Հայ-ռուսական հարաբերություններում ամենայն հավանականությամբ ակնկալվում են փոփոխություններ


Հայ-ռուսական հարաբերություններում ամենայն հավանականությամբ ակնկալվում են փոփոխություններ

  • 10-02-2019 20:21:22   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր կազմին սպասում են լուրջ մարտահրավերներ: Խոսքը նաև արտաքին քաղաքականության օրակարգի մասին է:
 
Խորհրդարանական կառավարման դեպքում, որին անցավ Հայաստանը, զգալիորեն բարձրացել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի դերը: Դա, մասնավորապես, նշանակում է խորհրդարանականների ներգրավման ընդլայնում արտաքին քաղաքական գործընթացներում: Այս համատեքստում, անկասկած հետաքրքրություն է առաջացնում այն հարցը, թե արտաքին քաղաքականության ինչպիսի գերակայություններ և տեսլականներ ունեն Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերը: Մասնավորապես, թե ինչպիսի վերաբերմունք ունեն նրանք Ռուսաստանի՝ Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակցի հանդեպ:
 
Ընտրողների ձայների 70 %-ով հաղթած “Իմ քայլը” իշխանական կուսակցության ներկայացուցիչներն իրենց քաղաքական հայտարարություններում ասում են, որ “չեն պատրաստվում հակադարձել արտաքին քաղաքականության մեջ”, և նրանց գերակայություններն “անփոփոխ են”: Դրանց թվում է “Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդումը”: Կշարունակվի նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Միևնույն ժամանակ, “Իմ քայլը” կզարգացնի բարեկամական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ տնտեսական, գիտակրթական և հանրային բնագավառներում:
 
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա հաղթած ուժը պետք է ձգտի հետևողականորեն իրականացնել Հայաստանի Եվրոմիության հետ կնքած “Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին” համաձայնագիրը և խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ-երկրների հետ:
 
Միևնույն ժամանակ, ուշադրություն է գրավում հետևյալ հանգամանքը: Իշխող դաշինքի 88 պատգամավորների մեծ մասը հանդիսանում են հանրային սեկտորի երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք թույլ են տիրապետում ռուսերենին և այսպես ասած, ոչ այնքան սերտ կապերի մեջ են Ռուսաստանի հետ: Դա պայմանավորված է նրանց եվրոպական և ամերիկյան կրթական հաստատություններում ուսումնառությամբ, ինչպես նաև Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններում նրանց ներգրավվածությամբ: Այդ պատճառով էլ նրանց գիտելիքները Ռուսաստանի, և մասնավորապես, նրա քաղաքականության մասին, օրինակ՝ Անդրկովկասի, այնքան էլ խորը չեն, դեռ չենք խոսում այն մասին, որ իշխանությունը ներկայացնող որոշ խորհրդարանականներ որոշակի նախապաշարմունքով են վերաբերվում Մոսկվայի արտաքին քաղաքական յուրաքանչյուր քայլին:
 
Բնական է, որ առաջիկայում “Իմ քայլ”-ի ներկայացուցիչները  կպաշտպանեն վարչապետ Ն. Փաշինյանի և իշխող կուսակցության այլ առաջնորդների դիրքորոշումներն ու քաղաքական հայտարարությունները: Սակայն, չի կարելի բացառել նաև, որ ժամանակի ընթացքում և որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է ինքաբացարկ տեղի ունենալ հենց խմբակցության ներսում, քանի որ վարչապետի կողմնակիցները համախոհների միաձույլ թիմ չեն հանդիսանում: Դա վերաբերում է նաև նրանց արտաքին քաղաքական պատկերացումներին: Ամենայն հավանականությամբ, կարելի է կանխատեսել, որ խորհրդարանականների մի մասը, որոնք այսօր կապված են արևմտյան տարբեր կենտրոնների և հիմնադրամների հետ, կսկսեն քննադատորեն հանդես գալ Ռուսաստանի և հայկական արտաքին քաղաքականության մեջ ռուսամետ ուղղվածության մասին: Դա նվազագույնը: Իսկ առավելագույնը, այն կմիավորվի խորհրդարանական մեկ այլ խմբակցության՝ “Լուսավոր Հայաստան”-ի հետ (18 մանդատ): Նախորդ գումարման Ազգայի ժողովում այն Նիկոլ Փաշինյանի թիմի գործընկերն էր “Ելք” դաշինքում: Սակայն, տարբեր պատճառների հետևանքով, այդ թվում նաև՝ արտաքին քաղաքական գերակայությունների վերաբերյալ տարաձայնությունների, այն զատվեց ապագա իշխանություններից: Իսկ վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում “Լուսավոր Հայաստանը” մասնակցեց ինքնուրույն:
 
Արտաքին քաղաքականության մեջ “Լուսավոր Հայաստան”-ի հիմնական գերակայություններն են՝ երկրի ներգրավումը Եվրոպական միության մեջ, ինչպես նաև, տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ փոխշահավետ և գործընկերային հարաբերությունների հաստատումը: Միևնույն ժամանակ, այս կուսակցությունն ուղղակիորեն հայտարարում է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել երկրի արտաքին քաղաքականությունը. “Անընդունելի է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղվածությունը դառնա միակն ու անփոխարինելին”: “Լուսավոր Հայաստան”-ի ներկայացուցիչների առաջին ելույթները նոր խորհրդարանում վկայում են, որ նրանք քննադատելու են Մոսկվայի քաղաքականությունը և հայ-ռուսական ռազմավարական դաշինքը:
 
Այս տարվա հունվարի սկզբին, այս կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Դաշինքին՝ ALDE (Եվրոպական կուսակցությունն իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների միավորում): Դատելով Դաշինքի ղեկավարության պատասխանից, այն տեղի կունենա շուտով (փետրվարին), Բեռլինում, ALDE կուսակցական խորհրդի նիստին:
 
Հայաստանի խորհրդարանում ներկայացված մեկ այլ քաղաքական ուժը “Բարգավաճ Հայաստան” կուսակցություն է, որն ունի երկրորդ խոշոր խմբակցությունը (26 մանդատ): Այն գլխավորում է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքերով. “Հայաստանը և Ռուսաստանը կապված են ոչ միայն տնտեսության և պաշտպանության առումով, այլև  գտնվում են միևնույն մշակութային և պատմական տարածքում”: Եվ ընդհանրապես, Հայաստանի եվրասիական ինտեգրումը, ինչպես նաև նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ սկզբունքային նշանակություն ունեն “Բարգավաճ Հայաստան”-ի համար: Թեև, Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակցության “ռուսամետությունը” մի շարք փորձագետներ բացատրում են կուսակցության նախագահի ԵԱՏՄ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում ունեցած բիզնես-շահերով:
 
Այսպիսով, Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ կասկածի տակ չեն դնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մյուս կողմից, այսպիսի դիրքորոշման հիմքում ընկած է առկա իրողությունների պրագմատիզմն ու ճանաչումը:
 
Միևնույն ժամանակ, վերջերս հայտնի դարձան “Ժողովրդի ձայն” հանրային ակումբի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականության դիրքորոշումն իշխանափոխությունից հետո (այսինքն, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ), ստացվել են հետևյալ պատասխանները՝ հարցվածների 17%-ը կարծում է, որ դա անհրաժեշտ է, 68%-ը պատասխանել է “ոչ, դա չի համապատասխանում իր շահերին”, 15%-ը դժվարացավ պատասխանել: Միևնույն ժամանակ, հարցվածների 16%-ը կարծում է, որ այսօր Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կարող են լինել ռուս-հայկական հարաբերությունների այլընտրանք, իսկ 65%-ը կարծում է, որ ոչ:
 
Կարելի է արձանագրել, որ այս սոցիոլոգիական հարցման արդյունքներն, ընդհանուր առմամբ, համապատասխանոմ են իրականությանը: Սակայն, եթե ոչ հեռու, հնարավոր է նաև՝ մոտ ապագայում Հայաստանում հանրային կարծիքի ճոճանակը Ռուսաստանից տեղափոխվի Արևմուտք, ապա կարող ենք կանխատեսել խորհրադարանական ուժերի հարաբերությունների համապատասխան փոփոխություններ երկրի արտաքին քաղաքական գերակայությունների  նկատմամբ: Ամեն դեպքում, ժամանակները, երբ Հայաստանի ինչպես բնակչությունն, այնպես էլ քաղաքական էլիտան կասկածի տակ չէին դնում դեռևս խորհրդային ժամանակներից եկած “Հավետ Ռուսաստանի հետ” կարգախոսը, կարծես թե անցնում են:
 
 
 
Հեղինակ՝ 
“Ռուսաստանի ջավախքյան սփյուռք”
Հասարակական կազմակերպության վերլուծական խումբ
 
 
___
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն