Սևանի բազմաթիվ ափամերձ հատվածներ թունավորված են, վտանգավոր են ձկան օգտագործումը, այնտեղ լողալը, անասուններին ջրելը (տեսանյութեր)


Սևանի բազմաթիվ ափամերձ հատվածներ թունավորված են, վտանգավոր են ձկան օգտագործումը, այնտեղ լողալը, անասուններին ջրելը (տեսանյութեր)

  • 14-08-2018 21:45:14   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Այս իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ բնապահպանության,  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները, բնապահպանության նախկին նախարարներից առնվազն Վարդան Այվազյանը, Արամ Հարությունյանը, Արամայիս Գրիգորյանը, համապատասխան իրավապահ մարմինները` իրենց նախկին ղեկավարներով հանդերձ, երկրի նախկին ղեկավարները, «Սևան» ազգային պարկը, դրա նախկին ու ներկայիս տնօրեններն անձամբ:
Ճիշտ է, իրավիճակը, պայմանավորված վերջին օրերին ջերմաստիճանի անկմամբ, որոշ չափով մեղմվել է, սակայն ջերմաստիճանի նվազումը սոսկ ժամանակավոր երևույթ է, շուտով այն նորից կբարձրանա, և եթե սեպտեմբերը շոգ լինի, լիճը նորից կարող է ծաղկել կապտականաչ ջրիմուռներով, այսինքն` մենք այս տարվա ընթացքում կարող ենք ականատես լինել նշված ջրիմուռների բուռն աճի երկրորդ փուլին:
Պարզվում է, նոր Հայաստանի իշխանավորներից ոմանք նույնպես, ինչպես և իրենց նախորդները, չեն հասկանում Հայաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի համար Սևանա լճի մակարդակի նվազեցում թույլ չտալու կարևորությունն ու հրամայական անհրաժեշտությունը, լճի մակարդակի նվազեցման աղետալի հետևանքները: Կամ էլ, հասկանալով հանդերձ, արհամարհում են լիճը որպես արժեք, ավելին` որպես ՀՀ բնակչության անվտանգության ու նույնիսկ գոյության գրավական:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կամ առնվազն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն մտադրություն ունի (համենայն դեպս, հուլիսի սկզբի դրությամբ ունեցել է այդ մտադրությունը) հասնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լճից ջրի բաց թողնման սահմանված առավելագույն ծավալի (մինչև 170 մլն խորանարդ մետր) ավելացման` 100 մլն խմ-ով` այն հասցնելով մինչև 270 մլն խորանարդ մետրի:
Թե վերը նշվածն ի՞նչ աղետալի հետևանքներ կունենա, եթե, ի վերջո, օրենքում կատարվի նշված փոփոխությունը, կներկայացնենք ստորև: 
«Այս տարի նույնիսկ նախագիծ է ներկայացվել, որով իրենք ուզում են այդ օրենքը փոխել, որ այդ 170 միլիոնը դարձնել 270, որին, բարեբախտաբար, մեր հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց»,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` վերոնշյալ նախագիծը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության է արժանացել, քանի որ օրենքով Սևանա լճից մինչև 270 մլն խմ ջրի բաց թողնում նախատեսելու կամ արտոնելու հետևանքով մենք միանշանակ ունենալու ենք լճի մակարդակի իջեցման միտում, դա լինելու է Սևանի վախճանը:
«Եվ ես,- շարունակեց Բարդուխ Գաբրիելյանը,- բազմիցս նշել եմ, որ եթե մենք ունենաք իջեցում, ապա ոչ թե կվերադառնանք այն էկոլոգիական վիճակին, որը ունեինք մինչև լճի մակարդակի բարձրացումը, այլ ավելի վատ վիճակի, քանի որ, դե հասկանալի է, ափերը լվացվում են, օրգանական լրացուցիչ նյութը (գոմաղբ, պարարտանյութեր և այլն.- Ա. Հ.) ներմուծվում է ջրի մեջ, և եթե մենք ունենանք ջրի ծավալի փոքրացում, կունենանք այդ օրգանական նյութի և կենսածին տարրերի խտության ավելացում, ինչը կբերի ավելի վատ վիճակի: Եվ այսօրվա այս պատկերը (Մարտունու շրջանում կապտականաչ ջրիմուռների բուռն ու վտանգավոր ծաղկումը փաստող լուսանկարը` վերջերս հրապարակված աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի կողմից.- Ա. Հ.), որ մենք ունենք, ապացույց է, որ Սևանն այսօր շատ փխրուն էկոհամակարգ ունի, ոչ կայուն, և մի փոքր խախտումը կարող է բերել անդարձելի էկոլոգիական հետևանքների»:
Հավանաբար հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում վերոնշյալ փոփոխությունը կատարելուն կողմ չի քվեարկի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն վերջերս հանդես է եկել Սևանա լճից 2018թ. հավելյալ ջուր բաց թողնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Սկզբում շրջանառության մեջ է դրվել Սևանա լճից բացի հիշյալ օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ից, հավելյալ 85 մլն խմ ջուր բաց թողնելու նախագիծը, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները ստանալուց հետո, հիշյալ կոմիտեն կիսով չափ նվազեցրել է հավելյալ բաց թողնման համար նախատեսված ջրի ծավալը` այն սահմանելով 40 մլն խմ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավելյալ ջրառի կապակցությամբ որոշում դեռ չի կայացրել ու հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ, հուսանք, որ առաջիկայում ընդհանրապես չի էլ կայացնի:
Ընդգծենք` Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելը, ինչպես գիտնականներն են նշում, հանգեցնելու է լճում օրգանական նյութի բարձր պարունակության, կարող է պատճառ հանդիսանալ ջրի բարձր ջերմաստիճանի: Եվ սա` այն դեպքում, երբ նույնիսկ առանց ջրի հավելյալ բաց թողման էլ, Սևանի էկոլոգիական վիճակը շատ ծանր է: Ավելին. ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի պետհամալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Ղամբարյանի, սեպտեմբերին լիճը նորից կարող է ծաղկել կապտականաչ ջրիմուռներով: Հասկանալի է, որ եթե դա տեղի ունենա, հիշյալ ջրիմուռների բուռն աճի կրկնությունը հանգեցնելու է լճում դրանց արտադրած թույնի չափաքանակի ավելացման:
Այս իրավիճակում, երբ Սևանա լիճն առանց այն էլ շնչահեղձ է լինում, իր մեջ այս կամ այն չափով պարունակում է կապտականաչ ջրիմուռների արտադրած թույնը, մի կողմից լճի մակարդակի անկումը, մյուս կողմից լճում օրգանական նյութի պարունակության ավելացումը և հետագա թունավորումը տվյալ ջրիմուռների արտադրած թույնով, կարող են հանգեցնել լճում ձկների զանգվածային անկման, ընդհանրապես ճակատագրական հետևանքներ ունենալ Սևանի էկոհամակարգի համար: Ավելին` կարող են նույնիսկ թունավորվել և սննդում օգտագործելու համար վտանգավոր դառնալ Սևանի ջրով ոռոգված հողատարածքներում աճեցված մրգերն ու բանջարեղենները:
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը վերջերս տեղեկացրեց, որ միայն Մարտունիում չէ կապտականաչ ջրիմուռների ծաղկումը, Վարդենիսում էլ է այդպես, Ճամբարակի ափերն են այդպես, նաև` Գավառի (ի դեպ, կապտականաչ ջրիմուռների ծաղկում նկատվել է նաև Շորժայի կողմերում, ինչը հաստատեց նաև հիշյալ կենտրոնի տնօրենը): 
Ինչպես տեղեկացանք վերոնշյալ գիտնականից` Լուսինե Ղամբարյանից, իրենք արդեն պարզել են, որ Սևանա լճում բուռն կերպով ծաղկած այդ ջրիմուռները կապտականաչ ջրիմուռների «անաբենա» տեսակն են, թունավոր ցիանաբակտերիաներ:
Անաբենան ցիանաբակտերիաների չորս տեսակներից մեկն է, այն արտադրում է նեյրոտոքսիններ, որոնք վնաս են պատճառում նաև մարդկանց նյարդային համակարգին, լճում եղած վայրի բնությանը (ներառյալ` ձկնաշխարհին ու թռչուններին), ինչպես նաև գյուղատնտեսական ու տնային կենդանիներին: Կապտականաչ ջրիմուռների տվյալ տեսակն արտադրում է նաև հեպատոտոքսիններ, որոնք վնասում են լյարդը, ինչպես նաև դերմատոտոքսիններ, որոնք գրգռում են մաշկը և լորձաթաղանթները:
Որքան էլ անհեթեթ է, եթե այժմ դեռ չասենք հանցավոր, այս իրավիճակում «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հասարակությանը ոչ միայն չի ներկայացրել վերոնշյալով պայմանավորված վտանգները, այլև կեղծ տեղեկություններ հրապարակելով, իրավիճակը ներկայացրել է անվտանգ և, ինչպես ասում են, փափուկ բարձ դրել հասարակության գլխի տակ, ինչի համար պետք է պատասխան տա: Նա բավական չէ, որ ջրիմուռների հայտնվելը, ըստ «Արմենպրես»-ի հրապարակած տեղեկատվության, բնական է համարել (մինչդեռ դա հետևանք է նաև Սևանի աղտոտվածության, լճում օրգանական նյութի անթույլատրելի բարձր պարունակության), նաև ասել է, թե դրանք կվերածվեն օրգանական նյութերի, որոնք օգտակար են լճի համար: Այս հակագիտական անհեթեթությանը, մեղմ ասած, խայտառակությանն առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:
Դառը կամ նույնիսկ ահավոր փորձն արդեն կա, թե թունավոր կապտականաչ ջրիմուռները տարիներ առաջ Սևանա լճում ինչ իրավիճակի են հանգեցրել, դրանք լճի ջուրն առանձին հատվածներում փաստորեն բառիս բուն իմաստով թունավորել են, ընդ որում, նույնիսկ այն աստիճանի, որ այդ ջուրը խմած անասունները սատկել են: Դա եղել է 1978թ., որից անմիջապես հետո կառավարությունը հատուկ այդ նպատակով հանձնաժողով է ստեղծել ու գործուղել այնտեղ:
«1978 թվականին, երբ «Սևան» ազգային պարկը ստեղծվեց, ես կառավարության հանձնաժողովի մեջ էի, մենք չորս հոգով օգոստոսին գնացինք Մեծ Սևան, այդ ջրիմուռները փաթաթվում էին նավի պտուտակին,- ասաց Գագիկ Սուխուդյանը:- Չորս հատ խոշոր եղջերավոր անասուն խմել էր ջուրը և սպանդ էր եղել… Լճի ամբողջ` 245 կիլոմետր պարագծով մի տեղ չկար, որ մտնեիր լողանար օգոստոս ամսին, կամ չզզվեիր այդ գարշելի հոտից»:
Վերջինիս բացատրության համաձայն, Մեծ Սևանում կապտականաչ ջրիմուռների բուռն ծաղկումը պայմանավորված է նաև նրանով, որ Մեծ Սևանի խորությունը փոքր է, ծանծաղուտների մակերեսը` մեծ, այնտեղ ջուրն ավելի շատ է տաքանում, ինչը նույնպես խթանում է կապտականաչ ջրիմուռների աճը:
Ըստ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակի, «Սևան» ազգային պարկն իր իմաստը կորցրել է, լճի ափին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն, որոնք եթե ջրի տակ մնան, որոշակի մարդիկ լուրջ վնասներ են կրելու:
«Սևանի ջուրը բարձրացնելը կարծես ինչ-որ մեկի սրտով չէ,- ասաց Գագիկ Սուխուդյանը:- Տեսեք` քանի տարի է, կանգնած էր «Արփա-Սևան» թունելով ջրի մատակարարումը, Որոտանով մի կաթիլ ջուր չի մտել Սևանա լիճ (խոսքը «Որոտան-Արփա-Սևան» թունելային ջրատար համակարգի սկզբնական հատվածի` Որոտան-Արփայի մասին է` կառուցված 2004թ., որը սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և պետք է ապահովեր տարեկան 165 մլն խմ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից ջուրը պետք է գնար Սևանա լիճ՝ «Արփա-Սևան» թունելով.- Ա. Հ.)»:
Ոչ թե մեկի, բազմաթիվ անձանց սրտով չէ…
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակի տեղեկացմամբ՝ հիշյալ օրենքում լճից ջրի բաց թողնման վերոնշյալ առավելագույն ծավալը` մինչև 170 միլիոն խորանարդ մետր, որոշվել է այն ժամանակ, երբ նախատեսված էր, որ Որոտանը պետք է բերի 165 մլն խորանարդ մետր, 250 միլիոն խորանարդ մետր էլ «Արփա-Սևան» թունելով է լցվելու Սևանա լիճ:
«Մենք Սևանի ճակատագրի հետ խաղ ենք անում, այն ախր մերը չէ, ոչ էլ իրենցն է (նկատի ունի իշխանություններին.- Ա. Հ.), այն պատմությանն է, սերունդներինը, եկել է և այդպես էլ պետք է գնա, մենք չենք կարող առանց Սևան…»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:
Բարդուխ Գաբրիելյանը նույնպես հաստատեց, որ «Որոտան-Արփա» թունելային համակարգով մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր չի տեղափոխվել, Արփա-Սևանով էլ, տարի է եղել, որ ջուր բաց չի թողնվել Սևանա լիճ:
Սևանա լճի ներկայիս էկոլոգիական վիճակը պետք է գնահատել տագնապային: Ճիշտ է, նախկինում էլ, տարբեր տարիների ամռանը Սևանա լճում փոքր թե մեծ չափով կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի ունեցել է: Այնուհանդերձ, 2018թ. ամռանն իր այս կամ այն մասով թունավոր հիշյալ ջրիմուռների աճը տարբեր պատճառներով ավելի արագ ու բուռն է տեղի ունեցել, այն ավելի ծավալուն, ընդգրկուն բնույթ ունի ու հավանաբար մոտեցել կամ հավասարվել է 1978թ. վերոնշյալ նախադեպին: Մեծ Սևանում, որտեղ ջրի խորությունը փոքր է և ջուրն ավելի տաք, կապտականաչ ջրիմուռների ծաղկումը գրեթե համատարած է:
Սակայն, ի տարբերություն 1978թ. իրավիճակի, լճի ներկայիս վիճակը թերևս ոչ միայն տագնապային, այլև արտառոց է այն առումով, որ մի քանի խիստ բացասական գործոններ համընկել են: Դրանք են`
1. նախորդած խիստ տաք ձմեռը, ապա ներկայիս խիստ շոգ ամառը (դեռ պետք է պարզել, թե ընդհանրապես եղե՞լ են ձմռան և ամռան առաջին կեսի միջին ջերմաստիճաններով իրար հաջորդած այդպիսի տարիներ, և եթե այո, ո՞ր թվականներին):
2. 2017թ.վերջի  տվյալով Սևանա լճի մակարդակի անկումը թույլատրելիից և նախատեսվածից ավելի, ինչն, իր հերթին, նույնպես պատճառ է լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման և կենսաքիմիական բացասական գործընթացների:
3. Համակարգային կոռուպցիայի ու բարձիթողի վիճակի պայմաններում կատարված (ի դեպ, «նոր Հայաստանում» էլ շարունակվող) զանգվածային ձկնագողության արդյունքում լճում ձկան և խեցգետնի պաշարների ահռելի կրճատումը ու նշվածի հետևանքով ձկան ու խեցգետնի կողմից չսպառված կերի` օրգանական նյութի հսկայական զանգվածի ավելցուկի առաջացումը:
4. Օրգանական նյութի քայքայման և ջրում լուծվելու արդյունքում ֆոսֆորի, ազոտի, թերևս նաև այլ նյութերի ահռելի զանգվածի առաջացումը, ինչը խթանում են լճում էվտրոֆիայի գործընթացը և նպաստում նաև թունավոր կապտականաչ ջրիմուռների ծաղկմանը ու դրանց զանգվածի աճին:
5. Լճում ֆոսֆորի պարունակության ավելացումը ու դրա հետևանքով ազոտի խիստ անբարենպաստ կամ վտանգավոր հարաբերակցությունը, ինչը հետևանք է նաև լճից 2017 հավելյալ ջուր բաց թողնելու հետևանքով Սևանի մակարդակի անկման:
Վերը նշվածին հավելենք նաև Սևանա լճի աղտոտումը մի շարք այլ պատճառներով` ժամանակին կոռուպցիայի, անտարբերության, ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի խայտառակ քաղաքականության հետևանքով չմաքրված հսկայական կանաչ զանգվածի ու չքանդված շինությունների` ջրի տակ անցնելու, լճի հատակում եղած և ջրում առկա կեղտն իր մեջ հավաքող, կոնսերվացնող հիպոլինոմի շերտի նվազման, Սևանա լճին մերձակա բնակավայրերում ապրող և ափին հանգստացող բնակչության կենսագործունեության արդյունքում լիճ լցվող կոյուղաջրերի, կենցաղային թափոնների, ինչպես նաև անասնապահության և հողագործության արդյունքում լճում հայտնված ու հայտնվող գոմաղբի, անձրևներով հողի լվացմամբ լիճ լցված ու լցվող պարարտանյութերի: 
«Ասեմ, որ այս հարցը կարելի է, իհարկե, կապել նաև ջրի մակարդակի հետ, որը շատ ավելի կարևոր է,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Այսինքն` եթե մենք ունենում ենք ջրի ծավալի մեծացում, համապատասխան այդ ջերմաստիճանը` միջին կամ նույնիսկ սեզոնային, ավելի ցածր է լինում, համապատասխանաբար այդ ծաղկումը կամ ծաղկման գործընթացն այսպես ավելի բուռն չի արտահայտվում… Ցավոք սրտի, մենք, ինչպես գիտենք, այս տարվա հունվարի 1-ով ունեցել ենք իջեցում, ինչի մասին մենք նախազգուշացրել ենք, որ այդ իջեցումը, եթե կրկնվի մի քանի տարի, մենք կունենաք ավելի վատ վիճակ, քան եղել է»:
ՀՀ գործող օրենսդրությունը թույլ է տալիս կառավարությանը շոգ, չորային կամ երաշտ տարիներին ելնելով մշակովի հողատարածքների ոռոգման անհրաժեշտությունից, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ԱԺ-ում, որպեսզի խորհրդարանը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում օրենքում փոփոխություններ կատարելով, միայն տվյալ տարվա (ոռոգման սեզոնի) համար թույլատրի Սևանա լճից ջրի լրացուցիչ ու պահանջվող ծավալի բաց թողնում: Սակայն, օրենքի համաձայն, կառավարությունն այդ դեպքում պարտավոր է ներկայացնել համապատասխան հաշվարկներ, որոնցով կհիմնավորի, որ լճից ջրի լրացուցիչ ծավալի բաց թողնումը չի հանգեցնի լիճ մուտք գործած ու լճից դուրս եկած ջրի ծավալների բացասական հաշվեկշռի, այսինքն` ջրի լրացուցիչ ծավալի բաց թողնման հետևանքով Սևանա լճի մակարդակը չի նվազի, լճի մակարդակի նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատ պակաս չի լինի:
ՀՀ կառավարությունը 2012 թվականից սկսած արդեն երեք անգամ սխալ հաշվարկներ է ներկայացրել ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին, ու վերջինս երեք անգամ էլ այդ սխալը չտեսնելով կամ չցանկանալով տեսնել, դրական եզրակացություն է տվել Սևանա լճից, բացի օրենքով նախատեսված մինչև 170 մլն խմ-ից, լրացուցիչ մինչև 100 մլն խմ ջուր բաց թողնելու կառավարության առաջարկին: 2012թ., 2014թ. և 2017 թվականներին ՀՀ կառավարությունը համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, որպեսզի Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնվի` պատճառաբանությամբ, որ տարին չորային է, ոռոգման խնդիրներ կան և այլն: Սակայն, լճից ջրի լրացուցիչ ծավալի բաց թողնման հետևանքով խախտվել է օրենքի վերոնշյալ դրույթը. 2012 և 2014 թվականներին հաջորդած տարիների (2013 և 2015 թթ.) հունվարի 1-ի դրությամբ լճի մակարդակը համապատասխանաբար 2012 և 2014 թվականների հունվարի 1-ի համեմատ 3-4 սանտիմետրով նվազել է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, էլ ավելի խայտառակ պատկեր ու Սևանա լճի համար վտանգավոր իրավիճակ է գրանցվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ 2017 թվականին լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելն արտոնող ԱԺ-ի լրացումից և լճից հավելյալ ջուր բաց թողնելուց հետո: Չնայած օրենքի 5-րդ հավելվածի 3-րդ գլխով նախատեսվել է, որ հավելյալ ջրառից հետո լճի մակարդակի եղած ու 18 սանտիմետրի հասնող բարձրացումից գոնե 10 սանտիմետրը պետք է պահպանվի, իրականում, սակայն, ոչ միայն այդ 10 սանտիմետրը չի պահպանվել, այլև 2018թ. հունվարի 1-ին մակարդակի 4 սանտիմետր նվազում է արձանագրվել 2017թ. հունվարի 1-ի նիշի համեմատ: Սա Սևանա լճի նկատմամբ նախորդ կառավարության կողմից գործնականում իրականացված հանցավոր քաղաքականության բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է:
Սևանա լճի իրական ու տագնապալի էկոլոգիական իրավիճակին կարող եք ծանոթանալ մեր նախորդ` «Չգնեք Սևանա լճի սիգն ու կարասը, դրանք կարող են թունավորված լինել (տեսանյութ և ֆոտոշարք)», «Սևանա լիճն օրեցօր թունավորվում է ու դառնում վտանգավոր (տեսանյութ)», «SOS, SOS, SOS. հետևանքներն աղետալի են լինելու ոչ միայն Սևանա լճի, այլև բոլորիս համար», «Սևանա լճում այս տարի կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ է եղել, դրանց մի մասը թունավոր է, սկսվել են հետազոտություններ (տեսանյութեր)», «Սևանա լճի բազմաթիվ հատվածներում լողալն իսկապես վտանգավոր է (տեսանյութեր)», ինչպես նաև առաջիկա հրապարակումներից:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք