Հայկական արտադրության ԳՄՕ չպարունակող «Ռիվալ» չրերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում


Հայկական արտադրության ԳՄՕ չպարունակող «Ռիվալ» չրերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում

  • 31-07-2018 18:06:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայկական արտադրության էկոլոգիապես մաքուր և ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) չպարունակող «Ռիվալ» ապրանքանիշի չրերը մեծ պահանջարկ ունեն արտերկրում: 
 
Ներկայումս հայկական չրերն արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն, Դոմինիկյան Հանրապետություն և Կանադա, սակայն «Ռիվալ» ընկերությունն այսքանով չի սահմանափակվում՝ ակտիվ բանակցություններ են ընթանում Լատվիայի, Չեխիայի և Գերմանիայի հետ արտահանման շուկան ընդլայնելու նպատակով: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ռիվալ» ընկերության գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը, սպառողին են առաջարկում դեղձի, խնձորի, տանձի, սպիտակ ու կարմիր բալի, թզի, արքայանարնջի և նույնիսկ լոլիկի չիր, ծիրանաչիր և սալորաչիր:
 
Ըստ նրա՝ չրերի արտադրությունը սկսել են 14 հոգուց բաղկացած աշխատանքային կազմով, որը կարճ ճամանակ անց հասել է 60-ի: 
 
«Դեղձի և լոլիկի մթերումների այս շրջանում մենք աշխատանքային պայմանագրով լրացուցիչ 30-40 հոգի պետք է ներգրավենք՝ որպես չիր վերամշակող աշխատակիցներ: Չրերի արտադրության մեջ օգտագործում ենք ինչպես սեփական այգիների մրգերը, այնպես էլ 60-ից ավելի տնային տնտեսությունների հետ ունենք պայմանագիր, որոնցից մթերելու ենք տարբեր տեսակի մրգեր»,- ընդգծեց Ա. Ղազարյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ տարեց տարի «Ռիվալ» ընկերության չրերի արտադրության ծավալներն ավելանում են, ուստի ոչ միայն արևային 7 չորանոց են կառուցել, այլև գազով ու էլեկտրաէներգիայով աշխատող նոր չորանոցներ են ներկրել արտերկրից ՝ բոլոր պատվերները ճիշտ ժամանակին տեղ հասցնելու համար:   
 
2008 թվականից ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամասում գործունեություն ծավալող ընկերությունում մրգերը լվացվում են հոսող ջրում մի քանի փուլերով՝ մինչև կեղտի ու փոշու լիարժեք հեռացումը, իսկ չորացումը կատարվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ արևային մեթոդով: 
 
Լիարժեք չորացումից հետո չրերը տեղադրվում են հատուկ տարաների մեջ և պահպանվում են ախտահանված սառնարաններում՝ +5-ից +7C ջերմաստիճանային պայմաններում: 
 
Չորացման հատուկ մեթոդի շնորհիվ չրերը պահպանում են բոլոր վիտամինների միկրոտարրերը, որոնք կարևոր են յուրաքանչյուր մարդու առօրյա սննդակարգում, այնուհետև փաթեթավորվում են ալյումինե եռաշերտ հիմքով պոլիմերային փաթեթի մեջ, որն ի տարբերություն ցելոֆանե փաթեթների, չի կուտակում մթերքը փչացնող խոնավությունը:  
 
Շնորհիվ փաթեթի հակառակ կողմին ամրացված կպչուն ժապավենի՝ փաթեթավորումը հարմար է ինչպես միանգամյա, այնպես էլ բազմանգամյա օգտագործման համար:
 
«Ռիվալ» ընկերության գործադիր տնօրենի վստահեցմամբ՝ արտադրական պրոցեսն իրականացվում է որակի և հիգիենայի խստագույն պահանջներին համապատասխան, որի վկայությունն են ՀՀ և ՌԴ լիազոր մարմինների կողմից տրված համապատասխանության վկայականները: 
 
Իր հերթին ընկերության սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանը նշեց, որ ապագայի հետ կապված բավականին արդյունավետ ծրագրեր ունեն իրականացնելու, մասնավորապես, պատրաստվում են հաջորդ տարի պահածոների գործարան հիմնել և նոր արտադրություն կազմակերպել, որի շնորհիվ 100 նոր աշխատատեղ կբացվի: 
 
Նրա խոսքերով՝ նմանատիպ արտադրությունների ոլորտում հաջողության հասնելու և աշխարհում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է բարձր որակ ապահովել: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն