Ցավոք սրտի մենք ուշանում ենք ոչ միայն ներկայացումներից, այլև կյանքից. Ռուբեն Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ցավոք սրտի մենք ուշանում ենք ոչ միայն ներկայացումներից, այլև կյանքից. Ռուբեն Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-03-2019 17:45:23   | Հայաստան  |  Մշակույթ



 
Ցավոք սրտի մենք ուշանում ենք ոչ միայն ներկայացումներից, այլև կյանքից: 
 
Այս մասին մարտի 27-ին Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: 
 
Ըստ նրա՝ Թատրոնի օրվա խորհուրդն է, որպեսզի ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդում և ըմբռնում լինի, գեղագիտության հարստացում ու փոխանակում: 
 
Ռ. Բաբայանի խոսքերով, որքան շատ թատրոնները փորձեն պահպանել այս սկզբունքը, այնքան ավելի հետաքրքիր կլինեն հանրության համար: 
 
«Երբեք չեմ ընկալում և չեմ ընկալել թատրոնը հասարակությունից անջատ որպես թանգարանային մի նմուշ, հակառակը՝ թատրոնը միշտ ապրում է այսօրվա օրով, այսօրվա հանդիսատեսով, միգուցե մեր հանդիսատեսն այդքան էլ շատ չէ, նկատի ունեմ մեծահասակների ներկայացումները,  որովհետև երեխաները լավ են հաճախում, բայց կարծում եմ, որ նույնիսկ նրանք, ովքեր գալիս են դիտելու մեր թատրոնի ներկայացումները, ևս իրավունք ունեն իրենց ճաշակին համապատասխան ներկայացումներ տեսնել»,- նշեց Ռ. Բաբայանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ մոտ 30 տարի է, ինչ թատերական աշխարհում բարեփոխումներ չեն կատարվում: 
 
Ռ. Բաբայանի բնորոշմամբ՝ կյանքը շարժվում է առաջ, իսկ թատրոնները մնացել են նախորդ դարի լավագույն դեպքում 80-ական թվականներում, ինչն իր հետ բերում է մի շարք խնդիրներ: 
 
«Պետությունը պետք է ստեղծի մեխանիզմներ, որպեսզի այս ոլորտները կարողանան իր կամքից անկախ զարգանալ: Պետության մասնակցությունը բնորոշվում է մի նախադասությամբ՝ մասնակցություն առանց կառավարման, երբ պետությունը համարում է, որ պետք է օժանդակի այս ձևով, բայց չկառավարի: Հենց սկսում է կառավարել, համը դուրս է գալիս, միանգամից գալիս է արվեստագետների մեծ բանակ, որոնք մատուցողի պես ասում են՝ «ինչ կկամենաք անենք, բերենք դնենք սեղանին, միայն թե հավանեք մեզ»,- նկատեց արվեստի վաստակավոր գործիչը՝ հավելելով, որ այն օրենսդրական դաշտը, որի մեջ այսօր հայտնվել է թատրոնը, կապում է իրենց ձեռքերը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարայն, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play