ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունը չի նվազել, աշխարհը դեռ գնում է վտանգավոր ճանապարհով


ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունը չի նվազել, աշխարհը դեռ գնում է վտանգավոր ճանապարհով

  • 04-08-2018 22:44:50   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Աշխարհին կամ, ավելի ճիշտ, մարդկության միամիտ մեծամասնությանը թվում էր, թե Թրամփ- Պուտին վերջին հանդիպման, բանակցությունների արդյունքում ձեռք բերված և համատեղ մամուլի ասուլիսում հայտարարված համաձայնությունները գոնե այս անգամ ձևական չեն լինելու կամ չեն ունենալու հռչակագրային բնույթ: Թվում էր նաև, թե այդ բանակցություններից, դրական «մեսիջների» փոխանակումից և հիշյալ գերտերությունների առաջնորդների ձեռքսեղմումից հետո ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լարվածությունը նվազելու է, նվազելու են նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հանդեպ եղած սպառնալիքները: Թվում էր…
Թերևս բոլորին է հայտնի, որ Արևմուտքում գլխավոր դերակատարը Միացյալ Նահանգներն է, որը «դիրիժորն» է նաև ՆԱՏՕ-ում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցյալ ամսավերջին արդեն ստիպված է եղել քննադատել Արևմուտքի հակառուսական քայլերը: Նա Արևմուտքի վարած ու  լարվածություն առաջացնող քաղաքականությունն իր երկրի անվտանգության դեմ ուղղված քայլ է որակել:
«Արևմտյան երկրները փորձում են լարվածություն առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում և հրաժարվում են անվտանգության հարցերում համագործակցել Մոսկվայի հետ»,- հուլիսի 30-ին ասել է Սերգեյ Լավրովը, և հավելել, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) շարժվում է դեպի Արևելյան Եվրոպա, ինչը  վտանգի տակ է դնում Ռուսաստանի անվտանգությունը:
ՌԴ արտգործնախարարն ասել է նաև, որ «Արևմտյան երկրների քայլերը  լարվածություն են առաջացնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:
Նշելով, որ ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների գլխավոր նպատակն է կանխել Ռուսաստանի առաջընթացը, Լավրովն ընդգծել է. «Արևմուտքի հակառուսական շրջափակումներն անօրինական են: Նրանք անհիմն հայտարարությունների հիման վրա սահմանափակումներ են ստեղծում Ռուսաստանի համար»:
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քայլերը, սակայն, չեն սահմանափակվում միայն ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներով, դեպի Արևելյան Եվրոպա ՆԱՏՕ-ի զորաշարժով, արևելաեվրոպական երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնմամբ, Ուկրաինա- Ռուսաստան առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի լարելով: Չպետք է մոռանալ, որ Սիրիայում պատերազմը շարունակվում է, և որ այդ պատերազմի բևեռներից մեկում իրականում հենց Արևմուտքն է, առաջին հերթին և առավելապես` ԱՄՆ-ը, որն ի թիվս Սիրիայում այլ չարագործությունների, Ալ-Թանֆի ռազմաբազայի տարածքում մարզում է ահաբեկչական խմբերի զինյալներին:
Սիրիայում Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի հրամանատարը ԱՄՆ-ին օրերս կոչ է արել փակել նշված ռազմաբազան ու դուրս գալ այնտեղից: Ըստ «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայում Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի հրամանատար Սերգեյ Ռուդսկոյն ասել է. «ԱՄՆ-ի ուժերի վերահսկողության տակ գտնվող Ալ-Թանֆի տարածքներում տեղակայվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալները»: Գլխավոր շտաբի հրամանատարն ասել է նաև, որ ԱՄՆ-ը Ալ-Թանֆի ռազմաբազայի տարածքում մարզում է ահաբեկչական խմբերի զինյալներին: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play