Կոմիտաս 150 միջոցառումներ ԱՄՆ Արևմտյան թեմում


Կոմիտաս 150 միջոցառումներ ԱՄՆ Արևմտյան թեմում

  • 08-04-2019 09:48:56   | ԱՄՆ  |  Մշակույթ

Ապրիլի 6-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց եկեղեցում տեղի ունեցավ Կոմիտասի 150 ամյակին նվիրված մեծ հանդիսություն՝ հովանավորությամբ թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի։ «Վերագտնենք մեր արժեքները» ծրագրի շրջանակներում անցկացվող հագեցած միջոցառումների շարքը սկսվեց առավոտյան, շաբաթօրյա հայկական դպրոցների սաների կոմիտասյան երգեցողութեամբ։ «Կոմիտասն այս պահին երկնքից պիտի նայի և զմայլվի մեր նոր սերնդի ընդունակությունը տեսնելով», իր խոսքում ասաց ողջ օրվա հանդիսավար Տ. Վազգեն Քահանա Մովսիսյանը։
 
 
Այնուհետեև ասպարեզը տրամադրվեց Կոմիտասին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։ Հովնան Սրբազանը, Տ. Վազգեն Քահ. Բոյաջյանը, Տ. Զաքարիա քահ. Սարիբեկյանը, Հայկ Մադոյանը ներկայացրին հաապատասխանաբար «Կոմիտասյան Ս. Պատարագը», «Կոմիտասը իբրև հոգևորական», «Կոմիտասը՝ հայ ինքնության բացահայտող», «Կոմիտասի բնութագիրը ըստ իր նամակների» զեկուցումները։ Աշխույժ քննարկումների մթնոլորտում անցած գիտաժողովի վերջում դաշակահար պրոֆ. Վաչե Մանկերյանը մեկնաբանեց Կոմիտասի ժողովրդական երգարվեստի որոշ կողմեր, ապա առաջին անգամ ունկնդրին ներկայացրեց «Հով արեք» երգը դաշնամուրային իր մշակումով։ «Այս մեղեդիները լսելով տեղափոխվում ես մեր երկիրը։ Կոմիտասի երգերը պետք է կատարել ոչ թե դրամատիկ, այլ պարզ կերպով», համոզմունք հայտնեց Վ. Մանկերյանը։
 
Գիտաժողովի մասնակիցները հյուրասիրություններով հագեցած ու բազմաբովանդակ ծրագրի ընթացքում առիթ ունեցան մասնակցելու խմբային երգեցողության, այցելեցին և ծանոթացան Արևմտյան թեմի թանգարանային ցուցանմուշներին։
 
Երեկոն եզրափակվեց Ս. Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում հրավիրված մեծ համերգով, որի ունկնդիրներն էին հարյուրավոր հայորդիներ ու հյուրեր։ «Տեսլապաշտ ու երաժշտագետ մեր հոգևորականի՝ Կոմիտաս Վարդապետի հանճարի գաղտնիքներից մեկն այն է, որ նա կարողացավ իր երաժշտությամբ և մասնավորապես Ս. Պատարագով հավատացյալին բարձրացնել առ Աստված», իր խոսքում նշեց թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսը։ Ներկաները տաճարի ակուստիկ խորհրդի մեջ ունկնդրեցին Ս. Ղևոնդյանց եկեղեցու «Շնորհալի» երգչախմբի (ղեկ.՝ Ալենուշ Եղիազար), լարային քառյակի կոմիտասյան կատարումներ, Վաչե Մանկերյան դաշնամուրային մշակումներից։
 
Լոս Անջելեսի հայկական շրջանակները ողջ օրվա ընթացքում Կոմիտասյան արվեստի մթնոլորտում գտնվելու հիանալի հնարավորություն ունեցան, շնորհիվ Արևմտյան թեմի առաջնորդարանի աշխատակազմի պատրաստած՝ հագեցած ու սահուն ծրագրի։ Եվ ահա Կոմիտասի հանճարի ևս մեկ առանձնահատկություն. նրա շնորհիվ, նրա հովանու ներքո աշխարհի ցանկացած ծագերում միավորվում են հայերի տարբեր շերտերը, զգում իրական արժեքի ներգործությունը, և ինչու չէ՝ առավել կապվում հայաշխարհին։
 
Նորայր Պողոսյան, Բանասիր. թեկնածու, դոցենտ
 Լոս Անջելես
Նոյյան տապան  -   Մշակույթ