Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար


Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար

  • 03-08-2018 15:02:55   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն   ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
 
Ողջունելով հյուրերին՝  նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև  համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետև նախարար Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության քաղաքականության նոր առաջնահերթությունները։ Նախարարը մասնավորապես շեշտել է, որ ուշադրության առանցքում լինելու է փոքր տնտեսությունների զարգացումը՝ հողերի խոշորացման, միավորումների ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման, ֆինանսների հասանելիության, գյուղտեխնիկայի թարմացման և  առհասարակ գյուղատնտեսական արժեշղթայի ամբողջական զարգացման միջոցով։
 
Գյուղնախարարը կարևորել է նաև բարձրարժեք, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների և ուսուցման միջոցով գիտական նոր նվաճումների և տեխնոլոգիաների ներդրման խթանումը գյուղատնտեսության մեջ։
 
Դեբորա Գրիզերն իր հերթին գոհունակություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև երկարամյա պատմություն ունեցող համագործակցությամբ։ Անդրադառնալով  հետագա գործակցության հեռանկարներին՝  նա նշել է, որ թեև այս տարեվերջին ավարտին են մոտենում «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերը, սակայն նախատեսում են նոր՝ «Գյուղատնտեսության զարգացում-նոր տնտեսական հնարավորություն» հնգամյա դրամաշնորհային ծրագիր մեկնարկել, որի թիրախում կլինեն գյուղական փոքր ագրոբիզնեսները։ Աջակցությունը հիմնականում կուղղվի այգեգործության զարգացմանը, մասնավորապես նոր մշակաբույսերի, ջերմատների, ինտենսիվ այգիների, խաղողագործության, գյուղատնտեսական առաջնային արտադրության խթանմանը, հնարավոր է նաև գինու փոքրածավալ արտադրության և ագրոտուրիզմի զարգացման ֆինանսավորում։ Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հարցին։
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման ջրի խնայողատար համակարգերի կիրառմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play