ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել․ՀՔԿ


ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել․ՀՔԿ

  • 25-07-2018 15:41:55   | Հայաստան  |  Հայտարարություններ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
 
Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է եղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը գրավոր տեղեկացնել այն մասին, որ պահանջատերը` ՃՈ ծառայությունը, հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից, որն էլ ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթը կարճելու հիմք է հանդիսացել:
 
Օգտվելով այդ հանգամանքից՝ Ա. Ն.-ն պարտապան Ռ. Մանուկյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված 39 կատարողական վարույթներով պահանջներից հրաժարվելու իրավական հիմքերի բացակայության պայմաններում, կատարել է պաշտոնեական կեղծիք. այն է՝ կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հասցեագրված, կեղծ բովանդակությամբ գրություն՝ հայտնելով, որ համապատասխան օրենքի համաձայն` հրաժարվում է պահանջներից և խնդրում է հիշյալ 39 կատարողական վարույթները կարճել:
 
Բացի այդ, Ա. Ն.-ն, նույն եղանակով կատարել է ևս մեկ պաշտոնեական կեղծիք, այն է` կազմել և ստորագրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետին հասցեագրված կեղծ գրություն՝ հայտնելով, որ հրաժարվում է ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթներով պահանջներից և խնդրում է պարտապան Ա. Հարությունյանի վերաբերյալ կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը կարճել: Արդյունքում հիշյալ կեղծ փաստաթղթի հիման վրա ևս ԴԱՀԿ-ում որոշում է կայացվել համապատասխան կատարողական վարույթը կարճելու մասին:
 
Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ