Մկրտիչ Կարապետյան. «Ինչպե՞ս մարդկանց մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ, եթե հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառվում»


Մկրտիչ Կարապետյան. «Ինչպե՞ս մարդկանց մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ, եթե հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառվում»

  • 26-04-2011 15:37:30   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայկական գրատպության 500 -ամյակի առիթով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի հարցերին սիրով պատասխանեց «Էդիտ Պրինտ» հրատարակչության նախագահ,Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Ն.Տ.- Ի՞նչ նպատակ ունի Գրքի երեւանյան 7-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը: Մ.Կ.- Նպատակն է մեր կողմից հրատարակված նորանուն գրքերը հանձնել հանրության` մասնավորապես երեխաների դատին: Այս անգամ միջոցառմանը մասնակցում են 50 հրատարակիչներ, որոնք հանրության դատին են հանձնել վերջին երկու տարում լույս տեսած գրքերը: Նման միջոցառումներն արվում են նրա համար, որ մարդիկ գան, մասնակցեն ու ծանոթանան նորանուն գրքերին, քանի որ մոտ 20 տարի է ինչ մեր երկիրն ընթերցանության առումով հետ է գնացել: Մենք փորձում ենք ժողովրդի մոտ սեր արթնացնել դեպի գիրքը: Ն.Տ.- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս միջոցառումից: Մ.Կ.-Նախ նշեմ, որ նախորդ միջոցառմանը մասնակցել է մոտ 7-8 հազար մարդ, հետաքրքրությունը մեծ է եղել: Մենք ակնկալում ենք, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, շատ մարդ կայցելի մեր միջոցառմանը: Տեղեկացնեմ, որ մենք, սկսած ապրիլի վերջից մինչեւ մայիսի սկիզբ, մասնակցելու ենք 5 միջազգային ցուցահանդեսի, իսկ այս ամենի նպատակն ու ակնկալիքները մեկն է` ժողովրդին մոտեցնել գրքին: Ն.Տ.- Նման միջոցառումները որքան՞ով են նպաստում գրահրատարակչության զարգացմանը: Մ.Կ.- Անշուշտ նման միջոցառումները նպաստում են գրահրատարակչության զարգացմանը: Քանի որ, նախ, մարդիկ ծանոթանում են գրահրատարակիչների կողմից տպագրված նոր գրքերին, եւ, երկրորդ, շնորհիվ նման միջոցառումների, գրքերն սկսում են վաճառվել: Պարզ է` որքան շատ գիրք կարողանանք վաճառել, այնքան ավելի կզարգանա գրահրատարակչությունը: Ն.Տ.- Կան արդյո՞ք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գրահրատարակչության զարգացմանը: Մ.Կ.- Կան բազում խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել միայն նման միջոցառումների շնորհիվ: Թեեւ կարող եմ հստակ ասել, որ Հայաստանում գրահրատարակչությունները բավական զարգացած են, եւ նրանց կողմից լույս տեսած գրքերը թե որակով եւ թե բովանդակությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Նշեմ, որ նման միջոցառումներ են կազմակերպվում նաեւ մարզերում. ունենք նրանց համար մշակված ծրագրեր: Հաճելի կլինի, որ նման միջոցառումներին մեզ աջակցեն կառավարությունը, նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, այսինքն` գրքի նկատմամբ լուրջ մոտեցում ցուցաբերվի, ինչն այսօր, ցավոք սրտի, չի արվում: Կառավարությունը պարտավոր է ոչ միայն ի պաշտոնե, քանի որ հաջորդ տարի մենք ունենք 2 կարեւոր միջոցառում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ.-ին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, եւ նշելու ենք տպագրության 500-ամյակը: Մենք պետք է հավուր պատշաճի ներկայացնենք մեր երկիրը, բայց մինչ այժմ կառավարության կողմից ոչ մի քայլ չի արվում: Թերեւս միայն ՀՀ մշակույթի նախարարությունն է, որ մեզ օգնության ձեռք է մեկնել, ինչը չի կարելի ասել զանգվածային լրատվամիջոցների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասին: Այսօր հարկերի պատճառով փակվում են գրահրատարակություններ: Մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը, նախագահին, որ պակասեցվի կամ ժամանակավորապես դադարեցվի գրախանութներից եւ գրքերի արտադրության համար հարկեր հավաքել, որ կարողանանք 2012թ.-ին նորմալ հանդես գալ: Մինչ օրս կառավարոըւթյան կողմից միայն մերժումներ ենք ստացել, դիմել ենք նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին, ով պատասխանել է.«Եթե մեր հարեւան Ադրբեջանում, Բելոռուսում, Թուրքիայում գիրքը հարկվում է, մենք էլ ենք հարկում»: Ն.Տ.- Գրքի շուկայի զարգացումն ինչպե՞ս էր անցյալում, հիմա, եւ հետագայում ինչպե՞ս եք տեսնում: Մ.Կ.- Թեեւ լավատես եմ, բայց կողքից նայելով, ոչ մի լավ բան չեմ տեսնում: Մեր անկախացման 20 տարիների ընթացքում գրքի շուկայի զարգացումը զրոյական վիճակում է, նույնիսկ կարող եմ ասել, որ հետընթաց է ապրել: Վերջին մի քանի տարիներին է, ինչ գրքի շուկան սկսել է որոշ չափով զարգանալ, որը, կարծես թե, ստացվում է, ինչը չի կարելի ասել գրքի իրացման վիճակի մասին: Ինձ թվում է, եթե պետությունը մի թեթեւ կամք դրսեւորի, ապա 3 տարվա ընթացքում գրքի շուկան վերելք կապրի, իսկ եթե ոչ` ապա անկումն անխուսափելի կլինի: Այսօր ՀՀ կրթության նախարարի հրամանով դպրոցներում արգելված է դրամահավաքը, եւ դա է պատճառը, որ մենք չենք կարողանում մեր գրքերը տարածել դպրոցներում: ՀՀ կրթության նախարարությունը պետք է գիրքը կամ ամսագիրը հասցնի գրադարան, քանի որ մեր գրադարանները վերջին անգամ նորանուն գրքերով համալրվել են 1970-1980- ականներին, կամ նվիրատվության շնորհիվ: Պետք է յուրաքանչյուր գրադարան լույս տեսած նոր գրքի առնվազն երկու օրինակ ունենա: Եթե Երեւանի գրադարանների վիճակը կարելի է համարել բարվոք, ապա մարզերում վիճակն ահավոր է: Իսկ նման պայմաններում հարց է առաջանում` ինչպե՞ս մարդկանց մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ, եթե հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառվում, իսկ գրադարաններում նկատվում է գրքի պակաս: Հույս ունենաք, որ, եթե պակասեցվեն հարկերն ու կառավարությունը ճիշտ մարտավարություն ընտրի, ապա 2012թ.-ին ընդառաջ նման գրահրատարակչության ոլորտում կունենանք փոփոխություններ:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ