Նիկոլ Փաշինյանի մարտական լուսանկարը. ինչ է սպասվում Մոսկվայում


Նիկոլ Փաշինյանի մարտական լուսանկարը. ինչ է սպասվում Մոսկվայում

  • 27-12-2018 15:31:35   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել է Մոսկվա մեկնելու մասին նրա գրառմանը: Պուտինի հետ Փաշինյանը քննարկելու էր հայ-ռուսական հարաբերության հանգուցային հարցեր, ինչպես նախօրեին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Նաեւ հարցեր, որոնք առնչվում են եվրասիական տարածությունում գործակցությանը, ասել է թե ՀԱՊԿ-ին:
 
Մոսկվա մեկնելու մասին ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշիննյանն ուղեկցել է հետաքրքիր լուսանկարով: Այն կարծես թե արված է օդանավում: Հենց Մոսկվա մեկնելուց արվա՞ծ լուսանկար է հրապարակվածը, թե՞ ավելի վաղ այլ առիթով կատարված լուսանկար, պարզ չէ, սակայն խորհրդանշական է վարչապետի հագի բաճկոնը, որը կարծես թե զինվորական բնույթի բաճկոն է:
 
Սովորաբար այդօրինակ բաճկոնով այցելում են զորամասեր, դիրքեր, սակայն հատկանշական է, որ Մոսկվա այցի մասին ֆեյսբուքյան տեղեկությունը Նիկոլ Փաշինյանը հրապարակում է այդ լուսանկարով: Դրանով նա կամա թե ակամա խորհրդանշում է այցի որոշակի «մարտականություն», կամ ավելի շուտ գուցե «մարտական» տրամադրվածություն՝ ՌԴ նախագահի հետ քննարկումներին ընդառաջ:
 
Դրանք թերեւս դյուրին չեն լինելու, կան բազմաթիվ հարցեր, որտեղ Երեւանը լռության քաղաքականությունը, այսպես ասած լուռ հետնաբեմում պայմանավորվելու քաղաքականությունը կարծես թե փոխում է բաց հրապարակային պատասխանատվության քաղաքականությամբ, խոսելով ինքնիշխան արտաքին քաղաքականության մասին:
 
Այս իրավիճակը անշուշտ անսովոր է թե Ռուսաստանի, թե ամբողջ Եվրասիական ակումբի համար: Նիկոլ Փաշինյանը խախտել է այդ ակումբի անդորրը, ընդ որում խախտել է փաստարկներով, որոնք բխում են հենց եվրասիական ինտեգրացիայի հայտարարված կամ գրված կանոններից, ինչը փաստարկներից զրկում է ակումբի անդամներին:
 
Անգամ այն, թե Փաշինյանը Խաչատուրովի գործով սասանել է ՀԱՊԿ հեղինակությունը, փաստարկ է գուցե միայն Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների համար, կամ այդ շրջանակները ներկայացնող որոշ գործիչների: Որովհետեւ ՀԱՊԿ հեղինակությունը խախտվել է վաղուց, պարբերաբար, երբ այդ դաշինքի անդամների գերակշռող մեծամասնությունն արել է դաշինքի մեկ անդամի համար անվտանգության սպառնալիքներ առաջացնող բազմաթիվ քայլեր, ընդ որում հրապարակային:
 
Մյուս կողմից, ՀԱՊԿ «ավագանին» լավ է հասկանում, որ Փաշինյանը քաշել է ընդամենը ծածկույթը, որի տակ ՀԱՊԿ դատարկությունն է, առերեսելով նրանց այդ դատարկության հետ, մյուս կողմից առերեսելով միմյանց դեմ:
 
Այստեղ մի կողմից կա Հայաստանի վարչապետի հանդեպ դժգոհությունը, մյուս կողմից ակնառու է դժգոհությունը միմյանց նկատմամբ, եւ դա լավագույնս երեւում է Լուկաշենկո-Պուտին հարաբերության տիրույթում: Նախօրեին Լուկաշենկոն Մոսկվայում էր, որտեղ Պուտինի հետ չի հաջողվել գալ փոխըմբռնման, ինչի արդյունքում որոշվել է մինչեւ տարեվերջ հանդիպել մեկ անգամ էլ: Դա հետաքրքիր է, նկատի ունենալով այն, որ դրանից երկու օր անց էլ լինելու է հանդիպում Պուտին-Փաշինյան ֆորմատով:
 
Այն, որ Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են հանդիպել մեկ անգամ էլ, հուշում է, որ կարող են լինել որոշակի բաներ, որոնք կախված են Հայաստանից եւ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպումից: Եվ այն, որ Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են հանդիպել մեկ անգամ էլ, վկայում է, որ Պուտինը նրան չի երաշխավորել Փաշինյանի հետ հանդիպման ցանկալի արդյունք: Այլապես կարիք չէր լինի նոր հանդիպման: Դա կարող է նշանակել, որ նոր հանդիպումը, որի ժամկետը դեռ հստակ չէ, կարող է կախված լինել նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքից:
 
Սա իհարկե Հայաստանի վարչապետի մոսկովյան այցի օրակարգի մի հատվածն է, մինչդեռ կան անշուշտ նաեւ երկկողմ կարեւոր հատվածներ, գազից մինչեւ երկաթուղի եւ ՌԴ քաղաքացի Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, նախկին իշխանությանն առնչվող գործեր եւ այլն:
 
Այդ համատեքստում էլ խորհրդանշականություն է ստանում հրապարակված «մարտական տրամադրվածության» լուսանկարը, ինչը խոշոր հաշվով իհարկե վկայում է Երեւանի ոչ թե «պատերազմի», այլ խաղաղության տրամադրվածությունը: Պարզապես վաղուց ստեղծված է իրավիճակ, երբ թեկուզ հարաբերական խաղաղության պահպանման համար՝ այդ բառի թե ռազմա-քաղաքական, թե արտաքին հարաբերությունների բովանդակության տեսանկյունից, Երեւանը միշտ պետք է լինի մարտական տրամադրվածության մեջ, այսինքն «պատերազմի» պատրաստ, այդ բառի նաեւ դիվանագիտական իմաստով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն