Սահմանապահների պատասխանը Քոչարյանին. ինչ է կատարվում այնտեղ


Սահմանապահների պատասխանը Քոչարյանին. ինչ է կատարվում այնտեղ

  • 17-08-2018 13:32:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ հնարավոր է այդպես խոսել, նախօրեին հարցազրույցում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով նոր կառավարությանը եւ Ռուսաստանի հետ նոր որակի եւ բնույթի հարաբերություն կառուցելու ձգտմանը: Տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դա համարում է վտանգավոր: Այստեղ իհարկե թե մտածողության, թե շահերի խնդիր է: Հարց այն է, որ հայ-ռուսական հարաբերության վերափոխումը վտանգավոր է ոչ թե Հայաստանի, այլ հենց այդ մտածողության ու շահերի հիմքով այդ հարաբերությունը նենգափոխած նախորդ համակիարգի համար:
 
Հատկանշական է, որ օգոստոսի 17-ին տարածվել է տեղեկություն, որ Հայաստանում հայ-թուրքական սահմանը հսկող Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է սահմանախախտի՝ Գվինեայի քաղաքացու, որը պատմել է «սրտառուչ» մի պատմություն: Ըստ նրա, եկել է Թեհրան սովորելու, տաքսու վարորդին խնդրել է իր համար շրջագայություն կազմակերպել երկրում: Վարորդը իրեն տարել է Թուրքիա՝ շրջանցելով սահմանային անցակետը, հետո վերցրել է անձնագիրն ու վիզայի կնիք խփել ու վերադարձրել, հետո իրեն թալանել են Թուրքիայում, հետո սնունդ փնտրելիս անցել է Արաքս գետը:
 
Հետաքրքիր պատմություն է, բայց առավել հետաքրքիր է այն, որ վերջին շրջանում հաճախակիացել են այդ դեպքերը Հայաստանի սահմանին: Մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, որոնք իբրեւ թե մոլորվել էին: Հետո հայտարարվեց Աֆղանստանի քաղաքացիների ձերբակալման մասին: Օրեր առաջ ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանը խախտած մի հետախույզ: Այժմ ձերբակալվում է Գվիենայի քաղաքացին:
 
Ուշագրավ է, որ նախօրեին Հայաստանի ԱԱԾ պետն ընդունել է ՌԴ սահմանապահ ծառայության փոխտնօրենին, որը ներկայացրել է Հայաստանում ՌԴ սահմանապահ ստորաբաժանման նոր ղեկավարին:
 
Ինչու՞ են հաճախակիացել Հայաստանի սահմանը խախտելու փորձերը, տարաբնույթ պատմություններով: Դրանք զգոնություն ստուգելու՞ փորձեր են, թե՞ դրանց նպատակների շարքում է որոշակի ուշադրություն շեղել որեւէ այլ հատվածից:
 
Հատկանշական է, որ դեռեւս նախորդ իշխանության շրջանում, 2017-ի վերջին, Սերժ Սարգսյանն ԱԱԾ առաջ բարձրացրեց հակաահաբեկչական միջոցառումներն ու զգոնությունը մեծացնելու խնդիր, խոսելով նաեւ հակաահաբեկչական նոր հայեցակարգի եւ ռազմավարության անհրաժեշտության մասին, հաշվի առնելով աճող մարտահրավերները:
 
Միեւնույն ժամանակ, իրավիճակը ամենեւին զարմանալի չի դարձնում այդօրինակ մարտահրավերների եւ ռիսկերի առկայությունը, Հայաստանից պահանջելով մեծ աչալրջություն: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն անվտանգային, աշխարհքաղաքական կամ ռազմա-քաղաքական ֆոնը չէ, այլ նաեւ տնտեսականը: Հայաստանի շուրջ ձեւավորվում է տնտեսական տուրբուլենտության բավական շոշափելի աստիճան, պայմանավորված թուրք-ամերիկյան եւ իրան-ամերիկյան խնդիրներով:
 
Դա նշանակում է, որ այդ երկրներում այս կամ այն կեցությամբ գտնվող տարբեր քաղաքացիներ կարող են փնտրել ծանր դրությունից հնարավոր ելքեր ու այդպիսին դիտարկել օրինակ Հայաստանի հետ սահմանն անցնելը, իրապես զուտ «սոցիալական» նկատառումներով, առանց որեւէ դավադիր նպատակի:
 
Մյուս կողմից, Հայաստանն իհարկե տվյալ պարագայում «երկակի» նշանակության ուշադրության «օբյեկտ» է, ոչ միայն իր ռեգիոնալ սուբյեկտության պատճառով, այլ նաեւ հայ-ռուսական հարաբերության, Ռուսաստանի համար իր նշանակությամբ: Այլ կերպ ասած, Հայաստանում հնարավոր է ուժգին հարված հասցնել Ռուսաստանին, հաշվի առնելով այդ նշանակությունն ու հարաբերության զգայունությունը:
 
Հենց այդ պատճառով է նաեւ, որ հայ-ռուսական «ավանդական» հարաբերության բնույթի վերանայումը, որակական վերափոխումն ու միջպետական բնույթի հաստատումն ունի առանցքային նշանակություն երկու կողմի անվտանգության եւ պաշտպանվածության, միաժամանակ ռեգիոնալ կայունության համար: Դա է պատճառը, որ խիստ վտանգավոր է, երբ հայ-ռուսական հարաբերությունը կառուցվում է «ինչպես կարելի է այդպես խոսել Մոսկվայի հետ» անլեզու տրամաբանության վրա, որը Ռուսաստանի հետ որեւէ մասշտաբի ու տեսակի լուրջ խնդիր ունեցող, Ռուսաստանի վրա որեւէ կերպ ազդելու անհրաժեշտություն ունեցող այս կամ այն սուբյեկտի համար Հայաստանի «անուղղակի» ուղղությամբ ուղղակի Ռուսաստանի «ատամները հաշվելը» կարող է դարձնել բավական շահավետ մեթոդ: Իսկ այդպիսի սուբյեկտները բավական շատ են, ընդ որում՝ այդ թվում նույնիսկ Հայաստանի հետ ուղիղ որեւէ խնդիր չունեցող:
 
  
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն