկող ինչ-որ կարծիք էին արտահայտում: Ձեռագիրը հար և նման է, հետևություններն ինքներդ արեք, թե ովքեր կամ ինչ ուժեր են կանգնած հիշյալ նախաձեռնության ետևում:
Բա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մինչև հուլիսի 15-ը շարունակված լռությո՞ւնը, երբ մինչ այդ տևական ժամանակ հարձակում էին գործում ոչ միայն Կաթողիկոսի, այլև Մայր Աթոռում գտնվող բազմաթիվ այլ հոգևորականների (ըստ էության, նաև Մայր Աթոռի, Էջմիածնի միաբանության) վրա` նրանց զրպարտելով, վիրավորելով, հայհոյելով, սպառնալով ու սադրելով… Թվում էր, թե վարչապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա կատարված հարձակումից հետո (անկախ անձից), երբ քարերով ու մեքենաներով շրջափակել էին նրան տեղափոխող մեքենան, ապա նույնիսկ կոպտորեն քաշել մեքենայից դուրս եկած, ոտքով քայլող Կաթողիկոսի օձիքից (ավելին դեռ չասենք, ամեն ինչ իր ժամանակին…), անմիջապես հանդես կգա դատապարտող ելույթով, սակայն… Խոսեց միայն հաջորդ օրը, թեև ավելի լավ է ընդհանրապես չխոսեր, քանզի ինչ ասաց նա, իրեն պատիվ չի բերում: Անհեթեթ է ոստիկանության գրեթե անգործության առնչությամբ ՀՀ վարչապետի այն պատճառաբանությունը, թե սա Եկեղեցու ներքին խնդիրն է, Եկեղեցին ու պետությունն էլ իրարից անջատ են, հետևաբար չմիջամտելու իշխանության դիրքորոշումը ճիշտ է:
Ինչո՞ւ է ՀՀ ոստիկանությունը պասսիվ, կրավորական կեցվածք դրսևորում և չի կատարում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և, ընդհանրապես, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր պարտականությունները, ինչո՞ւ կարգազանցներին և օրինազանցներին կարգի չի հրավիրում ու չի կանչում պատասխանատվության, թերևս բացառությամբ հուլիսի 10-ի գործողության, երբ այլևս չկարողանալով անտեսել Կաթողիկոսի կամ Մայր Աթոռի պահանջը, նախաձեռնության անդամներին դուրս է հանել Վեհարանից (դիվանատնից): Ինչո՞ւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատասխանում ոստիկանության պասսիվ, անտարբեր, կրավորական կեցվածքի կամ գրեթե անգործության կապակցությամբ հրապարակային հարցումներին ու քննադատություններին… Սրանով շրջանառվող այն խոսակցություննե՞րն են հաստատվում, թե ինքը «Եհովայի վկաներ» ամբողջատիրական ու քայքայիչ աղանդի անդամ է, թե իրականում նման բան չկա և ոստիկանապետը պարզապես վերևից ներքին, ոչ գրավոր կարգադրություն է ստացել չխառնվելու, չմիջամտելու` մինչև որ Կաթողիկոսը ստիպված լինի հրաժարական տալ… Եթե պատճառը ոչ այն է, ոչ այս, ապա թող պարոն Օսիպյանը հրապարակային բացատրություն տա ոստիկանության գրեթե անգործության վերաբերյալ: Ուշադրությամբ կծանոթանանք…
Հիշյալ նախաձեռնության մի խումբ անդամներ, խրախուսված ոստիկանության պասսիվ, կրավորական կեցվածքից, հուլիսի 14-ին արդեն ոչ միայն բարոյապես (վիրավորանքի ու զրպարտության միջոցով), այլև ֆիզիկապես ոտնձգություն են կատարել հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում նույն օրը կատարած գրառմամբ (https://www.facebook.com/frvahram.melikyan ) տեղեկացրեց Կաթողիկոսի նկատմամբ թույլ տրված նշված ոտնձգության մասին:
«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը,- գրել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:- Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։
Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը գրել է նաև, որ «Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների, նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»։
Կատարվածին արձագանքել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` իր ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/Armenianombudsman ) գրելով.
«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»։
Նկատենք, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ժամանակին արձագանքեր Մայր Աթոռում օրեր շարունակ ծավալվող մարդու իրավունքների խախտումներին և օրինազանցությանը, ապա բանը չէր հասնի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելուն:
Գարեգին Բ–ի հետ կապված հիշյալ միջադեպից հետո հոգևորականները հարկադրված են եղել կոչով դիմել մարդկանց անվտանգությունն ի պաշտոնե ապահովելուն կոչված անձանց: Մասնավորապես` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կոչով դիմել է ՀՀ պատկան մարմիններին և պահանջել, որ նրանք ապահովեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը։
«Կաթողիկոսի կյանքին սպառնացող վտանգը փարատված է, սակայն ուզում ենք մեր կոչն ուղղել ՀՀ պատկան մարմիններին որպես քրիստոնյա և ՀՀ քաղաքացի, որ նրանք պարտավորություն ստանձնեն, այսինքն իրենց ուսերին դրված պարտավորությունը բարեխղճորեն իրագործեն և ապահովեն հայոց հայրապետի կյանքի անվտանգությունը և նրա գործունեության ու առաքելության անխափան իրականացումը։ Եթե պատկան մարմիններն ի վիճակի չեն կատարելու իրենց պարտականությունները, ապա թող իմանան, որ մենք` հոգևորականներս, մեր կյանքի գնով կկատարենք այդ պարտականությունը»,- ասել է նա և ընդգծել, որ այդ դեպքում հետագա պատասխանատվությունը կծանրանա ՀՀ պատկան մարմինների համապատասխան աշխատակիցների ուսերին։
Այո, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կամ նախաձեռնության շարքերում, այդ խառնիճաղանջ բազմության կան նաև հայրենասեր և հավատացյալ սակավաթիվ մարդիկ, բայց դժվար է նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ համարել, քանի որ ակնհայտորեն դեմ են գնում նույն Եկեղեցում վաղուց ի վեր հաստատված և գործող կարգին ու կանոնին: Ցավոք, այդ մոլորյալների մեջ կան նաև իմ մտերիմներից մի քանիսը, որոնք խելամիտ կլինեն, եթե ժամ առաջ դուրս գան այդ շարժումից: