«Բիզնես էթիկայի պարզ արվեստը» ներկայացնում է գործարար հարաբերությունների ողջ ներկապնակը


«Բիզնես էթիկայի պարզ արվեստը» ներկայացնում է գործարար հարաբերությունների ողջ ներկապնակը

  • 26-12-2018 12:46:20   | Հայաստան  |  Նոր գրքեր

Թամարա Ավանեսյանի «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գիրքը ներկայացվեց ընթերցողներին: Գործարար հարաբերությունների ողջ ներկապնակն իր մեջ ամփոփող գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին: Բացի բուն շնորհանդեսից, միջոցառման ընթացքում անցկացվեց նաև թրեյնինգ՝ ինչպես ճիշտ վարել գործնական հանդիպումներ և ինչպես մասնակցել աշխատանքային հարցազրույցին թեմաներով: Նշենք, որ գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
 
«Գրքի շնորհիվ բիզնես հասարակությունը կծանոթանա բիզնես էթիկայի կանոններին, կկիրառի դրանք և մեծ հաջողությունների կհասնի դրանց շնորհիվ:  Հեղինակը փաստում է՝ գիրքը գրված է պարզ լեզվով, որպեսզի հասանելի լինի ցանկացած մասնագիտության տեր անձի համար»,-շնորհանդեսի մեկնարկին նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը:
 
Գրքի հեղինակ Թամարա Ավանեսյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և հաշվապահ, ներկաներին պատմեց, որ բիզնես էթիկայի մասին գիրքը գրելու մտահաղացնումը նրա մոտ առաջացել է այն ժամանակվանից, երբ նա սկսել է հաճախել էթիկայի դպրոց:
 
«Ուսումնասիրելով ոլորտը՝ հասկացա, որ հայերենով բիզնես էթիկային առնչվող գրականոթյուն ընդհանրապես չկա, և որոշեցի գիրք հեղինակել»,-նշեց նա՝ հավելելով, որ այս ընթացքում բազում կրթական հաստատություններից հրավերներ է ստացել՝ բիզնես էթիկայի դասեր անցկացնելու առաջարկով:
 
Լինելով բիզնես ոլորտում՝ Թամարան գիրքը գրելուց առաջ նկատել էր, որ կազմակերպությունների հիմնական մասն անգամ չգիտի, թե ինչ է բիզնես էթիկան: Գրքի հեղինակն ուրախությամբ հավելեց, որ այսօր Հայաստանում որոշ կազմակերպություններ արդեն իսկ սկսել են կիրառել են բիզնես էթիկայի կանոնները: Անգամ որոշ կազմակերպությունների աշխատողների պահանջների բնութագրերում նշված է, որ բիզնես էթիկայի իմացությունը պարտադիր է, ինչը բավականին ոգևորող  է:
 
Շնորհանդեսի շրջանակում Ավանեսյանն առանձնահատուկ շեշտեց՝ հաջողությունն ունի գաղտնիք, և այդ գաղտնիքը հենց բիզնես էթիկան է, որը շատ կարևոր է: Նա անկեղծացավ, որ արդեն իսկ աշխատում է իր հաջորդ գրքի վրա: Այն նվիրված է լինելու հաջողակ կանանց: 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր