«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ԲՀԿ-ն ամրագրել են իրենց տեղը հաջորդ Ազգային ժողովում


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ԲՀԿ-ն ամրագրել են իրենց տեղը հաջորդ Ազգային ժողովում

  • 01-10-2018 17:26:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը

-Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է արագ անել և չի բացառել, որ դրանք կլինեն մինչև այս տարվա վերջ։ Շատ խորհրդարանական և արտախորհրդարանական, նոր ձևավորվող ուժեր նշում են, որ ամեն դեպքում հիմա ճիշտ պահը չէ դրա համար, որովհետև իրական պատկեր չենք ունենա կամ կունենանք միակուսակցական համակարգ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այն լավագույն ժամանակահատվածը, երբ պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ և ընդհանրապես, որքանով Փաշինյանին կհաջողվի այս տարի հասնել նման ընտրությունների անցկացման։
 
 
-Մի կողմից  լավ կլիներ, որ արտահերթ ընտրություններն այս տարի լինեին, որ արդեն նոր ձևավորված կառավարությունը կարողանար կազմել հաջորդ տարվա բյուջեն։ Մյուս կողմից, ես կիսում եմ մտահոգությունները, որ այսօր հեղափոխական էյֆորիան հասել է իր գագաթնակետին, որի վառ վկայությունը դարձան Երևանի ավագանու ընտրությունները, և իշխանություններին, բնականաբար, ձեռնտու է որքան հնարավոր է շուտ անցկացնել այդ ընտրություններն ու շատ ձայներ հավաքել։ Մյուս կուսակցությունները, բնականաբար, ունեն մտահոգություններ, որ իրենք այս պայմաններում չեն կարողանալու շատ ձայներ հավաքել։ Կարծում եմ՝ լավագույնը փոխզիջումային տարբերակն է, երևի ամենաճիշտ կլինի, եթե ընտրություններն անցկացնեն փետրվարին, որովհետև ավանդաբար մեր երկրի բոլոր կարևորագույն ընտրությունները՝ նախագահական ընտրությունները, փետրվարին են անցկացվել։
 
-Իսկ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ բանակցությունների միջոցով այս հարցում հասնել համաձայնության, թե՞ կարիք կլինի հանրային ճնշում կիրառել քաղաքական ուժերի վրա։ Արդեն իսկ ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ են քննարկումների, բայց միաժամանակ բացառում է արտահերթ գործընթացները այս տարի, ԲՀԿ-ն ևս կարծես դեմ է արտահերթ ընտրություններին և սկսել է քննադատել կառավարությանը, որի մասն է կազմում։
 
-Ակնհայտ է, որ հանրապետությունում քաղաքական ճգնաժամը դեռ չի լուծվել, կոնսերվացված վիճակում մնում է և ամեն րոպե կարող է պայթել։ Իմ կարծիքով, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի քաղաքական ուժերի հետ համաձայնության հասնել և մինչև տարեվերջ անցկացնել այդ ընտրությունները։ Դատելով իր խոսքերից, իր վստահությունից, հենց այս տարի էլ լինելու են այդ ընտրությունները։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրանք արդեն իրենք չեն որոշում քաղաքական օրակարգը։ Դա որոշում է վարչապետը, իրենք էլ հանգիստ, խելոք համաձայնելու են դրան, որովհետև այլընտրանք չունեն։
 
-ՀՀԿ-ականները նշում են, որ Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների 57 տոկոսը չի մասնակցել, որ Նիկոլ Փաշինյանն այդքան համակիրներ չունի, իրենք էլ իրենց համակիրներն ունեն և իշխանությունները պետք է հաշվի նստեն իրենց հետ։
 
-Այն, որ Երևանում գրանցված բնակչության մի մասը Հայաստանում չի, որևէ մեկի համար գաղտնիք չէ և երբեք էլ 50 տոկոսից ավելին չի մասնակցել ընտրություններին։ Ստեղծված պայմաններում 43 տոկոս մասնակցությունը նորմալ է։ Ինչ վերաբերում է նրան, թե որքան ընտրազանգված ունեն հանրապետականները, ապա իրենք պետք է մասնակցեն ընտրություններին և իրենց ընտրազանգվածն ամրագրեն ընտրությունների արդյունքներով։ Թե որ կուսակցությունը որքան ընտրազանգված ունի, ցույց են տալիս ընտրությունները։ ՀՀԿ-ն դիտավորյալ չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, որ չերևա, թե որքան վատ վիճակում է գտնվում և փորձում է ռեաբիլիտացվել մինչև խորհրդարանական ընտրությունները, այն հույսով, որ նոր իշխանությունը սխալներ թույլ կտա, նրա հեղինակությունը կընկնի, իսկ ինքը այդ ամենի խորապատկերին մեծ թվով ձայներ կհավաքի ԱԺ ընտրություններին։
 
-Արտահերթ ընտրությունների արդյունքում կարող է պարզվել, որ ՀՀԿ-ն արհեստականորեն ընդլայնվա՞ծ է եղել, և իր անդամների ուռճացված թի՞վ է ներկայացրել։
 
-Իհարկե, իրենք հայտարարում էին, որ պաշտոնապես 145 հազար անդամ ունեն։ Հիմա թող մասնակցեն ընտրություններին ու եթե 145 հազար անդամներից յուրաքանչյուրը գոնե մեկ ձայն տա կուսակցությանը, էլ չեմ ասում նրանց բարեկամները, դա զգալի ներկայացվածություն կապահովի Ազգային ժողովում։ Դա, մոտավորապես, 10 տոկոս ներկայություն կապահովի ԱԺ-ում։
 
-Նոր քաղաքական ուժեր են ձևավորվում՝ «Սասնա ծռերը», Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը։ Որքանո՞վ նոր կուսակցությունները կարող են հաջողել և խորհրդարանում ունենալ ներկայացվածություն։
 
-Իմ կարծիքով, ՀՀԿ-ի տապալումից հետո Հայաստանի քաղաքական դաշտում մեծ վակուում է առաջացել, հետևաբար, շատ քաղաքական ուժեր փորձում են լրացնել այդ վակուումը: Դրա համար անընդհատ նորանոր ուժեր են ի հայտ գալիս, որոնք փորձում են իրենց կողմը գրավել ՀՀԿ-ի նախկին ընտրազանգվածը։ Բայց, իմ խորին համոզմամբ, ներկա դրությամբ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ԲՀԿ-ն են, որ ամրագրել են իրենց  տեղը հաջորդ Ազգային ժողովում։ Մնացած հիմնական կուսակցությունները անհրաժեշտ 4%-ը հաղթահարելու շեմին են՝ կարող են անցնել խորհրդարան, կարող են չանցնել։ Դա կախված է իրենց հետագա աշխատանքից և դաշինքների ձևավորումից։ Եթե մի քանի կուսակցություններ միանան և դաշինքներ ստեղծեն, կարող է անցնեն խորհրդարան։ Ներկա դրությամբ միայն երկու կուսակցություն ունեն այնպիսի ռեսուրսներ, որ հաստատապես կանցնեն խորհրդարան։
 
-Հայաստանի քաղաքական օրակարգում շրջանառվում է հակահեղափոխության վտանգի թեման, խոսվում էր նաև, որ նման բևեռ կարող է ձևավորվել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Ձեր կարծիքով, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում հակահեղափոխության թեման փակվե՞ց։
 
-Իմ կարծիքով, դա Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված շատ հմուտ տեխնոլոգիա էր, որը հիանալի արդյունք բերեց՝ 81 %։ Նույնիսկ Փաշինյանի թիմակիցները չէին սպասում այդպիսի արդյունքի։ Կարծում եմ՝ այդ հռետորաբանությունը կդրսևորվի նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ, որովհետև ինչպես ցույց տվեց կյանքը, դա բավական լավ աշխատող տեխնոլոգիա է։ Իմ կարծիքով, թեև մի փոքր ուռճացված, բայց դեռևս կա այդ վտանգը։ Ստեղծված պայմաններում, որպեսզի մյուս կուսակցությունները չհայտնվեն լուսանցքում, իրենք էլ իրենց օրակարգը պետք է առաջ բերեն և փորձեն ընտրողներին համոզել, որ իրենք ոչ մի դեպքում չեն լինելու այդ հակահեղափոխական ուժերը, չեն անելու քայլեր, որոնք կբերեն նախկին ռեժիմի վերականգնմանը։ Կուսակցություններն իրենք պետք է փոխադարձ օրակարգերով հանդես գան, այլապես, ինչպես ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը մի օրակարգ առաջ քաշեց, որի դեմ անզոր էին մնացած բոլոր կուսակցությունները և նրանք, ըստ էության, հայտնվեցին լուսանցքում։
 
-Եթե Նիկոլ Փաշինյանը և իր թիմը լինեն հիմնական ներկայացված ուժը Ազգային ժողովում, ի՞նչ վտանգներ կան՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ պայքարը եղել է միակուսակցական համակարգի դեմ, երբ ՀՀԿ-ն ցանկացած նախաձեռնություն բերել ու դակել է ԱԺ-ում։
 
-Իհարկե, այդ վտանգը հիմա էլ կա։ Ես շատ կցանկանայի, որ ընտրություններից հետո որևէ կուսակցություն, այդ թվում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունենան Ազգային ժողովում։ Շատ ավելի ցանկալի է, որ լինի կոալիցիոն կառավարություն, քանի որ կոալիցիոն կառավարություն նշանակում է կոնսենսուս, փոխզիջումներ։ Միակուսակցական կառավարության դեպքում կա այդ վտանգը, որ երկրում քաղաքական մենաշնորհ կհաստատվի, ինչի դեմ երկար տարիներ պայքարել են նույն Նիկոլ Փաշինյանը և ընդդիմադիր մյուս ուժերը։ Ներկայում հիմնական մարտահրավերներից մեկն այն է, որ չձևավորվի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում։ Նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ իրենք զուտ համամասնական ընտրակարգով հավաքում էին 44-49 %, և միայն մեծամասնականի շնորհիվ էին ձեռք բերում բացարձակ մեծամասնություն։ Հիմա ես շատ կուզենամ, որ Հայաստանում այլևս չձևավորվի բացարձակ մեծամասնություն ունեցող կառավարություն։
 
Իհարկե, ցանկացած կուսակցություն ցանկանում է որքան հնարավոր է շատ ձայներ ունենալ և ավելի ազատ լինել խորհրդարանում։ Իսկ եթե չեն ունենում բացարձակ մեծամասնություն, արդեն որոշակիորեն կախվածություն է առաջանում կոալիցիոն գործընկերներից։ Պետք է հասարակությունը հասկանա, որ ամեն դեպքում քաղաքական մենաշնորհը լավ բանի չի բերելու և քաղաքական մյուս ուժերն էլ իրենց օրակարգերը, իրենց մրցունակ ծրագրերը բերեն, որ թույլ չտան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բացարձակ մեծամասնություն կազմի խորհրդարանում։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ