Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ


Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

  • 05-09-2018 17:07:16   | Իրան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։
 
Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 փորձագետներից, Թեհրանի կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի 1-ական ներկայացուցիչներից, ինչպես նաև կենտրոնի 2 անդամ պետություններից: Ղեկավար խորհուրդը` անդամ պետությունների հետ, հաստատում է կենտրոնի գործունեության գործողությունների ծրագիրը, մշակում է ծրագրային դրույթներ և կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջանային հետագա ծրագրերը:
 
Տեղեկանք․ Թեհրանի կենտրոնը հիմնվել է 2011թ.՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրի: Կենտրոնին անդամակցում են Հայաստանը (2015թ.-ից), Իրանը, Իրաքը, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պաղեստինը, Թուրքիան և Պակիստանը:
 
Կենտրոնի հիմնական գործառույթներն են 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթների իրականացումը, ոչ նյութական մշակութային  ժառանգության ոլորտում  տարածաշրջային համագործակցության ապահովումը և ընդլայնումը` համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, կարողությունների հզորեցման աշխատաժողովների կազմակերպումը, ոչ նյութական մշակութային  ժառանգության պահպանման լավագույն փորձի փոխանակումը և կենտրոնի անդամ պետությունների համատեղ հայտերի, միջոցառումների և ծրագրերի կազմակերպումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն