Իրանի հրթիռային հարվածներից ԻԼԻՊ-ի պարագլուխը սոսկ պատահաբար է փրկվել, տեղակալը սպանվել է


Իրանի հրթիռային հարվածներից ԻԼԻՊ-ի պարագլուխը սոսկ պատահաբար է փրկվել, տեղակալը սպանվել է

  • 04-10-2018 23:50:40   | Իսրայել  |  Քաղաքական

 
 
 
 
Իրաքի «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի»-ի հրամանատարներից Ջաբար Ալ-Մաամուրին «Բաղդադ Ալ-Յում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երբ Իրանն արդիական բալիստիկ հրթիռներով Սիրիայում հրթիռակոծելիս է եղել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հավաքավայրը նրանց կարևոր նիստի ընթացքում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին այդ նիստին մասնակցելու ճանապարհին է եղել: Այս մասին հայտնել է Իրանի ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիին պատահաբար է հաջողվել ողջ մնալ ԻԻՀ-ի կողմից Եփրատի արևելքում ահաբեկչական հենակետերի վերջին հրթիռակոծման ընթացքում»,- ասել է Ջաբար Ալ-Մաամուրին:
«Ալ-Հաշդ Ալ-Շաաբի»-ի հիշյալ հրամանատարը հայտնել է նաև, որ Իրանի հրթիռային հարձակման ընթացքում սպանվել են ԻԼԻՊ-ի որոշ տեղական ղեկավարներ և երեք գլխավոր պարագլուխներ, որոնցից մեկը` Ալի Ալ-Մաշհադանին, ինչպես Ջաբար Ալ-Մաամուրին է ասել, «Ալ-Բաղդադիի տեղակալն էր և խմբավորման առաջնորդի պաշտոնում նրան հավանական փոխարինողը»:
Սիրիայում երկար տարիներ շարունակվող ավերիչ պատերազմի ետևում կանգնած (այդ պատերազմը սադրած) Իսրայելի սիոնիստական վարչակարգի համար Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած հրթիռային հաջող հարձակումը և դրա արդյունքում ԻԼԻՊ-ի երեք գլխավոր պարագլուխների, նրանց թվում նաև Ալ-Բաղդադիի տեղակալի սպանությունը, մեղմ ասած, չափազանց տհաճ լուր է: Որպես նշված հարձակման պատասխան քայլ, Իսրայելն իր ռազմական ինքնաթիռներով հավանաբար արդեն հրթիռային հարված հասցրած կլիներ Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինտեխնիկային ու զինյալներին՝ նրանց վնասելու ու կարողությունները նվազեցնելու նպատակով, եթե չզգուշանար վերջերս Ռուսաստանի կողմից Սիրիային տրամադրված С- 300 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրների միջոցով իր ինքնաթիռների ոչնչացումից: Ճիշտ է, Սիրիայի զինվորական մասնագետներն այդ համալիրները դեռ լիարժեքորեն չեն կարող օգտագործել, սովորելու համար որոշ ժամանակ է պետք, սակայն չկա որևէ երաշխիք, որ նրանք իրենց երկրի վրա գրոհող իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ այդ հրթիռները չեն արձակի ռուս մասնագետների օգնությամբ:
Այնուամենայնիվ, Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինյալների հիշյալ հրթիռային հարձակումից հետո Ռուսաստանը, ըստ էության, չբացառելով Սիրիայի տարածքում գտնվող իրանական ուժերի վրա իսրայելական ավիացիայի գրոհը, իր արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի միջոցով շտապել է ընդգծել Սիրիայում ահաբեկիչների դեմ Իրանի հրթիռային հարձակման օրինական լինելու փաստը: Մարիա Զախարովան հայտարարել է նաև, որ Իրանը Սիրիայում օրինական հիմքերով է պայքարում ահաբեկիչների դեմ:
Ըստ ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման, Մարիա Զախարովան այսօր անդրադառնալով Սիրիայում ահաբեկիչների դիրքերի դեմ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակումներին, որոնք իրականացվել են ի հակազդեցություն Իրանում (Ահվազում) ահաբեկիչների հարձակման, ընդգծել է. «Իրանական ուժերն օրինական հիմքերով և Սիրիայի կառավարության ուղղակի ցանկությամբ են մասնակցում Սիրիայում մղվող հակաահաբեկչական պայքարին»:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մուալեմը նույնպես հայտարարել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Ալբու Քամալ շրջանի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է ահաբեկչության դեմ մղվող պայքարի շրջանակում»:
Ըստ ՄԵՀՐ լրատվական գործակալության, Սիրիայի ԱԳ նախարարն անցած երեքշաբթի նշելով, որ Իրան-Սիրիա համագործակցությունն իրականանում է օրենքի և Դամասկոսի ազգային ինքնիշխանության շրջանակում, հավելել է. «Իդլիբ նահանգում գտնվող նույնանուն քաղաքի և Եփրատի արևելյան հատվածում գտնվող Մեմբիջ քաղաքի ազատագրումը Սիրիայում մղվող պատերազմի վերջին գլուխն է»:
Ալ-Մուալեմի հավաստմամբ, «Լաթաքիայի վրա սիոնիստական վարչակարգի կործանիչների վերջին ագրեսիան իրականացվել է Սիրիայում ճգնաժամի երկարաձգման և Դիմադրության ուժերի հաղթանակներին դիմակայելու հնարավորություն ստեղծելու նպատակով»:
Նշենք, որ խոսքն իսրայելական կորածանիչների կողմից Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա քաղաքի վրա իրականացված հրթիռային հարձակման մասին է, որի վերաբերյալ սիրիական ԶԼՄ-ները տեղեկացրել են սեպտեմբերի 18-ին: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական