Ամերիկյան սպառնալիք, թե՞ ազդակ. Ի՞նչ պետք է անի Հայաստանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ամերիկյան սպառնալիք, թե՞ ազդակ. Ի՞նչ պետք է անի Հայաստանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-02-2019 13:18:55   | Հայաստան  |  Քաղաքական



 
Արդեն 5 օր է, ինչ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող 83 անձից բաղկացած հայ մասնագետների խումբը խաղաղապահ առաքելությամբ գտնվում է Սիրիայում։ 
 
Նրանք Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում արդեն սկսել են ծավալել  հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: 
 
Միևնույն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի՝ կրկին օրենքի տառին համապատասխան:
 
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում առաջին իսկ օրվանից տեղադրված հայտարարության մեջ պարզ ասվում է՝ «Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»:
 
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես Հայաստանի այդ քայլը կընդունի Արեւմուտքը, Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտեց հետեւյալը. 
 
«Տեւական ժամանակ է՝ առնվազն մի քանի ամիս է, մենք համապատասխան խորհրդակցություններ ենք անցկացրել մեր Արեւմտյան գործընկերների հետ, եւ այս նախաձեռնությունը՝ փետրվարի 8-ի հայտարարությունը, նրանց համար անակնկալ չէր։ Մենք ակնկալում ենք ըմբռնումով մոտեցումը եւ մեր շփումներում համապատասխան պաշտոնյաների հետ մեր արտասահմանյան, այդ թվում արեւմտյան գործընկերների, պաշտոնյաների հետ, մենք նրանց ուղղակի տեքստով հայտնել ենք, որ ակնկալում ենք նաեւ նրանց օժանդակությունը»։ 
 
Սակայն այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը չի պաշտպանում ոչ միայն Սիրիայի զինված ուժերի հետ հայկական ներգրավվածությունը թե խաղաղապահ,  թե ռազմական ուղղվածությամբ, այլև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը նշյալ առաքելության շրջանակներում:
 
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,- ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխան-հայտարարության մեջ։
 
ԱՄՆ պետքարտուղարության նման արձագանքը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ կանխատեսելի էր. 
Ըստ Սարգսյանի՝ այս պայմաններում Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի Վաշինգտոնի հետ՝ ցույց տալով, որ իր ներգրավվածությունը բացառապես խաղաղապահ բնույթ է կրում:  
  
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեկ նախադասությամբ է գնահատել ԱՄՆ պետքարտուղարության հայտնած դիրքորոշումը։ Քաղաքագետի բնորոշմամբ՝ «ԱՄՆ հասկացրել է, որ կարմիր գծին մոտ ենք»։ 
 
Սասնա Ծռեր կուսակցությունն իր հերթին ահազանգել է, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
 
«Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են: Կոչ ենք անում ՀՀ և արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսևորել միասնական կեցվածք և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները»:
 
Մինչդեռ՝ անդրադառնալով այս հարցին Ազգային Ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծել է, որ  Հայաստանը Սիրիայում ռազմական գործողությունների մասնկացելու պլաններ չունի:
 
Իսկ թե ինչպես այս հումանիտար գործողությունները կանդրադառնան Սիրիայի հայ համայնքի վրա՝ մնում է անհայտ՝ ոմանք գտնում են, որ դրական, իսկ ոմանք էլ իրավիճակը գնահատում են որպես շատ վտանգահարույց։  Հետևենք զարգացումներին
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական