Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը


Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը

  • 20-08-2018 11:00:33   | Հայաստան  |  Տնտեսություն

Օգոստոսի  17-ին Դիլիջանում բացվել է Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ 
Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով  Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի Ազգային պարկի հետ։ 
 
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի և հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը և  դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ: 
 
«Եվրոպական միությունն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար՝ նոր աշխատատեղերի ստեղծման և մարզերի տնտեսական մրցակցության խթանման միջոցով։ Դիլիջանում Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի, Արհեստների ու արվեստների կենտրոնի հիմնումը Եվրամիության նախաձեռնության և IDeA հիմնադրամի հետ գործընկերության տեսանելի արդյունքներից են», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։ 
 
Զբոսաշրջիկները կենտրոնում կարող են տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին, վարձակալել հեծանիվներ, վրաններ և արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ, որոնք պատրաստում են տեղի արհեստավարժ վարպետները։ 
 
Դիլիջան՝ Մաքսիմ Գորկու փողոց 15/2 հասցեում կառուցված կենտրոնի հարևանությամբ վերաբացվել է նաև Դիլիջանի քաղաքային զբոսայգին, որի  բարեկարգումն իրականացվել է IDeA հիմնադրամի ծրագրով։  Բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը։ 
 
«IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։  Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնումը, ինչպես նաև 
քաղաքային զբոսայգու բարեկարգումն ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան  Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։ 
 
Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը կարևորել է ծրագրի արդյունքները համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և բնակիչների զբաղվածության ապահովման տեսանկյունից։ 
«Կենտրոնի բացումը և զբոսայգու բարեկարգումը սպասված իրադարձություն է մեր քաղաքի բնակիչների համար։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելուց բացի նորակառույց Զբոսաշրջային կենտրոնը մշտական աշխատանքով է ապահովելու Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչներին, իսկ բարեկարգված զբոսայգին կդառնա մեր համաքաղաքացիների հանգստի սիրելի վայրը»,- նշել է Դիլիջան համայնքի ղեկավարը։ 
Դիլիջանի Զբոսաշրջային կենտրոնում աշխատանքի տեղավորված  6 բնակիչները ծրագրի ուղղակի շահառուներ են: 
 
Ծրագրի մասին 
 
«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը մեկն է այն 8 դրամաշնորհային ծրագրերից, որոնք իրականացվում են Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի» շրջանակում: IDeA հիմնադրամն իրականացնում է երկամյա դրամաշնորհային ծրագիրը Եվրոպական միության և ազգային  համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի, Դիլիջանի ազգային պարկի և մյուս գործընկերների հետ։ Ծրագրի նպատակն է որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնել Դիլիջանն ու հարակից՝ Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան գյուղերը և ավելացնել տարածաշրջան այցելողների թիվը՝ ստեղծելով զբոսաշրջիկների համար գրավիչ միջավայր և խթանելով տեղական տնտեսությունների զարգացումը։ 
 
Ծրագրի շահառու են հանդիսանում Տավուշի մարզի առնվազն 330 բնակիչ և 120 ձեռնարկություն։  Նրանց աջակցություն  է տրամադրվում կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպատակ հետապնդելով Դիլիջանում և հարակից համայնքներում զարգացնել զբոսաշրջությունը և հյուրընկալությունը, ինչպես նաև նպաստել Տավուշի մարզում գործազրկության նվազեցմանը։ Ծրագրի շրջանակում կստեղծվեն ուղղակի զբաղվածության 50 հնարավորություններ:
Ծրագրով նախատեսվում է նաև Դիլիջանում ստեղծել քաղաքային շուկա, գյուղատնտեսական տաղավար, ինչպես նաև Արհեստների և արվեստների կենտրոն: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի երրորդ կողմերին՝ ենթադրամաշնորհների տեսքով։ Ենթադրամաշնորհների շահառու կդառնան այն ձեռնարկությունները, որոնք պատրաստ են Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար հավելյալ աշխատատեղեր ստեղծել:
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն է:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play