Նոր մանրամասներ «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով. «Մամուլի տեսություն»


Նոր մանրամասներ «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով. «Մամուլի տեսություն»

  • 05-04-2019 21:42:45   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Արտառոց դեպք՝ Էջմիածնում. Ինչպես է որոշել նշել իր ծննդյան տարեդարձը Դոն Պիպոն. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ չափազանց արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Տեղի քրեական հեղինակություններից մեկը՝ Արթուր Ասատրյանը, հայտնի «Դոն Պիպո» մականվամբ, նշել է իր ծննդյան տարեդարձը: Բայց որպեսզի այն ավելի ճոխ անցնի, հրահանգել է հավաքել քաղաքի դպրոցականներին, որպեսզի նրանք խմբով շնորհավորեն իրեն:
Ահա այսպիսի արժեքներ են դասավանդում մեր նորօրյա դպրոցականներին, որոնց համար ընդօրինակման արժանի անձը քրեական հեղինակությունն է»:
 
ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալը դատի է տվել Արտակ Զեյնալյանին. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը և աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառայության ղեկավարի տեղակալ:
Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան ազատել էին աշխատանքից: Եվ հիմա Աֆրիկյանը դատարանից պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանները՝ վերականգնելով ԱՆ ՔԿ պետի առաջին տեղակալի պաշտոնում»:
 
Բյուջեից կատարվող ծախսերը՝ պետական գաղտնի՞ք. «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. « ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում:
Գործող օրենքով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային, սննդի, անվտանգության ապահովման համար պետական բյուջեից կատարվող ծախսերը համարվում են պետական գաղտնիք և ենթակա չեն հրապարակման:
«Լուսավոր Հայաստանը» համարում է, որ այդ դրույթը պետք է հանել օրենքից, քանի որ դա հակասում է պետության և իշխանության հաշվետվողականության սկզբունքին, և դրանից բացի՝ այդ ծախսերը պետական գաղտնիք համարելու որևէ տրամաբանություն չկա»:
 
Չեխիայում կայացել է «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով նիստը. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Իրավապահ համակարգը վստահ է, որ Չեխիայի դատարանը բավարարելու է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին»:
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն