Դա կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանի դեմ


Դա կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանի դեմ

  • 09-10-2018 21:22:15   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Միացյալ Նահանգներում կարծես խելագարվել են, թեև նորություն չէ, որ Ռուսաստանի դեմ ատամ են կրճատացնում:
ԱՄՆ-ը՝ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, գնալով վերածվում է անլուրջ պետության, որն իր նկատմամբ հարգանքը կարող է կորցնել նույնիսկ այն աստիճան, որ արժանանա ծաղրի: Սակայն, եթե այս տպավորությունը սխալ է, այսինքն՝ Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարություններն, իրոք, լուրջ բնույթ ունեն և արտահայտում են ԱՄՆ-ի իրական մտադրությունները, ապա արդեն պետք է ահազանգել մի պետության մասին, որը գնալով ավելի մեծ սպառնալիք է դառնում ողջ աշխարհի գոյության համար:
Պատճառը մեկը չէ, պատճառները միանգամից մի քանիսն են: Ժամանակագրորեն դրանցից առաջինը, թերևս, այն է, որ Ռուսաստանը, չնայած ֆինանսատնտեսական պատժամիջոցներով իրեն խեղդելու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մեծամասնության հետևողական ջանքերին, կարողացավ բավարար միջոցներ հայթայթել նորագույն և աշխարհում նմանակը չունեցող զենքերի ստեղծման համար, որոնց մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այս տարվա մարտի 1-ին: Այդ զենքերի մի մասը փորձարկման փուլում է, մի մասը, ինչպես, օրինակ, հիպերձայնային և մանևրող «Ավանգարդը», սերիական արտադրության, իսկ, ահա, «Կինժալ» հիպերձայնային հրթիռներն արդեն ընդգրկված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության կազմում:
Շնորհիվ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից ոչ միայն այժմ, այլև առաջիկա տասնամյակներում էլ անխոցելի իր այդ զենքերի, Ռուսաստանը հնարավորություն է ստանում վերջ տալ ռազմական ոլորտում Արևմուտքի առաջատարությանը, խափանել ուժի իրավունքով հանդես եկող ԱՄՆ-ի՝ ողջ աշխարհում տիրոջ ու թելադրողի կարգավիճակում լինելու և նոր աշխարհակարգի հաստատման ծրագրերը:
Դատելով ամենից, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը ու, հատկապես, նրա ետևում կանգնած «այս աշխարհի ճարտարապետները» իրադարձությունների նման ընթացքն իրենց համար որպես աղետ են ընկալում, գիշերուցերեկ մտածում են, թե ինչ կարելի է անել Ռուսաստանի հզորացումը թույլ չտալու, այդ երկիրը տնտեսապես արյունաքամ անելու, քայքայելու, իսկ եթե հնարավոր է, նույնիսկ Պուտինին տապալելու և Ռուսաստանը կործանելու համար:
Ռուսաստանի նորագույն զենքերի գոյության իրողությանը բախվելը, սակայն, ինչպես նշեցինք, միակ պատճառը չէ վերջին շրջանում ԱՄՆ-ի հիստերիայի: Միջերկրական ծովի երկնքում ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-20» հետախուզական թանկարժեք ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով ռուսաստանցի 15 զինծառայող զոհվեց, Ռուսաստանը մեղադրեց Իսրայելին: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, իսրայելական F-16 կործանիչն Իսրայելի ավիացիայի կողմից Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտին հարվածելու ժամանակ միտումնավոր թռել է «Իլ-20»-ի հարևանությամբ ու վերջինիս դրել իրեն ուղղված սիրիական ՀՕՊ-ի հրթիռի հարվածի տակ, քանի որ «Իլ-20»-ի թևերի՝ ռադարի ռադիոալիքներն անդրադարձնող մակերեսը F-16-ի թևերի մակերեսից ավելի մեծ է ու, բնականաբար, հրթիռը պետք է գնար «Իլ-20»-ի վրա:
Որպես պատասխան Իսրայելի այս սադրիչ քայլի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սիրիային С-300 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրներ փոխանցելու մասին և կարճ ժամանակում իր հայտարարությունը դարձրեց իրականություն: Ռուսաստանը դեռ 6 տարի առաջ նշված համալիրները Սիրիային տալու մտադրություն ուներ, սակայն Իսրայելի համառ խնդրանքներից (ենթադրելի է, նաև ԱՄՆ-ի զգուշացումներից) հետո, այն ժամանակ դեռ բավականաչափ ուժեղ չլինելով և, ըստ էության, զգուշանալով Իսրայելի և նրա ավագ եղբոր՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատացումից, չէր համարձակվել այդ քայլը կատարել:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ գումարված նիստում նշել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ Սիրիայի կառավարությանն են հանձնվել ռուս զինվորականների անվտանգության ամրապնդման համար մասնավոր սարքեր (ենթադրվում է, որ խոսքը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին է):
Իր կրտսեր կամ գուցե ավագ դաշնակցին՝ Իսրայելին զինելու առումով որոշակի քայլեր է կատարել նաև ԱՄՆ-ը, ընդ որում, նրանց միջև պայմանավորվածությունն եղել է շատ ավելի վաղ: Իսրայելի «Եդիոթ Ահարոնոթ» օրաթերթն իր կայքում տեղեկացրել է, որ Իսրայելին է փոխանցվել ԱՄՆ-ի 38 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը, որի վերաբերյալ Իսրայելը և ԱՄՆ-ը համաձայնության էին եկել դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք: Ակնհայտ է, որ խոսքն ահռելի օգնության մասին է:
Սպիտակ Տան խոսնակ Հիթեր Նաուերթը նշել է, որ 2016թ. սեպտեմբերին կայացած համաձայնության հիմքով ԱՄՆ-ն առաջիկա տասնամյակում յուրաքանչյուր տարի 3 մլրդ 800 միլիոն դոլար է փոխանցելու Իսրայելի բանակին: Պատմության ընթացքում սա Իսրայելին ԱՄՆ-ի ամենամեծ ֆինանսական օգնությունը կլինի:
Հարկ է ընդգծել, որ Սիրիային С-300 զենիթահրթիռային համալիրների փոխանցումը կտրուկ և էապես փոխում է իրավիճակն այդ երկրի պաշտպանության գործում: Ճիշտ է, С-300 համալիրներ մինչ այդ էլ կային, սակայն դրանք պատկանում էին ու պատկանում են Ռուսաստանի զինված ուժերին, կոչված էին ու կոչված են ապահովել ռուսական ռազմաբազաների պաշտպանությունը դրանց վրա գրոհող ինքնաթիռներից, ԱԹՍ-ներից և արձակված հրթիռներից: Ռուսաստանը չէր համարձակվում հիշյալ համալիրներն օգտագործել Սիրիային ԱՄՆ-ի և Իսրայելի ավիացիայի հարձակումներից պաշտպանելու համար, քանի որ դրա հետևանքը կլիներ այդ պետությունների հետ անմիջական ռազմական բախման մեջ մտնելը: Այժմ, սակայն, բոլորովին այլ իրավիճակ է. Սիրիան լինելով ինքնիշխան պետություն, իր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով, ներառյալ՝ С-300 համալիրներով, ոչ միայն իրավունք ունի, այլև, ի տարբերություն նախկինի, կարող է արդյունավետորեն պաշտպանվել միջազգային համապատասխան բոլոր նորմերի խախտմամբ իր վրա հարձակվող ագրեսորից: Ընդ որում, անկախ նրանից, թե ամերիկյան կամ իսրայելական ինքնաթիռն իր օդային տարածքը խախտե՞լ է, թե հրթիռն իր վրա արձակել է Սիրիայի օդային տարածքից դուրս գտնվելով:
Մոտ 3 ամսից С-300 համալիրներն օգտագործելու նպատակով սիրիացի զինվորական մասնագետների ուսուցումը կավարտվի, ԱՄՆ-ի և Իսրայելի ինքնաթիռներն այլևս չեն կարողանա հիմնականում անպատիժ հրթիռային ու ռմբային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին, ինչպես անում էին նախկինում: Այս ամենը, իր հերթին, նշանակում է, որ Բաշար Ասադին ու նրա վարչակարգը տապալելու, Սիրիան, ըստ էության, գրավելու, այդ պետությանը տիրելով, այն Իրանի դեմ հարձակման հենակետ դարձնելու, Նեռի գալստյան ու թագավորության համար նոր Մերձավոր Արևելք ձևավորելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլանները ջուրը կլցվեն:
Չնայած վերը շարադրվածին, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, չգիտես հույսն ում կամ ինչի վրա դրած, վերջերս հայտարարել է, որ թեև Իսրայելն ուրախ չէ Սիրիայում С -300-ի հայտնվելու համար, սակայն Սիրիայում ռազմական գործողություններից չի կարող հրաժարվել:
«Ես չեմ կարող ասել, որ ուրախ ենք Ս-300-ի առկայության համար,- իսրայելական «Կան-ՌԷԿԱ» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Լիբերմանը:- Դրա հետ մեկտեղ, սա այն նույն թեման է, որտեղ մենք ոչ մի ելք չունենք: Այստեղ որոշում չկայացնելու ոչ մի հնարավորություն չկա»:
Միգուցե Իսրայելում հաշվարկում են Սիրիայի С -300-ները ոչնչացնե՞լ, քանի դեռ տեղի մասնագետները դրանց լիարժեք չեն տիրապետում… Բայց Լիբերմանն ունի՞ որևէ երաշխիք, որ իրենց հարձակման պահին սիրացի մասնագետների կողքին ռուս խորհրդատուները կամ մասնագետները չեն լինի և վերջիններիս հաշվարկներով, բայց սիրացիների ձեռքով արձակված հրթիռներն անվրեպ չեն հասնի իրենց նշանակետերին…
Ի վերջո, ԱՄՆ-ի հիստերիայի մյուս, թերևս գլխավոր պատճառն էլ այն է, որ Ռուսաստանը և այլ պետություններ մտադիր են աստիճանաբար դուրս գալ ամերիկյան դոլարի գերությունից, այսինքն՝ հրաժարվել առևտուրը դոլարով իրականացնելուց և անցնել ազգային արժույթով գործարքների: Սա կլինի ԱՄՆ-ի վերջի սկիզբը, քանի որ այդ պետությունն ամբողջությամբ հիմնված է իրական արժեք կամ արժեքային ծածկույթ չունեցող, սոսկ հեղինակության ուժով փքված դոլարի վրա, որի անկումից հետո կգա նաև ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական հզորության վերջը: վերջերս հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը քննարկում է ԱՄՆ-ի դոլարն արտաքին վճարումների համակարգից և գործարքներից հանելու հարցը:
Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման, ՌԴ նոր կառավարության այս ծրագրի իրականացման նպատակն է գործարար հատվածի համար համապատասխան պայմաններ ստեղծել` վճարումներն իրենց նախընտրած արժույթով կատարելու համար: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեվը կստորագրի համապատասխան որոշման նախագիծը, որի համաձայն, Եվրամիության երկրների հետ վճարային գործարքները կատարվելու են եվրոյով, Չինաստանի հետ՝ յուանով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ՝ ռուբլով:
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Թուրքիան Ռուսաստանից առաջին անգամ ցորեն է գնելու ռուսական ռուբլով: «Անատոլու» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ՌԴ-ում «Սու Էկոն Ատլանտիկ» կենտրոնը հայտարարել է, որ «Թուրքիան 30 000 տոննա ցորեն է գնելու ՌԴ-ից և ռուսական ռուբլի է վճարելու դրա դիմաց: Յուրաքանչուր տոննա ցորենի դիմաց Թուրքիան ՌԴ-ին պետք է վճարի 17 000 ռուբլի»:
«Սու Էկոն Ատլանտիկ» կենտրոնի հաղորդագրության մեջ նշված է նաև. «Ազգային արժույթների կիրառմամբ նվազելու են ՌԴ-ի ու Թուրքիայի տնտեսական վնասները»:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Ավելի վաղ, հայտարարել էր, որ «Ազգային արժույթվ առևտրափոխանակումները կարևոր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ, ավելանալու են:
Եվ, ահա, Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական վերնախավում կարծես խելագարվել են: Նախ, ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն է հանդես եկել ագրեսիվ հայտարարությամբ: Նա վերջերս մասնավորապես հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները հնարավորություն ունի մեր նավատորմի օգնությամբ երաշխավորել ծովային երթուղիներով տեղաշարժի ազատությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել դրանք, հավաստիանալու համար, որ ռուսական էներգառեսուրսները չեն հայտնվի Միջին Արևելքի շուկաներում»: Իսկ, հետաքրքիր է, ՆԳ նախարարին ո՞վ է լիազորել այդպիսի հայտարարությամբ հանդես գալ՝ Թրա՞մփը, թե Սպիտակ տնից կամ Պետդեպարտամենտից մեկ ուրիշը… Հետաքրքիր է նաև, թե Զինկեն ընդհանրապես պատկերացնո՞ւմ է ԱՄՆ-ի կողմից միջազգային ծովային իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ նորմերի կոպիտ խախտմամբ ռուսական նավերի առջև ծովային երթուղիներն արգելափակելու հետևանքները… Եվ ի՞նչ է կարծում՝ դրանից հետո Ռուսաստանը, ձեռքերը ծալած, նստելո՞ւ է, թե նույն կերպ կամ համարժեք այլ քայլերով պատասխանելու է ԱՄՆ-ին, չնայած իր այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները հնարավորություն ունի իր նավատորմի օգնությամբ երաշխավորել ծովային երթուղիներով տեղաշարժի (խոսքն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նավերի մասին է) ազատությունը:
Անդրադառնալով Ռուսաստանը ծովային շրջափակման ենթարկելու կապակցությամբ ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի սպառնալիքին, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հայտարարել է. «Իր ծովուժն օգտագործելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ՝ Ռուսաստանի առևտրի ճանապարհները փակելու նպատակով, կնշանակի պատերազմ հայտարարել այս երկրի դեմ»:
Պուշկովը բացարձակ անհեթեթություն է համարել ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարի այն հայտարարությունը, ըստ որի, Սիրիայում Ռուսաստանի միջամտության իրական պատճառն առևտրային շահերն են, ապա հավելել. «Այն գաղափարը, որ Ռուսաստանը պոտենցիալ կերպով կարող է ապահովել Միջին Արևելքի էներգիան, չի համապատասխանում իրականությանը: Իրականում Ռուսաստանը նավթով ու էներգիայով լի տարածաշրջանին ոչ մի նավթ ու էներգիա չի մատակարարում և երբեք չի հայտարարել, որ այդ գործի համար ինչ-որ ծրագիր ունի»:
Դե ի՞նչ, ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության շարքում դասագրքային տարրական գիտելիքներ (օրինակ՝ երկրների տեղը, նրանց պատմությունը, հնարավորությունները) չունեցողները քիչ չեն, նրանցից մեկն էլ գուցե Զինկեն է, եթե, իհարկե, Ռուսաստանին միտումնավոր չի վերագրել Միջին Արևելքին էներգետիկ պաշարներով ապահովելու մտադրություն՝ իբրև պատրվակ ռուսական նավերի ճանապարհը շրջափակելու: Իհարկե, Ռուսաստանը նշված մատակարարումներն իրականացնելու որևէ մտադրություն չունի, բայց եթե նույնիսկ ունենա էլ, ապա դա ԱՄՆ-ի ի՞նչ գործն է… Սա ամերիկյան պաշտոնատարների կողմից որևէ ինքնիշխան պետության ներքին գործերին լկտիաբար միջամտելու կամ դրա փորձի հերթական և ակնառու օրինակն է, և հենց նրանց անմիջական մեղքով է, որ աշխարհում գնալով աճում է ԱՄՆ-ը որպես աշխարհում չարիքի առանցք, մոլորակի քաղցկեղ պատկերացնող, այդ պետությանն ատող ու նույնիսկ նրա կործանումն օր առաջ փափագող մարդկանց թիվը: Հակաամերիկանիզմը հենց այնպես չի առաջացել:
Ռայան Զինկեն, սակայն, միակը չէր, որ օրերս հանդես է եկել Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ հայտարարությամբ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի նորագույն թևավոր հրթիռները ոչնչացնելու վերաբերյալ որոշում ընդունել, քանի դեռ դրանք պատրաստման փուլում են, որպեսզի հետագայում չունենա իր անվտանգության նկատմամբ սպառնալիք: Խոսքն, ըստ էության, նույն «Ավանգարդ»-ի մասին է, որի, ինչպես նաև ռուսական նորագույն և անգերազանցելի այլ զենքերի ստեղծման մասին 2018թ. մարտի 1-ին հայտարարեց ՌԴ նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ը հասկանում է, որ դրանցից պաշտպանվելու որևէ միջոց չունի, անզորությունից ու կատաղությունից ատամ է կճրտացնում, իսկ նրա որոշ տաքգլուխ ռազմական պատասխանատուներ որոճում են հիշյալ միջոցները դրանց արտադրության փուլում ոչնչացնելու ինչ-որ պլաններ, որոնք իրագործելու փորձն անգամ կարող է վերաճել աշխարհակործան պատերազմի: Փո՛րձը, որովհետև Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերն այնքան հզոր են, որ ամերիկյան որևէ ինքնաթիռի և հրթիռի դժվար թե հաջողվի հասնել իրենց թիրախին:
Ի դեպ, եթե «Ավանգարդը» դեռ սերիական արտադրության փուլում է, ռուսական հիպերձայնային «Կինժալ» հրթիռներն արդեն ՌԴ օդատիեզերական ուժերի սպառազինության կազմում են, ինչի ակնառու վկայությունը, ի թիվս այլոց, ԱՄՆ-ը տեսավ այս տարվա մայիսի 9-ին Մոսկվայում ռազմական շքերթի ժամանակ: Մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկով զինելու պարագայում դրանց քանակը բավարար է ամերիկյան բոլոր ավիակիրները, իրենց ուղեկցող նավերով հանդերձ, խորտակելու համար:
«ՌԻԱ նովոստի»-ի տեղեկացմամբ, ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանելով ռուսական հրթիռները ոչնչացնելու վերաբերյալ Քեյ Բեյլի Հաթչինսոնի հայտարարությունը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չեն գիտակցում ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության աստիճանը։
«Տպավորությունն այնպիսին է, որ նման հայտարարություն անող մարդիկ չեն գիտակցում իրենց պատասխանատվության և ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության աստիճանը,- ասել է Զախարովան։- Ո՞վ է այդ տիկնոջը լիազորել նման հայտարարություն անել, ամերիկացի ժողովո՞ւրդը… Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա մեր փորձագետները մանրամասն պատասխան կտան»:
Ոչ միայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը, այլև ՆԱՏՕ-ն ու նրա գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն են վարում: Վերջինս օրերս Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ AP գործակալության տեղեկացմամբ, է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են» Վրաստանի համար։ Նա ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումից ու դուրս բերել իր զորքերն այն տարածքներից, որոնք պատկանում են Վրաստանին։
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական