Նրանք պետք է գեղեցիկ հանձնվեն. ծնկի գան ու հանձնեն մանդատները


Նրանք պետք է գեղեցիկ հանձնվեն. ծնկի գան ու հանձնեն մանդատները

  • 14-09-2018 18:16:36   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
 
-Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը։
 
 
-Նախորդ պաշտոնյաները ոչ միայն գաղտնալսվում էին, այլ անձամբ զեկուցագրեր էին գրում և տարբեր հասցեներով ուղարկում էին իրենց ծրագրերի մասին։ Բացի զեկուցագրերից, իրենց «սխոդկաների» ժամանակ քննարկում էին այդպիսի հարցեր իրար հետ։ Այնպես որ, իրենց այդքան էլ չի անհանգստացնում այդ գաղտնալսում կոչվածը։ Գաղտնալսումը ես համարում եմ շարքային մի բան, պետության անվտանգության վրա հարձակում չի եղել։ Այլ բան է, որ պետք է պահպանել ինստրուկցիան։ Խոսելիս որոշ բաներ կան, որոնք, անկախ նրանից` գաղտնալսում կա, թե ոչ, կա ինստրուկցիա, որն արգելում է որոշակի բաների մասին խոսել։ Ինչ-որ ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիան պետք է գաղտնագրված լինի, կոդավորված լինի նաև բառերով։
 
Մի քանի արտահայտություններ կան, որոնք ոմանց ոգևորել են։ Կարծում եմ՝ իզուր ոգևորություն է, դրա մեջ ոչինչ էլ չկա։ Ոչ մի արտառոց բան չկա, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները հանրապետության նախկին բարձրագույն պաշտոնյայի վերաբերյալ խորհրդակցում են և տեղյակ են պահում վարչապետին։ Բա վարչապետը չպե՞տք է իմանա։ Եթե կուզեք իմանալ, ԱԺ նախագահն էլ դա պետք է իմանա։ Քննիչը, դատախազը, ԱԱԾ պաշտոնյաները նման մակարդակի հարցեր քննարկելու ժամանակ պետք է տեղյակ պահեն և ԱԺ նախագահին, և վարչապետին։ Սա շատ կարևոր գործ է, շարքային քրեական գործ չէ։ Այնպես որ, ոչ մի արտառոց բան չկա, որ վարչապետին ասել են։ Դա շատ նորմալ է։ Հատուկ տագնապի պատճառ չկա, բայց սա ցուցադրական ակցիա էր, որ թշնամին քնած չէ։ Դա է իմ հետևությունը, որ պետք է զգոն և ուշադիր լինել։
 
-Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, խոսելով սևերի ու սպիտակների մասին, նշեց, որ հեղափոխության պաշտպանության դիրքերից հանդես գալու անվան տակ ոմանք այլ քաղաքականություն են վարում, ՀՀԿ-ի հետ քուչեքում և ռեստորաններում բանակցում են։ Ձեր կարծիքով՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը։
 
- Նկատի ունի նրանց, որոնք առիթից օգտվեցին ու միացան հեղափոխությանը, թեև դրա հետ ոչ մի կապ չունեին։ Ուղղակի հարմար գնացք հանդիպեց, նրանք բարձրացան գնացք։ Նրանք բարձրացել են հեղափոխության գնացքը, բայց իրենք հեղափոխական չեն եղել, հիմա էլ չեն ու դժվար էլ լինեն, որովհետև հեղափոխությունն իրենց դեմ էր։ Հեղափոխության թիրախներից մեկն էլ իրենք էին։ Նրանք լքեցին ՀՀԿ-ի գնացքը, տեղափոխվեցին հեղափոխության գնացք, ու դա չի նշանակում, որ իրենք հեղափոխական են։ Բնական է, որ նրանք մեկ ուրիշ գնացք են ուզում նստել, ծրագրեր ու դավեր են նյութում։ Դա հենց այդպես էլ պետք է լիներ։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ենթատեքստով էլ ասել, որ մենք ձեզ գիտենք, ճանաչում ենք։
 
-Չպե՞տք է ավելի հասցեական լինեին հայտարարությունները։
 
-Հասցեականության կարիքը չկա, որովհետև հասցեականությունը երկխոսության առիթ է տալիս, իսկ հրապարակախոսության այս ոճը թույլ է տալիս մտածել, որ հնարավոր է կան նաև նրանք, որոնք չեն բացահայտվել։ Այստեղ նրբություն կա և պետք չի հասցեականացնել։ Հետո հենց իրենք էլ բացահայտվում են։ Հիշո՞ւմ եք Աստվածաշնչից դրվագը, որ ասում է՝ միթե ես եմ լինելու նա, ով մատնելու է։ Հիմա էլ մտածում են՝ մի՞թե մենք ենք դավադիրը։ Այս հեղափոխության, բարեփոխումների, բարիկադների, պայքարի կանոնների մեջ այդ ձևը հարմար է։ Եթե անհրաժեշտ լինի ինչ-որ մեկին հատուկ ռինգ հրավիրելու, հասցեական կարելի է ասել։
 
-Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել՝ ասելով, որ Հայաստանում բռնապետություն է հաստատվել, նոր բռնապետ է հայտնվել։ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ ԵԽԽՎ-ում ներկայացրել է Հայաստանում ազատությունների սահմանափակման, քաղաքական հետապնդման նյութեր, փաստարկներ, նաև գաղտնասլված ձայնագրությունը։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
 
-Սովորում են, վարժվում են, որպես սկսնակներ, կարծում եմ լավ է։ Սկսնակ են, թոթովում են։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքը թոթովանք է։ Ասում է՝ ես քաղհալածյալ եմ, որ բռնապետները այդպիսի հայտարարություն չեն անում։ Նկատի ունի իրեն, ինքը այդպիսի հայտարարություն չի արել։ Շատ հետաքրքիր իրավիճակ է։ Ես կարծում եմ, որ տխուր է, որ այդ մակարդակում են իրենք գտնվում։ Սրանք դեռ մնացել են նախորդ կարգավիճակում, չեն հասկանում, որ իրենք չեն կարող և նա լինել, և նա լինել։ Մարդը, որ դահիճ էր, հիմա չի կարողանում զոհի կերպարի մեջ մտնել։ Հիմա երբ նա իրեն զոհ է ձևացնում, դա երևում է։ Ասում ենք՝ կացինը մի կողմ դիր, դահիճի հագուստը փոխիր։ Զոհի կերպարի մեջ մտնելու համար գոնե արտաքին տվյալներ պետք է ունենաս։ Քոչարյանը դա չի կարողանում, չի կարողանում զոհի դերում հայտնվել, ինքը չգիտի՝ դա ինչ բան է։ Մի փոքր ճնշել են, ինքն արդեն շփոթված է, խուճապի մեջ է ընկել։ Մեկը չկա, որ կողքը կանգնի, ասի՝ հանդարտվիր, գոնե քիչ խոսիր, մի արձագանքիր։ Թե չէ, խոսում ես, արտահայտվում ես, լյուստրացիա ես անում, չպետք է խոսես։ Նրա մեջ տագնապ կա, ես կարծում եմ՝ պարտվում է։
 
Իսկ Արփինե Հովհաննիսյանի մասին ինչ խոսեմ, թող անի, թող Հայաստանը միշտ ուշադրության կենտրոնում լինի և թող ներկայացնեն, որ մարդու իրավունքները խախտվում են։ Ես կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունը այս մարդիկ սխալ են հասկացել։ Հեղափոխությունը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, իսկ պաշտպանելու համար անպայման պետք է խիստ լինել։ Օրենքի ուժով, իրադրության թելադրանքով, իսկ իրադրությունը թելադրում է, որ նրանք պետք է հանձնվեն։ Հեղափոխությունն այնքան թավշյա է եղել, որ նրանք իրենց պարտությունը չեն զգում, չեն հասկանում, որ իրենց գնացքը գնացել է։ Նրանք անցյալ են ու չեն հասկանում, որ իրենց տերը՝ Եվրասիական միությունը և ուղղափառ իմպերիան քայքայվել է, տերը, պատվիրատուն չկա։ Հայաստանում նրանք օտար են, այստեղ նրանց չեն հասկանում, նրանց չեն ընդունում և լավ կլինի ճիշտ ժամանակին նրանք հանձնվեն, իսկ նրանք ուշանում են։ Նրանք պետք է հանձնվեն ու անցնեն իրենց նախորդ մասնագիտություններին։ Նրանք բոլորը հո քաղաքական գործիչ չե՞ն ծնվել, իշխանություն հո չե՞ն ծնվել։ Նրանք մասնագիտություններ էլ ունեն, չէ՞. բժիշկ են, բանասեր են, մանկավարժ են, պատմաբան են, ու հիմա ժամանակն է, որ վերադառնան իրենց մասնագիտություններին։ Նրանք քաղաքականության մեջ իրենց գործն արդեն արել են, ավարտել են։
 
-Արդյոք հենց այս ամենը ճշգրտելու համար չպե՞տք է օր առաջ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Նախկինները ԱԺ-ում ունեն մեծ ուժ, և այդպես էլ պարզ չի դառնում, թե Հայաստանում ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։
 
-Խորհրդարանում նրանք պետք է ակցիա անեն. հանձնվելու ակցիան պետք է գեղեցիկ լինի։ Իրենք չեն հասկանում, որ գոնե մի բան պետք է լավ անեն, իսկ դա արժանապատվորեն հանձնվելն է։ Պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից, ՀՀ քաղաքացիներից, պետք է ներողություն խնդրեն եվրասիականության համար, պետությունն ու նրա ինքնիշխանությունը հանձնելու համար, սոցիալական աղետի համար, արտագաղթի համար, իրավիճակի քրեականացման համար։ Նրանք պետք է ներողություն խնդրեն, ծնկի գան ու հանձնեն մանդատները։ Այդ դեպքում գուցե նրանք և ներվեն։ Իսկ նրանք չեն հասկանում, որ հետո ավելի վատ է լինելու իրենց համար։
 
-Նկատի ունեք, ինչպես Փաշինյանն է ասում, նրանց գետնի՞ն են պառկեցնելու։
 
-Այո, իշխանությունը սիրո և համերաշխության ոճից անցել է արդեն օլիգարխների թիկնազորներին պառկացնելուն։ Տարբերությունը մեծ է։ Իրենք չեն ուզում նահանջել, բայց իրենց կտրորեն։ Ժամանակին հարկավոր է հեռանալ, ինչպես սպորտում է։ Դա կոչվում է պարուհիների բարդույթ. պարուհիները երբեմն չեն հասկանում, որ իրենց ժամանակն անցնում է, մինչև որ սկսում են սուլել։ Հիմա սրանք էլ սպասում են, որ իրենց սուլեն, չեն հեռանում ժամանակին։ Դուք արդեն այդքան թարմ չեք որպես պարուհի։
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ