Եղվարդում չրերի արտադրամասին կից կառուցված նավթավերամշակման գործարանը սպառնալիք է դարձել նաև հարակից այգիների ու բնակավայրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եղվարդում չրերի արտադրամասին կից կառուցված նավթավերամշակման գործարանը սպառնալիք է դարձել նաև հարակից այգիների ու բնակավայրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 31-07-2018 18:50:51   | Հայաստան  |  Տնտեսություն



2008 թվականից Եղվարդի «ՆԱՏԻ» թաղմասում էկոլոգիապես մաքուր չրեր է  արտադրում «Ռիվալ» ընկերությունը, որն այս տարի նախատեսել է միայն Ռուսաստանի Դաշնություն 100 տոննա չիր արտահանել: 
 
Բարձր որակային հատկանիշներով աչքի ընկնող չրերի արտադրության մեջ օգտագործվում են ինչպես գործարանին կից պտղատու այգիներում մշակվող մրգերը, այնպես էլ մեծ քանակությամբ մթերումներ են իրականացվում հարակից գյուղերից: 
 
Բացի Ռուսաստանի Դաշնությունից, «Ռիվալ» ընկերության ծիրանի, դեղձի, թզի, խնձորի, տանձի, արքայանարինջի, դեղին ու կարմիր կեռասի, սև և կարմիր սալորի, և նույնիսկ լոլիկի չրերն արտահանվում են նաև Դոմինիկյան Հանրապետություն ու Կանադա: 
 
Արտադրանքի շուկայական պահանջարկի մեծացմանը զուգահեռ «Ռիվալ»-ը պլանավորում է ավելացնել արտադրական հզորությունները, նաև արտադրանքի ծավալներն ու աշխատատեղերի քանակը, եթե Բնապահպանության նախարարությունից ընկերության սեփականատերերին հստակ երաշխիքներ տրվեն,  որ արտադրամասի հարևանությամբ «Արմօյլ» ընկերության կողմից կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի աշխատանքը չի վտանգի իրենց բիզնեսը և աղետալի հետևանքներ չի ունենա 5 հա մակերեսով պտղատու այգիների վրա: 
 
«Ռիվալ» ընկերության սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանն ահազանգում է, թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշում է կայացրել կասեցնել նավթավերամշակման գործարանի շինարարությունը, քանի որ «Արմօյլ»-ը չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված պարտավորությունները: Չնայած ՇՄԱԳ-ի բացակայությանը և պատկան մարմինների որոշմանը՝ գործարանի տարածքում այսօր էլ շինարարական աշխատանքերը շարունակվում են, իսկ իրավապահ մարմիններն անգործության են մատնված: 
 
Խնդիրն անհանգստացնում է նաև «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչներին, հարակից 100 հեկտար մշակովի բերքատու այգիների և սննդամթերք արտադրող այլ գործարանների սեփականատերերին: 
Եղվարդցիների վրդովմունքը կրկնապատկել են «Արմօյլ»-ի ներկայացուցիչների այն պդնումները, թե բնակիչները շատ բան չեն հասկանում նմանատիպ գործարանների գործունեությունից: 
 
Եթե «Ռիվալ»-ի սեփականատերերը միայն անվտանգության երաշխիքներ են պահանջում, ապա «ՆԱՏԻ» թաղամասի բնակիչների պահանջը մեկն է՝  իրենց քթի տակ նավթավերամշակման գործարան չպետք է գործի: 
 
 
 
Տեսանյութը՝ «Նոյյան Տապանի»,
Էլիզա զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն