Հայաստանի «գրաված» տարածքների ազատագրման համար Ադրբեջանի բանակն արդիական զենքերի կարիք ունի. մեր թշնամին նախընտրում է դրանք արտադրել


Հայաստանի «գրաված» տարածքների ազատագրման համար Ադրբեջանի բանակն արդիական զենքերի կարիք ունի. մեր թշնամին նախընտրում է դրանք արտադրել

  • 22-10-2018 23:50:51   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի հետ իր ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ղանիրա Փաշաևան: Ըստ «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Փաշաևան ասել է. «Ադրբեջանի համար կարևորագույն հարցը Հայաստանի կողմից գրավված տարածքների ազատագրումն է, և այդ նպատակի իրագործման համար Ադրբեջանի բանակն արդիական զենքերի կարիք ունի, Թուրքիան ևս պատրաստ է այդ հարցով համագործակցել Բաքվի հետ»:
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Թուրքիան առաջադիմել է զենքի արտադրման ոլորտում, և այդ երկրի փորձից օգտվելը կարող է օգտակար լինել Ադրբեջանի համար: Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը չի դիտարկում Արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակը։
Փաշաևան նշել է նաև, որ Թուրքիան լայն մասնակցություն է ունեցել Բաքվում անցկացված ADEX 2018 պաշտպանական արդյունաբերության երրորդ միջազգային ցուցահանդեսում, և Անկարան Բաքվի համար միշտ էլ առաջնահերթություն է եղել:
Անկախ այն հանգամանքից, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 26-ին հանդիպել են միմյանց, կարծում ենք, միանգամայն իրավացի է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, ըստ որի, չպետք է հույսեր ունենալ, թե այդ հանդիպումն Ադրբեջանին հետ կպահի խնդիրն ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունից: Ըստ նրա, Հայաստանի հետ բոլոր հանդիպումներն Ադրբեջանի համար ընդամենը ժամանակ շահելու միջոց են, որպեսզի տենդագին կերպով նախապատրաստվի նոր ագրեսիայի։
«Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններից ու նրա կողմից տարվող քաղաքականությունից արդեն պարզ է դառնում, որ  այդ երկիրը նախապատրաստվում է պատերազմի, և այդ ամենը Հայաստանում քաջ գիտակցում են,- անցյալ ամիս ասել է Այվազյանը:- Երկու կողմերն էլ հասկանում են, որ հանդիպումների մասնակցում են այս թվացյալ խախաղության ժամանակը երկարաձգելու համար»:
 
Ա. Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play