Էլմար Մամեդյարով. Սոչիի եռակողմ հանդիպմանը մենք տեսանք հույսի առկայծումներ


Էլմար Մամեդյարով. Սոչիի եռակողմ հանդիպմանը մենք տեսանք հույսի առկայծումներ

  • 25-04-2011 17:27:15   | Ռուսաստան  |  Հարցազրույցներ
 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իրերի ներկայիս վիճակը, այսպես կոչված՝ ստատուս քվոն, խոչընդոտում է ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ փոխհարաբերությունների զարգացմանը. մեծ թվով փախստականներ կան, տեղափոխված անձինք։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով, որ դրան գումարվում է «շատ լուրջ ռազմական գործոնը»։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, այդ համատեքստում ակնհայտ է դառնում, որ ստատուս քվոն կհանգեցնի բացասական հետեւանքների։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որքանո՞վ է Թուրքիան հաշվի առնում Ադրբեջանի շահերը» հարցին ի պատասխան Է.Մամեդյարովն ընդգծել է, որ հայ-թուրքական մերձեցումը Թուրքիայի որոշումն է։ «Մենք չենք կարող միջամտել նրա ներքին գործերին, սակայն մյուս կողմից, եթե գործընթացը գնա նույն ձեւաչափով, ինչ որ նախկինում, հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը, ապա մենք ստիպված կլինենք արձագանքել։ Եվ թուրքական ղեկավարությունը դա հասկացել է»,- ասել է Ադրբեջանի արտգործանախարարը։ Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակման հիմնական պատճառը ժամանակին եղել է Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս առաջին շրջանի՝ Քելբաջարի, օկուպացիայի հարցը։ «Քելբաջարի օկուպացիայի հարցը եւ ագրեսոր երկրի հետ հարաբերությունների կառուցման անհնարինությունն է եղել թուրքական իշխանությունների գիտակցված հակազդեցությունը։ Ուստի մենք կոչ ենք անում Թուրքիային, որպես շատ ազդեցիկ երկրի, որպեսզի այն կայունացնող դեր խաղա եւ աջակցի կարգավորման գործընթացին՝ սկսած տարածքների ազատագրումից։ Հավատացեք, հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից, կխթանի շատ լուրջ դրական գործընթացները»,- ասել է Է.Մամեդյարովը։ «Հայկական կողմը շատ ուշադիր հետեւում է, թե ինչ է ասում Բաքուն, եւ մշտապես հայտնաբերում է ագրեսիվ նոտաներ՝ Ադրբեջանը սպառնում է, որ ահա համբերույթունը կսպառվի եւ կփորձի ուժ գործադրել» հարցին ի պատասխան ադրբեջանցի նախարարը նկատել է, որ միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումն է։ «Սակայն տվյալ դեպքում ուժը գործադրվել է, ընդ որում, ոչ մեր կողմից, խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ միջազգային իրավական մնացյալ փաստաթղթերում ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ուժի կիրառման սպառնալիքներ չեն լինի, հենց որ չեզոքացվեն ուժի կիրառման առաջին մասի հետեւանքները։ Ադրբեջանը փորձում է իր ողջ արտաքին քաղաքականությունը կառուցել բարիդրացիության ոգով, եւ մեծ հաճույքով նման քաղաքականություն կկառուցենք նաեւ Հայաստանի հետ. վաղ թե ուշ մենք կհաջողենք, հենց որ վերացնենք Ղարաբաղի հարցով բացասական հետեւանքները»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը։ Ըստ Է.Մամեդյարովի, ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը արդեն պտուղներ է տալիս։ Մասնավորապես, վերջին հանդիպմանը, որն անցավ մարտի 5-ին Սոչիում, «մենք տեսանք հույսի առկայծումներ, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Դրան հակառակ, մեկ տարի առաջ, հունվարին, նորացված մադրիդյան սկզբունքների ի հայտ գալուց հետո, զգացողություն կար, որ մենք դոփում ենք տեղում։ Պետք է արժանին մատուցել Դմիտրի Անատոլյեվիչին, ով մանրակրկիտ շփման կետեր, ոչ ստանդարտ որոշումներ էր փնտրում։ Վերջին հանդիպումը Սոչիում հույս ներշնչեց։ Այն, ինչ այսօր գոյություն ունի Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում, չի բավարարում ոչ ոքի։ Այստեղ պահանջվում են ոչ թե կրկնապատիկ, այլ եռապատիկ ջանքեր։ Ղարաբաղի խնդրի լուծումը շատ բարդ է՝ միահյուսված շատ գործոնների հետ։ Եվ եթե մենք նույնիսկ պատրաստենք խաղաղության պայմանագիր, դա դեռ վերջը չէ, սակայն դա լույս է թունելի վերջում»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ