Հայոց լեզվի դեսպանը


Հայոց լեզվի դեսպանը

  • 16-10-2018 17:31:30   | Հայաստան  |  Ակնարկներ

 
Այս օրերին Հայաստանում է գտնվում հալեպահայ, ամերիկաբնակ գրող, հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հայ գրողների միության փոխնախագահ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:
 
Վերջինս նաև բարեգործ է, ում հովանավորությամբ տպագրվել են մեկ տասնյակից ավելի գրքեր:
 
Այսինքն՝ «ազգային հավաքական գիտակցությունը»(Հովսեփի բառերն են) զարգացնելու և ամրապնդելու համար Հովսեփ Նալբանդյանը իր սուղ միջոցներից գումար է տրամադրում և տպագրում թե՛ հայրենիքում և թե՛ Սփյուռքում  հայալեզու գիրք ու գրականություն:
 
Հովսեփը  հազար ու մի թելերով է կապված Մայր Հայաստանին, նա այստեղ ունի ընկերներ, բարեկամներ, որոնք իրեն ճանաչում են երիտասարդ տարիքից:
 
Նա հիմնավոր կրթություն է ստացել Մայր-Հայաստանում՝ Երևանում: Ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ուսումնառության տարիներին  նրան դասախոսել են մեր հայտնի ու տաղանդավոր լեզվաբաններից ու գրականագետներից շատերը: 
 
Այն, որ Հովսեփը հայրենեասեր է, սիրում է մայր լեզուն, հայ գրականությունը, այդ լեզվի և գրականության ջատագովն ու տարածողներից մեկն է, համոզվել  են ու գիտեն շատերը: Դա անհերքելի ճշմարտություն է:
 
Այս մարդու աշխատասիրությունն ու նպատակասլացությունը սահմաններ չի  ճանաչում: Նա գրում է, ստեղծագործում, տպագրվում  և որտեղ՝ օվկիանոսից այն կողմ, ազգերի խառնարանում, այն խառնարանում, որտեղ ժամանակը վերացնում է ազգային լեզուն և, նույնիսկ ազգային լեզվամտածողությունը: Եվ այդ պայմաններում նա ստեղծագործում է, տպագրում  հայալեզու գրքեր և տարածում ԱՄՆ-ում:
 
Հովսեփ Նալբանդյանն ամեն տարի գալիս է Հայաստան, բայց՝ ոչ դատարկաձեռն: Նա յուրաքանչյուր այցելություն կատարում է իր նոր գրքով կամ գրքերով: Ակամայից զարմանում ես այս մարդու աշխատասիրության և նպատակասլացության վրա: Նա անընդհատ պրպտումների մեջ  է,  երբեմն հրաշք պատառիկներ է գտնում վաղուց մոռացված հեղինակներից, գրում է, տպագրում և նրա գրքերում այդ ստեղծագործությունները նոր կյանք են ստանում:
 
Հովսեփ Նալբանդյանը կարծես հայոց լեզվի դեսպանը լինի օվկիանոսից այն կողմ: Սա այն դեպքն է, երբ հայը չի ապրում Մայր Հայրենիքում, բայց, հենց օտար հողում ապրելով է հայանպաստ գործունեություն ծավալում: 
 
Հիացմունքի և դրվատանքի խոսքերը չեն բավականացնում նրան բնութագրելու համար: 
 
19 տարվա ընթացքում նա տպագրել է 45 գիրք, անհատական գրքերի թիվը հասնում է 20-ի՝ շուրջ 7000 էջ:
 
Հովսեփ Նալբանդյանն այդ հսկայածավալ գործն անում է Սփյուռքում` այդպիսով համայնքում վառ պահելով հայի ոգին: Նրա կարծիքով «բոլորս պետք է ձգտենք ամրապնդել մեր ազգային հավաքական գիտակցությունը», ահա՛ Հովսեփի կարծիքը.
 
«Բոլորս մեր անձնական շահերը պաշտպանելուց զատ, պիտի ձգտենք զարգացնել եւ ամրապնդել  մեր ազգային հավաքական գիտակցությունը: Այսօր Սփյուռքում ապրող ութ միլիոն հայության մեկ երրորդը հայ չէ, քանի որ նրանք կապ չունեն հայկականության եւ հայի արմատների հետ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու, ուրեմն՝ միասին կերտենք մեր ապագան, որպեսզի սերունդները ոչ միայն հպարտանան, այլև հզորանան»:
 
Եթե Հովսեփի նման մտածեին արտերկրում ապրող հայերից շատերը…
 
Մի առիթով Հ. Նալբանդյանը խոստովանել է,  որ գիրքը տարածելը, արժևորելը համարում է իր հիմնական աշխատանքը: Իսկ ես կասեի՝ կյանքի ուղենիշը:
 
Ես նրան «Հայոց լեզվի դեսպան» անվանելուց զատ՝ կանվանեի նաև հայ գրքի մեծագույն ԲԱՐԵԿԱՄ:
 
Մարիամ Ալեքսանյան
 
 
Նոյյան տապան  -   Ակնարկներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play