Ucom-ի նոր uKid խելացի ժամացույցների շնորհիվ ծանողները կկարողանան վերահսկել երեխաների տեղաշարժը՝ ապահովելով նրանց անվտանգությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ucom-ի նոր uKid խելացի ժամացույցների շնորհիվ ծանողները կկարողանան վերահսկել երեխաների տեղաշարժը՝ ապահովելով նրանց անվտանգությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-09-2018 15:14:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Ծնողներն այլևս կարող են չանհանգստանալ իրենց մանկահասակ կամ դպրոցահասակ երեխաների գտնվելու վայրի հետ կապված, քանի որ Ucom ընկերության հայալեզու uKid մանկական խելացի ժամացույցը բացառիկ հնարավորություն է տալիս ոչ միայն ամեն րոպե կապի մեջ լինել երեխայի հետ, այլև հետևել նրա տեղաշարժին: 
 
«Ազատ երեխա, անհոգ ծնող» կարգախոսի ներքո այսօրվանից վաճառքի հանված uKid խելացի հեռախոս-ժամացույցները նախատեսված են 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար, ովքեր կարող են նախապես սահմանել երեխայի համար ապահով գոտում գտնվելու քարտեզը, նաև ակտիվացնել արտակարգ ռեժիմը: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, երեխայի՝ ապահով գոտուց դուրս գալու կամ արտակարգ ռեժիմում գտնվելու մասին խելացի ժամացույցն անմիջապես համապատասխան ծանուցմամբ, հաղորդագրությամբ կամ ազդանշանով տեղեկացնում է ծնողին, այդպիսով կանխելով հնարավոր բոլոր վտանգները:  
 
«Այս պրոդուկտը հնարավորություն է տալիս երեխաներին դասաժամերին կամ դրանցից դուրս օգտվել հեռախոսից սահմանափակ լուծումներով, այսինքն՝ կարող են զանգահարել համապատասխան այն համարներին, որը ծնողները կուզենան»,- նշեց Հ. Եսայանը՝ հավելելով, որ ծնողներն անձամբ են որոշում խելացի ժամացույցի գործառույթների շրջանակը՝ ավելացնելով կամ պակասեցնելով սահմանափակումները: 
Ucօm ընկերության ղեկավարի խոսքերով՝ ի տարբերություն uKid-ի, հայկական շուկայում առկա նմանատիպ ժամացույցները հայաֆիկացված չեն, աշխատում են հիմնականում 2G ցանցում, հավելվածները թերություններ ունեն, ինտերնետ-կապի կարգավորումը ժամեր կարող է պահանջել, իսկ ճառագայթումն ավելի շատ է: 
 
«Այն լուծումը, որ մենք տալիս ենք, շատ երկրներում ավելի թանկ է և տեխնոլոգիապես զիջում է մեր տարբերակին: Արտերկրում նույն ժամացույցը, որը հայաֆիկացված չէ, մոտ երկու անգամ ավելի թանկ է: Մենք շուրջ մեկ տարի այս նախագծի վրա աշխատել ենք, որից հետո հասել ենք այն արդյունքին, որ այս արտադրանքը հնարավորինս քիչ է ճառագայթում և անվտանգ է երեխաների առողջության համար»,- ընդգծեց Հ. Եսայանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ Ucom-ից uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 հազար դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ և անսահմանափակ sms-ներ «Յուքոմ» շարժական ցանցի ներսում, նաև 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար:
 
Ժամացույցը ձեռք բերելուց հետո ծնողները կարող են ներբեռնել ու տեղադրել uKid հավելվածը iOS կամ Android համակարգով աշխատող իրենց հեռախոսում և վերահսկել երեխայի տեղաշարժը, տեղեկանալ նրա գտնվելու վայրի մասին: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play