Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը քաղաքական գործընթացների հետ կապելը որևէ հիմնավորում չունի


Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը քաղաքական գործընթացների հետ կապելը որևէ հիմնավորում չունի

  • 09-12-2018 18:45:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

-Պարոն Սաքունց, Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց, ինչից հետո փաստաբաններն ու Քոչարյանը հայտարարեցին, որ դա քաղաքական ու անձնական հաշվեհարդար է: Որքանո՞վ են տեղին այդ հայտարարությունները:
 
 
-Ռոբերտ Քոչարյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է շատ ավելի վաղ: Այդ քրեական գործով ընթացքը բոլորովին այլ տրամաբանության մեջ է և որևէ առնչություն չի կարող ունենալ ընտրական գործընթացի հետ: Նախ, Ռոբերտ Քոչարյանը որևէ ցուցակով թեկնածու առաջադրված չէ, նույնիսկ որևէ կուսակցության անդամ չէ, ժամանակին ինքն էր հայտարարում, որ իր կուսակցությունը ժողովուրդն է: Եվ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումն ու քրեական գործը քաղաքական գործընթացների հետ կապելը որևէ հիմնավորում չունի: Նույնիսկ ավելի շուտ էինք մենք ակնկալում դատարանի կողմից այդ որոշման կայացումը: Ավելի շուտ ՀՀԿ-ն է փորձում իր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապել  քաղաքական գործընթացների հետ, չնայած դրա համար որևէ հիմք չկա: Գոնե Ռոբերտ Քոչարյանն իրենց ցուցակում չէ: Բայց այստեղ կա մեկ ակնհայտ հանգամանք, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ սատարել է նրան և քաղաքական պատասխանատվություն է կրում Քոչարյանի նախագահության ժամանակահատվածի և նրա՝ նախագահ աշխատած ժամանակահատվածում ընդունված որոշումների համար:
 
-Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ, ինչպես նշեցին փաստաբանները, Քոչարյանն ասել է, որ ծանոթ չի եղել Պաշտպանության նախարարի 0038 գաղտնի հրամանի բովանդակությանը:
 
-Անհեթեթ է այդ հայտարարությունը, որովհետև մենք լավ գիտենք, որ միակ տղամարդու կարգավիճակին հավակնող անձը այն ամենը, ինչ կատարվում էր երկրում, իր իմացությամբ էր կատարվում: Սա էր կառավարման ոճն ու բնույթը: Իսկ զինված ուժերի՝ օրը ցերեկով ներգրավումը ներքաղաքական գործընթացներին չէր կարող առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացությամբ տեղի ունենալ: Իսկ Քոչարյանի նման վարքագիծը ես գնահատում եմ պատասխանատվությունից խուսափելու փորձ:
 
-ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի մասնակցությամբ գաղտնազերծված հեռախոսազրույցի հրապարակումից հետո Քոչարյանի փաստաբաններն ավելի շատ են պնդում, որ դատական համակարգը վերահսկվում է իշխանության կողմից, դատավորներին հրանհագներ են տրվում: Ընդհանրապես այդ ձայնագրության բովանդակությունը խնդրահարույց կետեր պարունակո՞ւմ է:
 
-Նախ, մտահոգություն է առաջացնում ինքնին գաղտնալսման փաստը: Իրապես դա ազգային անվտանգության հետ կապված լուրջ հարց է: Գաղտնալսումը, որպես ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույց, նույն փաստաբանները լավ գիտեն, որ չպետք է հիմք ընդունվի: Սա ակնհայտ է, և եթե նրանք մեկ այլ գործով պաշտպանություն իրականացնեին և որպես ապացույց փորձեին օգտագործել այդկերպ ձեռք բերված գաղտնալսման ձայնագրությունը, ես վստահ եմ, որ հենց իրենք էլ բարձրաձայնելու էին, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցը չպետք է մեղադրանքի առաջադրման դեպքում որպես հիմք ընդունվի:
 
Բայց, իհարկե, ինձ ավելի շատ մտահոգում է, որ իրապես դատական իշխանությունը դեռևս անկախ չէ, դատավորները դեռևս անկախ չեն: Եվ դա այն է, ինչին նույն ՀՀԿ իշխանության ժամանակահատվածում նրանք հասել են: Հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանն է դրան հասել, նա ժամանակին, նախքան Մարտի մեկի իրադարձությունները հայտարարել էր, որ շատ-շատերը նստելու են, այսինքն՝ ըստ էության մեղադրանք էր առաջադրել: Իսկ դա նշանակում է, որ հենց ինքն էր դատական իշխանությանը թելադրողը: Մյուսը, հենց Սերժ Սարգսյանն էր, որ ԱՄՆ-ում ուղղակի հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը մեղավոր է, այն դեպքում, երբ դատաքննության գործընթաց էր ընթանում: Այսինքն՝ ինչ դատական իշխանություն ստեղծել են, իրենք այսօր գործ ունեն նույն դատական իշխանության հետ և վայելում են իրենց ստեղծածի պտուղները: Բայց դա չի կարող արդարացում հանդիսանալ, որ նոր իշխանությունները չպետք է ջանքեր գործադրեն դատական իշխանության անկախության ձևավորման ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ