«Վերահսկողության գործոնը և պատժելիությունը դառնում են որոշակիորեն անխուսափելի». Նիկոլ Փաշինյանի խորհրդական (տեսանյութ)


«Վերահսկողության գործոնը և պատժելիությունը դառնում են որոշակիորեն անխուսափելի». Նիկոլ Փաշինյանի խորհրդական (տեսանյութ)

  • 25-07-2018 16:45:04   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Իհարկե, շատ կարևոր ու նույնիսկ հրաշալի է, եթե, իրոք, այդպես է, բայց շուտով բազմաթիվ առիթներ կունենանք այդ հարցում համոզվելու կամ չհամոզվելու: Ինչպես ասում են, կյանքը ցույց կտա, թե ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագիտության թեկնածու, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հկ-ի նախագահ Արտակ Մանուկյանի վերոնշյալ հավաստումն արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը…
Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս այսպիսի գրառում է կատարել. «Տնտեսական զարգացում ունենալու համար կոռուպցիայի դեմ պայքարն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար, կարևոր է նաև պետական հատվածում մտածելակերպի փոփոխությունը»: Հավանաբար շատերը կհամաձայնեն պարոն Մանուկյանի այս դիտարկման միանգամայն ճիշտ լինելուն, խնդիրն այն է, թե իրականում կփոխվի՞, արդյոք, նշված մտածելակերպը, և եթե այո, ինչ չափով…
Ո՞ր իրավիճակում է իրատեսական, որ պետական չինովնիկը, անգամ նորը, այս փոփոխությունների արդյունքում պետական համակարգում նոր նշանակվածն իր անձնական շահը դնի 10-րդ տեղում կամ ընդհանրապես չհետապնդի անձնական շահ, համարի, որ աշխատավարձ է ստանում, և պետական շահը դնի առաջին տեղում:
«Պետական չինովնիկը հանրությանը ծառայություն մատուցող անձնավորություն է,- «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Արտակ Մանուկյանը:- Եթե մենք դիտարկենք աշխատավարձերի բարձրացումը, ապա աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է…» (դիտել 6:28-ից):
Որովհետև, ըստ Արտակ Մանուկյանի, եթե աշխատավարձը բարձրացվի, բայց չներդրվեն նաև վերահսկողական գործառույթներ, այսինքն` տվյալ չինովնիկն իր վրա չզգա, որ, օրինակ, այլևս չի կարող «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով առաջնորդվել ու շարունակի առաջնորդվել նշված սկզբունքով, եթե նա նույնիսկ բռնվի դրանով, բայց ինչ-որ մի գումար տա կամ արհեստականորեն սեղմ ժամկետով ազատազրկվի, ապա աշխատավարձերի բարձրացումը կոռուպցիայի դեմ պայքարում օգուտ չի տա: Հաղորդման հյուրի տեղեկացմամբ, շատ վերլուծություններ կան և տեսնում ենք որ նախկին իշխանությունների օրոք նույնիսկ այն դեպքերում, երբ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար ոմանք դատապարտվել են, կոռուպցիոն ռիսկերում ներգրավված սուբյեկտներն ամբողջովին չեն ազատազրկվել իրենց դատապարտման ժամկետներով»:
«Համակարգը խթանել է ինչ-որ տեղ, և պետական չինովնիկի համար դարձել է ռացիոնալ վարքագիծ այս գործարքների գայթակղության մեջ մտնելու հավանականությունը,- ասաց Արտակ Մանուկյանը:- Այդ կոնտեքստում հիմա առաջին բանը, որը որ, նաև իմ կարծիքով, իրականացվում է, այն է, որ վերահսկողության գործոնը և պատժելիությունը դառնում են որոշակիորեն անխուսափելի, դա ավտոմատ նվազեցնում է գայթակղությունը` ներքաշվելու կոռուպցիոն ռիսկերի մեջ: Այդ պարագայում, այսինքն` եթե կա անհրաժեշտ մոտիվացիա, որ այդ ծառայությունդ ավելի արդյունավետ անես, և կա համապատասխան վերահսկողություն, որը քեզ հնարավորություն չի տալիս, որ դու խաղի կանոններից շեղվես, կամ եթե շեղվես, քո բացահայտման հավանականությունը բավականաչափ մեծ է, և բացահայտվելու դեպքում քո պատժաչափը կրելու խստությունը շատ մեծ է, սա արդեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերում ներգրավվելու գայթակղությունը… Հեռու չգնանք. դատավորների աշխատավարձը, հիշում եք, որ էլի բարձրացրեցին, բայց դրանից դատական համակարգը չդարձավ ավելի անկախ, որովհետև նույն որոշումները, զանցանքների նկատելիությունը կախված էին ինստիտուտներից»:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության  Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք